Հայաստանը Եվրոպայից բացի այլ ճանապարհ չունի
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր Հայելի ակումբում ստիպված էր անդրադառնալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ մեկնաբանելով ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագիծը, որով առաջարկվում է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում քննարկել Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից զրկելու հարվը, Գալուստ Սահակյանը "Ազատություն" ռադիոկայանին ասել էր, թե Եվրոպայից բացի կան այլ դաշտեր, որտեղ Հայաստանը կարող է մուտք գործել, եւ որպես օրինակ նշել է մուսուլմանական աշխարհը:
Է. Շարմազանովը առաջարկեց մեկնաբանությունների համար դիմել Գ. Սահակյանին, սակայն որպես ՀՀԿ մամուլի խոսնակ ընդգծեց, որ Հայաստանը որդեգրել է եվրոպական արժեքներին եւ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ճանապարհը. "Իսկ ինչ վերաբերում է մահմեդական երկրների հետ հարաբերություններին, Հայաստանը իրականացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, ունենք փայլուն հարաբերություններ, բայց մենք, ինչպես ասել է նախագահը, եվրոպական երկիր ենք":
Գ. Սահակյանը, փաստորեն, կուսակցության գաղափարախոսությանն է հակադրվել, ուստի լրագրողներին հետաքրքրում էր`կուսակցության անդամները պատրաստվում են, արդյոք, լսել նրան եւ հասկանալ, թե ինչու է պատգամավորը Հայաստանի ապագան կապում մահմեդական երկրների հետ. "Մի մտահոգվեք մեր կուսակցության ներսի կարծիքներով, քանի որ կուսակցությունը նրա համար է, որ նրա ներսում լինեն տարբեր կարծիքներ",- պատասխանեց Շարմազանովը եւ նշեց, որ Գ. Սահակյանը ներկայացրել է իր անձնական, այլ ոչ թե կուսակցության կարծիքը: "Կուսակցության տեսակետը ներկայացնում է կուսակցության նախագահը եւ մամուլի խոսնակը":
ՀՀԿ մամուլի խոսնակը եվրոպական ուղին ընտրած Հայաստանի համար երկրորդ ճանապարհ չի տեսնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել