Շարունակվում են հալածանքները «Միասնական Ջավախք» դաշինքի անդամների նկատմամբ
«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը այսօր տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«Վրաստանի իշխանությունները շարունակում են քաղաքական հալածանքը «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի անդամների` Վահագն Չախալյանի, Գուրգեն Շիրինյանի և նրանց ազգականների նկատմամբ դատական գործընթացը, ինչը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնության ներքո:
Ջավախքում ազգային-քաղաքական գործիչներին մեկուսացնելը, բանտարկելը, բռնությունների ենթարկելը վրաց իշխանավորների ծրագրած և իրականացվող հակահայ քաղաքականության գործելաոճն է:
Վրաստանի իշխանությունները Ջավախքի հայությանը առանց պատերազմ հայտարարելու պատերազմում են նրա դեմ, հայության հետ վարվում են որպես թշնամի երկրի բնակիչների, իսկ նրա լավագույն զավակներին գերևարելով, հարազատներին պատանդ պահելով, դատում են:
Միայն անմիտները չեն հասկանա, որ սա արդեն իսկ պատերազմ է, իսկ պատերազմում թշնամուն որևէ պարագայում չեն ներում կամ համաներում։
Այս չհայտարարված պատերազմում ջավախքաբնակ հայությունը պատերազմում է մի քանի ճակատներով.
1. Ջավախքում ոչ սկզբունքային, սեփական հարստացման մասին մտածող, վարկաբեկված և ժողովրդից մերժված անձանց` հարմարվողների, ենթարկվողների դեմ, որոնք պատրաստ են հլու-հնազադ կատարել վրացական իշխանությունների ամեն մի հրաման,
2. Վրաստանի իշխանությունների դեմ, որոնք պետական բոլոր կառույցներով փորձում են հայաթափել Ջավախքը,
3. Թուրքիայի դեմ, որը փորձում է իրականացնել իր պանթուրքիստական դարավոր երազանքը` ցամաքային ճանապարհով կապվել Ադրբեջանի հետ: Թուրքիան ունեցել է ծրագիր Արցախը հայաթափելուց հետո, կտրելով Սյունիքը Հայաստանի հանրապետությունից, միանալ Ադրբեջանին: Սակայն դա նրան չհաջողվեց Հայ մարտիկի անձնազոհության և վճռականության շնորհիվ: Այժմ Թուրքիան այդ կապը փորձում է իրականացնել Հայաստանի հանրապետության հյուսիսով, Վրաստանի իշխանությունների ձեռքով` Ջավախքում,
4. Հայաստանի ներկայիս վարչակարգի դեմ, որոնք իրենց անօրեն իշխանությունը պահելու, Արևմուտքի հետ կապերը ամրապնդելու և Սահակաշվիլուն դուր գալու նպատակով ամբողջ Ջավախքը հանձնել են Թիֆլիսին:
Այս պատերազմում ջավախքահայությունը միայնակ չէ: Նրա հետ է համայն հայությունը: Եվ որպեսզի հաղթանակը լինի նվազագույն կորուստներով, անհրաժեշտ է, որ Հայաստանի հանրապետությունում իրականացվի իշխանափոխություն, որպեսզի Ջավախքում ապրող մեր հայրենակիցներին, նրանց բոլոր իրավունքներին սատար լինի նաև Հայաստանի Հանրապետությունը իր պետական բոլոր կառույցներով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել