Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ուսանողներին
Արցախի պետական համալսարանում այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկաներին ծանոթացրեց ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին, որից հետո պատասխանեց նաեւ ուսանողների հարցերին:
Նախարարը խոսելով վերջին զարգացումների մասին, կարեւորել է այն հանգամանքը, որ, շեշտը դրվում է հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա: Ըստ նրա, «մի բան պետք է հստակ լինի բոլորի համար, որ առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցությանը բանակցություններին որեւէ համաձայնության անհնար կլինի հասնել, որեւէ մի փաստաթուղթ դժվար կլինի կազմել եւ համաձայնություն ստորագրել»:
Անդրադառնալով բանակցությունների մանրամասների հրապարակայնության թեմային, նա շեշտել է.«Եթե մենք` Հայաստանը եւ Ղարաբաղը, գանք որեւէ մի հարցի լուծման, վստահ եմ, որ պայմանավորվածությունները կներկայացվեն ժողովրդին, որպեսզի համապատասխան ընբռնում լինի ժողովրդի կողմից եւ նաեւ աջակցություն: Առանց այդ աջակցության որեւէ մեկը չի գնա որեւէ փաստաթղթի ստորագրման»:
Պատասխանելով ուսանողի` փոխզիջումների մասին հարցին Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ ցանկացած կոնֆլիկտ կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: «Հայկական կողմի գլխավոր հարցը Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման ու նաեւ Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցն է, որը ենթադրում է անխափան ցամաքային կապ Հայաստանի հետ, միջազգային երաշխիքներ: Հայաստանը նաեւ պետք է լինի անվտանգության երաշխավորներից մեկը եւ այլն: Սա է հիմքը, եւ եթե դրանք մենք կարողանանք ապահովել բանակցությունների ժամանակ, մնացած հարցերը կքննարկենք»: Նա նաեւ ավելացրեց, որ այն կարծիքը, որ հարցը կլուծվի միայն հայկական կողմի զիջումների հաշվին` իրականությանը չի համապատասխանում:
Ուսանողներից մեկը նախքան հարցին անցնելը նշեց իր դիրքորոշման մասին, ասելով, որ «ազատագրված տարածքները սակարկության առարկա չեն, եւ դրանք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ»: Նա նաեւ անընդունելի համարեց մադրիդյան սկզբունքները: Ի պատասխան ՀՀ արտգործնախարարը նշեց, որ բանակցությունների մանրամասները եւ մադրիդյան փաստաթուղթը հրապարակված չեն, ուստի ոչ ոք չի կարող առանց որեւէ բան իմանալու դրանք մեկնաբանել կամ ինչ-որ հայտարարություններ անել:
Պատասխանելով, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի որոշման մասին հարցին, նախարարը խոստովանել է, որ առաջարկն իրոք ոչ բարենպաստ է, սակայն նա ավելացրել է, որ հանձնաժողովի 80-ից ավելի անդամներից կողմ են քվեարկել 10 պատվիրակներ, իսկ շատերը նաեւ հարցականի տակ էին դնում որոշումը: «Մենք, իհարկե, հարգում ենք մեր պարտավորությունները եվրոպական բոլոր կառույցների հանդեպ եւ ոչ միայն եվրոպական, այլ այն կառույցների, որոնց անդամն է Հայաստանը»,-նշել է պարոն Նալբանդյանը, ըստ որի, նա բազմիցս հանդիպել է եվրոպական կառույցների բարձրաստիճան պատասխանատուների հետ, որոնք նշում են, որ Հայաստանը այս վերջին ամիսների ընթացքում 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման մասով բավականին ճանապարհ է անցել: «Դա չի նշանակում, որ ամեն ինչ իրականացված է, բայց մեծ աշխատանք է կատարված այդ ուղղությամբ: Եվ գլխավորն այն է, որ Հայաստանը մտադիր է շարունակել այդ բարեփոխումները, որոնք առաջին հերթին մեր ժողովրդի գիտակցված մոտեցումն է, դրանք մեզ պետք են, մեր ժողովրդի շահերից են բխում: Առաջին հերթին դրա համար ենք անում այդ բարեփոխումները»,-հավելել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել