ԱԺ-ում քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի ընդունումից` 2004 թվականից հետո օրենքի կիրառման վերաբերյալ տեղեկություններ. մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 12-ը միջգերատեսչական հանձնաժողովը 72 նիստ է գումարել եւ քննել 4045 գործ: Օրենքով նախատեսված դրույքաչափերին համապատասխան` զորակոչից խուսափած քաղաքացիներից գանձվել է 2 մլրդ, 703 մլն 156 հազ. դրամ: Ա. Նազարյանը տեղեկացրեց, որ օրենքի ընդունումից հետո նրա կիրառման ժամկետի երկարացումն ու համաներումը որոշակի արդյունքներ են տվել եւ հնարավոր համարեց ժամկետի նոր երկարացումը, ինչը հնարավորություն կտա օրենքը խախտած ՀՀ քաղաքացիներին վերադառնալ հայրենիք եւ զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում:
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Սարգիս Մնացականյանը քննարկվող հիմնախնդրի կարգավորման առումով կարեւորեց իրավասու գերատեսչությունների համատեղ աշխատանքը` տեղեկացնելով, որ գլխավոր դատախազությունը թեեւ ամենօրյա աշխատանքային կապի մեջ է զինկոմիսարիատների հետ, այնուամենայնիվ դեռեւս մեծ է հաշվառումից խուսափողների թիվը: Հաճախ լրացուցիչ ստուգման արդյունքում պարզվում է, որ առողջական առումով ոչ պիտանի համարվող քաղաքացիները ենթակա են զորակոչի:
Անդրադառնալով զորակոչից խուսափած քաղաքացիների` ՀՀ զինված ուժերում ինքնակամ ծառայելու դեպքերին` Ս. Մնացականյանը տեղեկացրեց, որ վերջին զորակոչի ընթացքում 119 զորակոչիկ նման ցանկություն է հայտնել, իսկ ընդհանուր առմամբ կամավորների թիվը տարեկան հասնում է 250-ի. նման դեպքերում ընտրված խափանման միջոցը փոխվում է: Նա առաջարկեց օրենքում փոփոխություն կատարելիս ուշադրություն դարձնել այն դեպքերին, երբ հարուցված քրեական գործի վաղեմության 10-ամյա ժամկետը լրացել է, եւ քաղաքացին սահմանված գումարը վճարելուց խուսափում է:
Փորձագետ Տիգրան Երանոսյանը, որը քննարկվող օրենքի վերլուծաբան հեղինակն էր, ներկաների ուշադրությունը հրավիրեց օրենքում առկա ՙհաշտեցման իրավական մեխանիզմներին, ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտավորության բնույթին, առողջական, գիտամանկավարժական գործոններին, ընտանեկան դրությանը, օրենքի կիրառման ընթացքում հանդիպող ընթացակարգային խոչընդոտներին, օրենքի կիրառման թափանցիկությանը եւ վերահսկողության ապահովմանը: Նրա գնահատմամբ` մեծ է օրենքի կարեւորությունը, ուստի օրենքի կիրարկման ժամկետների երկարաձգումը նույնպես կարեւորվում է:
Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը նշեց, որ փախստականը իրավունք ունի ծառայել զինված ուժերում, բայց պարտավոր չէ. այստեղ գործում է կամավորության սկզբունքը, այնինչ կան դեպքեր, երբ այս նորմը խախտվում է, ինչն անթույլատրելի է:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատակից Կարել Հոֆստրան կարեւորեց օրենքի կիրառման վերաբերյալ նման քննարկումները, ինչը թափանցիկություն է ապահովում եւ իրազեկման լավագույն ձեւերից մեկն է: Ինչ վերաբերում է օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, դա երկրի իշխանությունների խնդիրն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել