Հաստատվել է մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը
ԼՂՀ կառավարությունն այսօր հաստատեց պետական եւ ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա եւ հեռակա ուսուցմամբ 2009-2010թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:
Արցախի պետհամալսարանի առկա ուսուցման համար հաստատվել են 26 մասնագիտություններ, իսկ հեռակա ուսուցման համար` 13: ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի առկա եւ հեռակա ուսուցման համար սահմանվել է 13 մասնագիտություն: Ոչ պետական հավատարմագրված բուհերից Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում ընդունելություն կկատարվի 9 մասնագիտությունների, «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում` 11, իսկ «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտում` 1 մասնագիտության գծով:
Ի դեպ, բացի վերոնշյալ բուհերից, Ղարաբաղում գործում են նաեւ մի քանի ոչ պետական բուհեր, որոնց ընդունելության մասին կառավարության նիստում չխոսվեց: Այդ բուհերին այս ուսումնական տարվա սկզբին թույլ չեն տվել ընդունելություն կատարել` ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման հանձնաժողովի կողմից հունիսի 5-6-ը ստուգումներ իրականացնելուց հետո: Դրանք չորսն էին` Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ակադեմիայի Երեւանի մասնաճյուղի Ստեփանակերտի ներկայացուցչություն, Երեւանի «Մենեջմենթ» համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ, Երեւանի «Երեւան» համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ եւ «Գրիգոր Լուսավորիչ» համալսարան: Վերջինս մի որոշ ժամանակ անց իր կամքով դադարեցրել է գործունեությունը, իսկ մյուսները շարունակում են գործել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել