Զարուհի Փոստանջյան. «Պետք է ազատվել անօրինական վճիռներ կայացրած դատավորներից»
Այս մասին ԱԺ պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը ասաց Ուրբաթ ակումբում:
Նա գտնում է, որ եթե իշխանությունները ուզում են դիրքորոշում որդեգրել դատաիրավական դաշտը բարելավելու համար, պետք է գործից ազատեն այն դատավորներին, ովքեր պատշաճ կարգով չեն իրականացնում իրենց պարտականությունները: Սակայն Զ. Փոստանջյանը հակառակը մատնանշող օրինակներ ունի. «Աթանյան Լեռնիկը, ով ասել է, թե՝ այո, մարդու եղունգները քաշել են, բայց դա արվել է ճշմարտությունը պարզելու համար, դեռ գործում է որպես դատավոր: Սա նշանակում է, որ իշխանությունը պատշաճ կարգով չի իրականցնում իր պարտականությունները» կամ «Մհեր Աղրահամանյանը, ով ասում էր . «Ես Պինոչետն եմ», ցմահ ազատազրկման դատավճիռ էր կայացրել, որը բեկանվեց, իսկ նա գործում է որպես դատավոր»:
Զ. Փոստանջյանը գտնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշում կայացված գործերի առիթով, պետք է գնահատական տրվի տվյալ դատավորներին. «Արդյոք նրանք իրավունք ունեն արդարադատություն իրականացնել»:
Մյուս բանախոսն էլ` Փաստաբանների պալատի գործադիր տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը, գտնում է, որ պետք է լինի ընթացակարգ. «Դատավորին պետք է գործից ազատեն դատավորները»: Ն. Բաղդասարյանն օրենքի թերություն է համարում այն, որ ՀՀ նախագահը կարող է գործից ազատել դատավորին. «Դա նորմալ չէ եւ խախտում է Եվրոպական կոնվենցիան»: Գործադիր տնօրենը բարդ է համարում նախագահի գործը. «Հայաստանում մարդ չկա դատավորի պաշտոնին նշանակելու համար»: Իսկ Զ. Փոստանջյանը ցավում է, որ այդպես փորձում են հիմնավորել դաշտում տիրող իրավիճակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել