Ռուբեն Սաֆրաստյան.«Թուրքիայի ակտիվացումը պայմանավորված է Ռուսաստանի ակտիվացմամբ»:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր Ուրբաթ ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Հետքի այն հարցին, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում Թուրքիայի կողմից առաջ քաշված Կովկասյան պլատֆորմի գաղափարը, ասաց, որ այդ նախաձեռնությունը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրադրության կոնտեքստում: Ըստ թուրքագետի` քաղաքական դաշտում հանդես գալով նոր նախաձեռնությամբ`Թուրքիան փորձեց հակազդել վրաց-օսեթական հակամարտության արդյունքում Ռուսաստանի ձեռք բերած աշխարհաքաղաքական հաղթանակին: Ըստ նրա` հենց այս նախաձեռնությամբ հանդես գալու ժամանակ Թուրքիայի համար առաջին անգամ Հայաստանը դիվանագիտական առումով արժեք ստացավ, քանի որ Թուրքիային պետք էր , որ Հարավային Կովկասի երկրների կողմից այն ընդունվի, իսկ Վրաստանը Ռուսաստանի առկայության պատճառով զերծ մնաց նախաձեռնությունը հրապարակայնորեն օժանդակելուց: Ռ. Սաֆրաստյանի մեկնաբանությամբ սա փորձ էր`պահպանելու Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում, սակայն նա չի կածում, որ Թուրքիան հավատում է պլատֆորմի հեռանկարայնությանը:
Ռ. Սաֆրաստյանն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ «Հարավային Կովկասը մշտական կռվախնձոր է Թուրքիայի և Ռուսաստանի միջև և ամեն մեկը Հարավային Կովկասի ապագան տեսնում է որպես իր ազդեցության ոլորտ»: Հենց այդ պատճառով էլ, ըստ նրա, ռուս-թուրքական քաղաքական մերձեցում հնարավոր չէ, այլ միայն տնտեսական մերձեցում կա երկու երկրների միջև:
Ըստ Ռ. Սաֆրաստյանի, այս պարագայում Ռուսաստանի դրական արձագանքը նախագծին պայմանավորված էր նրանով, որ «այն տեղ չէր թողնում ԱՄՆ-ին»: Նա հիշեցնում է, որ նախաձեռնության սկզբնական տարբերակում նախատեսվում էր նաև ԱՄՆ-ի ներգրավածություն, սակայն Ռուսաստանում տեղի ունեցած բանակացությունների ընթացում թուրքերը, հավանաբար Ռուսաստանի դրդմամբ, դուրս մղեցին Ամերիկային:
Ռուբեն Սաֆրաստյանը նաև Ռուսաստանի ակտիվացմամբ է նաև պայմանվորում Թուրքիայի ակտիվացումը Ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցային գործընթացում, քանի որ նա փորձում է սահմանափակել Ռուսաստանի դիվանագիտական ակտիվությունը. «Փաստորեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դառնում է քաղաքական դիվանագիտական պայքարի թատերաբեմ»,- արձանագրում է թուրքագետը:
Սակայն Ռ.Սաֆրաստյանի համոզմամբ Թուրքիան չի հավատում, որ Հայաստանը կհամաձայնի իր` միջնորդի կարգավիճակին բանակցային գործընթացում. «Ես կարծում եմ, որ սա Թուրքիայի դինավագիտական հերթական հնարքներից մեկն է»,- եզրափակեց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել