HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին ռազմագերիների եւ անհայտ կորածների ընտանիքների անդամներն անցել են հոգեբանական թերապիայի կուրս

Ղարաբաղում գործող «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն օրերս տարածել է իր 2008 թվականի գործունեության մասին տեղեկատվությունը, ըստ որի, կենտրոնը այս տարվա փետրվար ամսում կլոր սեղան է կազմակերպել` «Նախկին ռազմագերիների, գերիների ու նրանց ընտանիքների անդամների խնդիրների սոցիալական տեսանկյունները» թեմայով, որում մասնակցություն են ունեցել Ղարաբաղի ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ նախկին ռազմագերիներ: Մայիսին կազմակերպվել է երկրորդ կլոր սեղանը, իսկ երրորդը` նոյեմբերին, որոնք հիմնականում վերաբերում էին նախկին ռազմագերիների խնդիրներին: Կենտրոնի նախաձեռնությամբ նախկին բանտարկյալների 4 երեխաների համար համակարգչային դասընթացներ են կազմակերպվել, որի արդյունքում նրանք ստացել են համապատասխան սերտիֆիկատներ: 3-ամսյա համակարգչային դասընթացներ են անցկացվել նաեւ նախկին ռազմագերիների երեխաների համար: «Դեկտեմբերի կեսերին կենտրոնը ավարտել է նախկին ռազմագերիների եւ անհայտ կորածների ընտանիքների անդամների հոգեբանական թերապիայի կուրսը: 2009-ին Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնը կշարունակի աշխատել նախկին ռազմագերիների, գերիների, ինչպես նաեւ նախկին բանտարկյալների եւ վերոնշյալ խավերի ընտանիքների անդամների, կրոնական փոքրամասնությունների հետ»,-ասվում է տեղեկատվության մեջ: Հիշեցնենք, որ կենտրոնը Ղարաբաղում գործում է 2002թ. հոկտեմբերից: Կազմակերպության գործունեությունն ուղղված է հիմնականում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, քաղաքացիական ակտիվության բարձրացմանը, նախկին ռազմագերիների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, նրանց սոցիալական եւ հոգեբանական վերականգնմանը, հասարակությանն ինտեգրմանը, կրոնական եւ այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը եւ այլն: Կենտրոնը հաշվետվություններ է պատրաստում, որոնք ներկայացվում են ԼՂՀ նախագահին եւ համապատասխան պետական մարմիններին, մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Եվրոպայի Խորհրդին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԿԽՄԿ-ին, Հենրիխ Բյոլի հիմնադրամին եւ այլն: 2003-ից կենտրոնը, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ, անց է կացրել պարբերական մոնիտորինգներ` Ղարաբաղի քրեակատարողական հիմնարկներում` ուշադրություն դարձնելով սանիտարահիգիենիկ, բժշկական սպասարկման, բարոյահոգեբանական վիճակի եւ այլ հարցերի վրա: Սակայն, 2007թվականի հունիսին Ոստիկանության ծառայության ղեկավարությունը մերժել է կենտրոնին շարունակել մոնիտորինգը: Մերժման կոնկրետ պատճառը, կենտրոնի տնօրեն Ալբերտ Ոսկանյանի խոսքերով, չեն պարզաբանել: Պատասխան չի եղել նաեւ նախկին նախագահին ուղղված այդ հարցի վերաբերյալ նամակին: 2008թ. նույն հարցով գրավոր դիմել են նաեւ գործող նախագահին եւ Ոստիկանության պետին, սակայն նամակներն անպատասխան են մնացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter