HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

343-րդ հոդվածը խոչընդոտում է փաստաբանների աշխատանքին

Փաստաբանների պալատի գործադիր տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը եւ ԱԺ պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը այսօր Ուրբաթ ակումբում ամփոփեցին փաստաբանների առջեւ ծառացած խնդիրները: Բանախոսները փաստում են, որ փաստաբաններն առնչվում են խոչընդոտների, որոնք սահմանափակում են իրենց իրավունքները որպես պաշտպան. «Փաստաբանները լիարժեք չեն կարողանում իրականացնել իրենց մասնագիտական պարտականությունները, քանի որ ՀՀ պետական պաշտոնյաները խոչընդոտներ են հարուցում նրանց աշխատանքներն իրականացնելու ժամանակ»,-ասում է Զ. Փոստանջյանը եւ ավելացնում, որ օրինակ մարտի 1-ի գործով պաշտպանների գործունեությանը խոչընդոտել են. «Որպես ականատես եմ ասում, Ոստիկանության կենտրոն բաժնի առջեւ փաստաբանները ժամերով կանգնում էին, իսկ ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի ցուցումով նրանց թույլ չէին տալիս մուտք գործել բաժին, որտեղ պաշտպանյալներն էին»: «Մարտի 1-ի գործ»-ով փաստերը, ըստ Զ. Փոստանջյանի ակնհայտ են, սակայն նա նշում է, որ կան բազմաթիվ այլ գործեր, երբ մեղադրյալները ծեծի են ենթարկվում, իսկ պաշտպանները ժամանակին չեն կարողանում ներգրավվել: Փաստաբանների համար խոչընդոտներից մեկն էլ ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածն է` «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք». «Այս հոդվածով այս պահին ունենք մեղադրյալ` փաստաբան Մուշեղ Շուշանյանն է, ով պաշտպանում էր մարտի 1-ին ձերբակալված Վարդգես Գասպարիին, ում ապօրինի բերման էին ենթարկել 316 հոդվածով»: Դատավոր Եվա Դարբինյանի միջնորդությամբ հարուցված է գործ նաեւ Արթուր Գրիգորյանի, Արայիկ Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի նկատմամբ. «Իբր նրանք էլ են վիրավորել դատավորներին, սակայն երբ դատավորները զգում են, որ իրենց պատվիրատուների շահերը չեն կարողանալու սպասարկել, սկում են հետապնդումներ փաստաբանների նկատմամաբ: Իսկ դատավորների նկատմամբ համապատասխան մարդիկ կոմպրոմատներ ունեն` անօրինական վճիռներ»: 2007թ մայիսի 30-ին կարճվեց նույն հոդվածով գործը Զարուհի Փոստանջյանի, Ստեփան Ոսկանյանի եւ Աշոտ Աթոյանի նկատմամաբ դատավոր Մհեր Աղրահամյանի կողմից. «Սա արդեն տարածված պրակտիկա է դարձել»,-գտնում է Զարուհի Փոստանջյանը, սակայն նա վստահ է, որ փաստաբանները չեն հրաժարվելու իրենց վստահորդների շահերը ներկայացնելուց. «Դատավորների այս գործելաոճը դատապարտված է»: Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասում է, թե նման օրենք գոյություն ունի շատ երկրներում, սակայն երբ Հայաստանում գործը կարճվում է նշանակում է, որ ասվածը վիրավորանք չէ. «Օրենքը սխալ է կառուցված, ասվում է, թե անհարգելից վերաբերմունքի համար կարող են պատասխանատվության ենթարկվել վկան, տուժողը եւ պաշտպանը, այսինքն եթե դատախազը դուրս գա դատարանի դահլիճից, դա հանցակարգ չի պարունակում»: Ն. Բաղդասարյանը ասում է, որ եթե կոռումպացված է դատական իշխանությունը, դատախազությունը, ապա չի կարելի ակնկալել փաստաբանության պատշաճ մակարդակ: Գործադիր տնօրենը գտնում է, որ ՀՀ դատաիրավական համակարգի մոդելը լավագույնն է, քանի որ գործում է կիսանախադեպային իրավունքը, սակայն խնդիր կա. «Դատավորների պատասխանատվության հարց չկա, մենք առաջարկում ենք փաստաբաններին նյութեր ներկայացնել` կոնկրետ խախտումներ կոնկրետ դատավորների կողմից, սակայն նրանք մեզ չեն աջակցում»: Զ. Փոստանջյանն էլ ընդդիմանում է, թե օրինակ իր գործով Փաստաբանների պալատը համապատասխան միջնորդություն ուղարկեց, բայց տեր չկանգնեց միջնորդությանը: Հետքի հարցին, թե ԱԺ-ն ինչ քայլեր է ձեռնարկում փաստաբանների շահերn օրենքով պաշտպանելու համար, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «ՀՀ Գլխավոր դատախազը խուժան միջնորդագիր ներկայացրեց, որով կարելի է անձեռմխելիությունից զրկել պատգամավորի, որի հիման վրա իրենց գործընկերներին հանձնեցին, եթե մեր ԱԺ-ն նման վերաբերմունք ունի իր գործընկերների նկատմամբ, ինչ սպասել փաստաբանների ոլորտում»: Իսկ Ն. Բաղդասարյանն էլ գտնում է, որ առանց հասկանալու պատգամավորները չպետք է կոճակ սեղմեն, այդ դեպքում ամեն ինչ կկարգավորվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter