Կերկարաձգվի զինվորական ծառայությունից խուսափողների մասին օրենքի կիրառման ժամկետը
Դեկտեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի կիրարկումը եւ արդյունավետությունը» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը նշեց, որ խորհրդարանական այս լսումների հիմք են դարձել հանձնաժողովին, ՀՀ պաշտպանության նախարարությանն ու գլխավոր դատախազությանը հասցեագրված բազմաթիվ նամակները, որոնք առաջարկում են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի կիրարկման ժամկետը երկարացնել, ինչպես նաեւ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից օրենքի վերլուծությունն ու կիրառման արդյունավետության վերաբերյալ կարծիքները:
Ա. Աղաբեկյանը տեղեկացրեց, որ օրենքի կարգավորման առարկան ընդգրկում է 1992 թ. աշնանային զորակոչից մինչեւ 2007 թ. հոկտեմբերի 31-ը չզորակոչված, զորակոչից խուսափած 27, իսկ պահեստազորի սպաների դեպքում 35 տարին լրացած կամ մինչեւ նշված տարիքը լրանալը ՙ«Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները:
Նա նկատեց, որ զորակոչից խուսափելու դրդապատճառները տարբեր են, որոնք լուրջ քննարկման ու գնահատականի կարիք ունեն: Մասնավորապես` ինչպես վարվել այն քաղաքացիների հետ, որոնք կցագրում չեն անցել, ստացել են այլ երկրի քաղաքացիություն, բայց ուզում են վերադառնալ ու ծառայել ՀՀ զինված ուժերում: Օրենքի կիրառման ժամկետի երկարացումը, ըստ Աղաբեկյանի, կարող է նպաստել արտերկրում գտնվող ՀՀ այն քաղաքացիների վերադարձին, որոնք տարբեր պատճառներով չեն զորակոչվել կամ խուսափել են զինվորական ծառայությունից եւ ուզում են իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ:
Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանն առաջարկեց, որ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, ինքը կառաջարկի նաեւ բարձրացնել զինվորական ծառայությունից խուսափողների պատժի համար նախատեսված գումարի դրույքաչափերը` հավելելով, որ դա իր անձնական տեսակետն է: Նա կարեւորեց խորհրդարանական լսումները թափանցիկության, իրազեկման ու արդյունավետության տեսանկյունից եւ խնդրեց օրենքում փոփոխություն կատարելու եւ նրա արդյունավետ կիրառման վերաբերյալ առաջարկները ներկայացնել գրավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել