HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողները` Ձմեռ պապիկներ

Կապանում տեղակայված զորամասի 3 զինծառայողներ, հրամանատարության թույլտվությամբ, են հանդես են եկել "Բարի ձմեռ պապ" հասարակական նախաձեռնությամբ: Ի սկզբանե ենթադրվում էր Ձմեռ Պապի ու Ձյունանուշի այցելություններ սոցիալապես անապահով ու ծնողազուրկ երեխաներին: Բայց միտքը, ըստ տղաների, խանդավառությամբ ընդունվեց բոլորի կողմից, ու նրանք որոշեցին ընդլայնել շրջանակներն ու առաջինը "Բարի ձմեռ պապ" նախաձեռնությւոնը կիրառել Սիսիանում: Դեկտեմբերի 25-ից 60 Ձմեռ պապ ու Ձյունանուշ այցելելու են սիսիանցի փոքրիկներին: ՉԷ որ հեռավոր ու ցուրտ Լապլանդիայից եկող Ձմեռ պապիկները կհարմարվեն Սիսիանի կլիմային: Քանի որ Լապլանդիայում ապրող ձմեռ պապիկներն էլ ունեն համակարգիչներ, նախաձեռնողները ինտերնետային կայք են բացել եւ նամակներ են ուղարկում հասցեատերերին: Յուրաքանչյուր նամակ հասնում է Ձմեռ Պապիկներին ու Ձյունանուշներին: Իհարկե, միջազգային ֆինանսական ճգնաժամը իր դրոշմն է թողել նվիրատուների վրա. "Դիմում ենք մարդկանց, ասում են` եթե ճգնաժամը չլիներ, ավելի շատ փող կտայինք, յոլա գնացեք այսքանով",-պատմում է նախաձեռնողներից Մոմիկ Վարդանյանը: Մեզ հետ զրույցում տղաները նշեցին, որ հիմնականում պայքար են մղելու վճարովի Ձմեռ պապիկների ու Ձյունանուշիկների դեմ: "Բոլորս տեսնում ենք, որ Ձեմռ պապին այցելում է մեծահարուստների ու ունևորների տները, իսկ չունևորի երեխան միշտ երազում էր այդ մասին: Հիմա բոլորի տները կմտնեն առանց փող, ու այդ անհարթությունը կվերանա",- նշում է զինծառայող Արշակ Արշակունին: Ձմեռ պապիկից սպասելիքները շատ-շատ են: Նախաձեռնության հեղինակներին փոքրիկների փոխարեն հաճախ գրել են նրանց մայրիկները, որովհետև շատերը դեռ մանկապարտեզ են գնում ու տառերը չգիտեն: Համակարգչից մինչեւ գիշերազգեստ, բջջային հեռախոսից մինչև փափուկ խաղալիքներ, դահուկներից մինչև քաղցրավենիքներ: Քնարիկ Ստեփանյանն էլ առաջին անգամ չէ, որ նամակ է ուղարկում Ձմեռ պապիին: "Միշտ էլ կատարել ես իմ մանկական ցանկությունները: Այս անգամ ես քեզնից խաղալիք կամ նվեր չեմ ուզում: Ցանկանում եմ միայն մեկ րոպեով մտնես մեր բնակարան: Եվ դա կլինի ամենալավ նվերը ցուլի տարում",- գրել է Քնարիկը: Եկող տարի "Բարի ձմեռ պապ" նախաձեռնությունը ընդլայնելու է աշխարհագրությունն ու ընդգրկելու է ողջ հանրապետությունը: Արդյոք զորացրվելուց հետո չի ավարտվի նաեւ այս նախաձեռնությւոնը, քանի որ ամեն մեկը վերադառնալու է իր ծննդավայրը. Մոմիկը` Սիսիան, Արշակը` Վայք, Մակարը` Երևան: "Զորացրվելուց հետո ավելի ազատ ենք լինելու և ասեմ, որ մենք հիմա զորամասում ենք, տվել ենք միտքը, հասարակական կազմակերպությունները աջակցում են: Հենց զորացրվեցինք, ՀԿ կբացենք, ու աշխատանքը կստացվի",- ասում է Մակար Եղիազարյանը: "Ձմեռ պապի, բոլոր երեխաները քեզ շատ են սիրում, հարգում, դու մեզ բերում ես երջանկություն: Քեզ խնդրում եմ, որ մեր դպրոցը վերանորոգվի, եւ աշխարհի բոլոր մանուկները ունենան երջանկություն: Շատ եմ խնդրում կատարիր ցանկությունս",- Ձմեռ պապից խնդրել է Անահիտ Առուստամյանը: Իսկ Ձմեռ պապիկները հավատացնում են բոլորին, որ անկատար երազանքներ չեն մնալու: "Այսօր չկոտրենք երեխաների սրտերը եւ անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ բոլորի համար",- սա է "Բարի ձմեռ պապ" նախաձեռնության կարգախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter