Ֆիզիոթերապիայի և առողջարանային բուժման գիտահետազոտական ինստիտուտը աշխատում է պլանավորված ռեժիմով
Այսօր առավոտյան Օրբելու փողոցում գտնվող Ֆիզիոթերապիայի և առողջարանային բուժման գիտահետազոտական ինստիտուտը չէր ընդունում իր հաճախորդներին: Մուտքի մոտ հավաքված հիվանդները պատմեցին, որ առավոտյան եկել են հերթական ֆիզիոթերապիայի, մերսման կամ շարունակելու հերթական բուժման կուրսը, պահակը ոչ մեկին չի թողել բարձրանալ վերև` առանց որևէ մեկնաբանության: Միայն ասել է, որ դա հիվանդանոցի տնօրենի կարգադրությունն է:
«Ես երիտասարդ եմ, հիվանդ էլ չեմ ծանր, պարզապես գալիս եմ մերսման մեջքիս համար, իսկ այստեղ մարդիկ կան, որ հենակներով են եկել, կամ ծեր մարդիկ են, բոլորին հետ ուղարկեցին»,- պատմեց Ստեփան Շահինյանը, ով նույնպես առավոտվանից սպասում էր:
Ֆիզիոթերապիայի և առողջարանային բուժման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը Հետքին պարզաբանեց, որ հիվանդանոցի տարին պաշտոնապես փակված է ամսի 20-ի դրությամբ: Նոր հիվանդներ այլևս չեն ընդունում, քանի որ իրենց մոտ ամեն ինչ նախօրոք պլանավորվում է, իսկ եթե կան մի քանի հոգի, որոնք այդ պլանից դուրս են մնացել, իրենց էլ թույլ են տվել շարունակել բուժումը: «Ցավոք սրտի, մեր հասարակությունը միատարր չէ, և ես, որպես տնօրեն, պարտավոր եմ պատասխանատվություն կրել և զգույշ լինել: Պարզապես այսօր մենք արգելել ենք պատահական մարդկանց ներս մտնել, ցուցակներ ենք կազմել, թե ով ում մոտ է գալիս, որ սենյակ են մտնում, որ ժամից` որ ժամը»: Տնօրենի խոսքերով` իրենք դա արել են, որպեսզի իմանան նաւե, թե որ սենյակները ջեռուցեն, և որոնք` ոչ:
Իսկ Ստեփան Շահինյանը պատմեց, որ այդ ցուցակագրումը սկսել են արդեն այն ժամանակ, երբ իրեն չեն թողել մտնել հերթական մերսմանը, ինքն էլ խոստացել է լրագրողներին տեղյակ պահել: Միայն դրանից հետո ինստիտուտի ավագ բուժքույր Նելլի Ալեքսանյանը սկսել է ցուցակագրել նրանց, ովքեր դեռ չեն ավարտել իրենց բուժման կուրսը:
Նելլի Ալեքսանյաը Հետքին ցույց տվեց ցուցակը, որում դեռևս 8 անձինք էին գրանցված, և նշեց, որ հիմա ինքը մոտենում է բոլոր հիվանդանոց մտնողներին, և եթե այդ մարդիկ բուժումը չեն ավարտել, ցուցակագրում է: Իսկ նոր հիվանդներ չեն ընդունում:
Ինստիտուտի տնօրենից հետաքրքրվեցինք` եթե ամեն ինչ իրենց մոտ պլանավորված է նախօրոք, ինչու այսօրվա ցուցակագրումը նույնպես չէր ավարտվել մինչ դեկտեմբերի 20-ը, որպեսզի նման իրավիճակներ չառաջանային, Բենիկ Հարությունյանը պատասխանեց. «Մեր բոլոր հաճախորդները գիտեին դա, բայց կան հաճախորդներ, որ իրենց բժիշկների հետ լավ չեն պայմանավորվել, կամ` բժիշկները իրենց հաճախորդների հետ լավ չեն պայմանավորվել, ես ասել էի, որ բոլոր պրոցեդուրաները մինչև ամսի 20-ը վերջացնեն»:
Քրիստինե Աղալարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել