HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԼԱՆ եւ Գյումրիի քաղաքապետարանը` կրկին դատարանում

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Շիրակ Հակոբյանի նախագահությամբ վերսկսվեց Գյումրու քաղաքապետարանի և ԳԱԼԱ հեռուստաընկերության միջև հեռուստաաշտարակի համար ծագած վիճաբանության քննությունը: եցնենք, որ մեկ տարի առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը ամբողջապես եթեր հեռարձակելուց ու իշխանությունների` ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ տարբեր ճնշումներ գործադրելուց հետո, Գյումրիի քաղաքապետարանը հապշտապ սեփականաշնորհեց տիրազուրկ հեռուստաաշտարակը` ԳԱԼԱ-ից պահանջելով անհապաղ հեռացնել իր սարքավորումները: Քաղաքապետարանը նույնիսկ հրաժարվեց այն հեռուստաընկերությանը վարձով տրամադրել, ինչը ԳԱԼԱ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը դիտեց որպես ԶԼՄ-ի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի իրականացում: Հեռուստաընկերությունից հեռուստաաշտարակը վերցնելու նպատակով Գյումրիի քաղաքապետարանը դիմեց դատարան, որը բավարարեց քաղաքապետարանի պահանջը: Դատական բոլոր ատյաններով անցնելուց հետո այս տարվա հոկտեմբերի 31-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը, բավարարելով հեռուստաընկերության բողոքը, գործը հետ ուղարկեց քննության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այսօր ԳԱԼԱ հեռուստաընկերության շահերի պաշտպան Կարեն Թումանյանը մեզ հետ զրույցում ասաց. "Պարզ է, որ այսօր իրավիճակ է փոխվել, իրավական տեսակետից Վճռաբեկ դատարանը իր իրավական դիրքորոշումը հայտնել է: Այն միջնորդություննները, որոնք ես ներկայացրել եմ շինարարական-տեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին, Վճռաբեկ դատարանը գտել է, որ պետք է բավարարվի, և որ կողմերը գտնվել են անհավասար վիճակում, տվյալ դեպքում` հավասարության սկզբունքը մեր նկատմամբ նվազ է եղել: Եվ այսպես մի խնդիր է լուծվելու` արդյոք նշանակվելու է փորձաքննություն, թե `ոչ: Իհարկե, նշանակվելու է, կարող է տպավորություն ստեղծվել, թե ես դատարանի նկատմամբ ճնշում եմ գործադրում իմ կարծիքն արտահայտելով, բայց դա Վճռաբեկ դատարանի կարծիքն է, և Վճռաբեկն ասում է, որ պետք են այդ փորձաքնությունները: Փորձաքննությունը հարցերի է պատասխանում` մասնագիտական տեսակետից արդյոք տեխնիկական սարքավորումները, որոնք տեղադրված են հեռուստաաշտարակի վրա, այլ վայր տեղափոխվելու դեպքում դրանք նույն որակով և նույն ծավալով կապահովեն ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղորդումների ծածկույթը, թե` ոչ: Եթե ոչ, այստեղ առաջ է գալիս հարկադիր սերվիտուտ, որը, իմ կարծիքով, պետք է անվճար լինի: Լավագույն տարբերակը կողմերի հաշտեցումն է, և եթե բարձրագույն դատարանը իր կարծիքը հայտնել է, չեմ կարծում, որ նույն սցենարը կրկնվի: Այսինքն` այս պահին մենք շահեկան վիճակում ենք": Պարզաբանելով Հարկադիր սերվիտուտի մասին Քաղաքացիական օրենսգրքի դրույթները, ԳԱԼԱ-ի փաստաբանն ասում է. "Եթե դա անհրաժեշտ է հանրության համար, հանրային նշանակություն ունի, ուրեմն սերվիտուտը պետք է լինի անվճար, նախորդ դատերին քաղաքապետարանի ներկայացուցիչն ասում էր, որ քաղաքապետարանը բիզնես է իրականացնում: Դա նույնն է, եթե, օրինակ, քաղաքապետարանը վարձավճար պահանջի էներգիա կամ գազ մատակարարող ընկերություններից` ասելով, որ նրանց կողմից օգտագործվող խողովակները, հենասյուները համայնքային նշանակություն ունեցող հողերի վրա են գտնվում: Պարզ է, որ այդ մասնավոր ընկերությունները որևէ սերվիտուտ չեն վճարում: Դրանք հանրության համար մեծ նշանակություն ունեն, ինֆորմացիան նույնպես հանրության համար մեծ նշանակություն ունի, ի վերջո, սոցիալական իրավունք և քաղաքական իրավունք, տվյալ դեպքում խոսքի ազատությունը քաղաքական իրավունք է, և իրավունքի տեսակետից երաշխիք գոյություն չունի` որ իրավունքն է բարձր, որը` նվազ: Այս իրավիճակում դա նույնպես հանրային նշանակություն ունի": Տեղեկացնենք, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, բացի հեռուստաաշտարակի խնդրից, Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել նաև ՀՀ Հարկային պետական ծառայության դեմ, որը հեռուստաընկերության աշխատակիցների բնութագրմամբ` իրենց գլխին գործ էր սարքել, ստուգումները դեռ չսկսած` 26միլիոն 899 հազար 955 դրամի պարտք էր "նկարել", որն էլ հետագայում հեռուստամարաթոնի միջոցով վճարեցին գյումրեցիները: ԳԱԼԱ-ի շահերի պաշտպանից հետաքրքրվեցինք, թե որ փուլում է այս գործը: "Ասեմ, որ Հարկայինի հետ վեճի արդյունքում Վճռաբեկը որոշում կայացրեց վճռաբեկ բողոքը հետ վերադարձնելու մասին, և սա մեր օրենսդրության բաց մասն է, որը մեր հանրությանը կամ դատարանին առնչվող մարդկանց գցում է պրոբլեմի մեջ: Տեսեք` Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքը` նշելով "մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները": Թերության վերացումը ուղղված է պետական տուրքի պակաս մուծելուն, ընդ որում, իմ կարծիքով` պակաս չենք մուծել, որովհետև մենք վիճարկել ենք ակտ, իսկ ակտի վիճարկման համար տուրքերի մասին օրենքը հստակ նշում է, թե որքան պետք է վճարենք: Վճռաբեկ դատարանը, չգիտես ինչու, մտածել է, որ մենք վիճարկում ենք գումարը, այն քսանհինգ միլիոնը ձեզ հայտնի ու այդ գումարին համապատասխան երկու տոկոս մեզանից պետական տուրք պահանջեց: Հասկանում եմ ինչի համար, որպեսզի մենք գումարը չմուծենք, և պետությունը ասի` մենք ամեն ինչ արել ենք; Բայց այս իրավիճակում մենք մուծեցինք էդ երկու հազար հինգ հարյուր դոլարը և ուղարկեցինք դատարան, բայց դատարանը նույն արագությամբ հետ վերադարձրեց` նշելով, որ մեր բողոքը չի կարող նախադեպային նշանակության ունենալ կամ, օրինակ, ծանր հետևանքներ: Բայց հետաքրքիրն այն է, որ որոշումն է ուղարկել, բայց որոշման տակ գտնվող փաստաթղթերը, այդ թվում պետական տուրքի, ես համենայնդեպս չունեմ: Վճռաբեկ բողոքը ստորագրող Սեդա Սաֆարյանը նույնպես չունի, ԳԱԼԱ-ն ևս չունի, բայց նրանք հայտնել են, որ ուղարկել են, չգիտեմ` ում են ուղարկել այդ տեղեկությունը: Մենք պատրաստվում ենք Եվրոպական դատարան դիմել, հատկապես 10-րդ և միևնույն ժամանակ 6-րդ հոդվածների խախտման հետ կապված: Ի սկզբանէ առաջին ատյանի դատարանի թույլ տված դատավարական խախտումները արդեն, իմ կարծիքով, հիմնավորված են, քանի որ հեռուստաընկերության դեմ ցուցմունքներ կամ բացատրություններ տված անձինք առերես չեն հարցաքննվել, այսինքն` մեզ հնարավորություն չտվեցին հարցեր տալ այն անձանց, ովքեր ցուցմունքներ են տվել, որ ԳԱԼԱ-ին գումարներ են վճարել գովազդների համար: Դատարանից միայն հայտնի դարձավ փաստաթղթային առումով, իսկ թե էդ մարդիկ իրականում գոյություն ունեն, թե ոչ, ես խիստ կասկածում եմ, դա արդեն իսկ 6-րդ հոդվածի խախտում է. "Յյուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցեր տալ այն անձին, ով իրեն մեղադրող որոշակի տեղեկություններ է հայտնել իրավապահ մարմիններին",- ասաց Կարեն Թումանյանը: Դատարանից ունեցած ակնկալիքների մասին Կարեն Թումանյանն ասում է, որ իրենք կարողացել են դատական պրոցեսները բերել ժողովրդավարական դաշտ: "Տվյալ պահին դատարանը կաշկանդված է Վճռաբեկ դատարանի որոշումից, դա բնական է և ճիշտ, իրավական պետության և դատական համակարգի տեսակետից դատարանը պետք է կաշկանդվի, կախվածություն ունենա հանրության կարծիքից և վերադաս դատական ակտից: Թեև կաշկանդված բառը մի քիչ կոպիտ է հնչում:Անցած դատական նիստերին դատարանը, օգտվելով իր դատավարական լիազորություններից, փորձում էր արագ անջատել ԳԱԼԱ հեռուստաընկերության մալուխը, ընդամենը դա էր անում, արդարադատություն չկար",- ասաց Կարեն Թումանյանը: ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում կատակեց. "Դատարանից լավ բաներ եենք սպասում, սպասում ենք, որ հեռուստաաշտարակը մնա մեզ, լավ-լավ բաներ հեռարձակենք, արդարադատություն ոչ այնքան դատարանից եմ ակնկալում, որքան այն մարդկանցից, ովքեր հրահանգում են դատարաններին: Թե չէ` ես դատարաններից առանձնապես ակնկալիք չունեմ, մարդկանց յոթ տարի ժամկետ են տալիս հեչ բանի համար": Ի դեպ, այսօրվա դատական նիստին քաղաքապետարանի իրավաբանը չէր ներկայացել, որի պատճառով էլ դատը հետաձգեցին մինչև 2009-ի հունվարի 14-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter