HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Չորրորդ դասարանի կրթությունը հերիքել էր հայհոյանքներ տալու համար, բայց այդպես էլ մինչեւ վերջ չէր ըմբռնել, որ առաջադրված մեղադրանքն իրեն է վերաբերում (վիդեո)

Որ կենցաղային հողի վրա սկսված վեճերի մեծ մասը լուծում է ստանում դատարանի դահլիճում, դատավոր Հարություն Մովսեսյանի համար նորություն չէր, բայց որ մեղադրյալ կողմը համառորեն հրաժարվեր վերջին շրջանում շատերի համար «երկնային մանանա» հիշեցնող համաներումի կիրառումից ու «դատ ու դատաստան» պահանջեր, անակնկալի էր բերել դատաիրավական համակարգի փորձառու ներկայացուցչին: Հասմիկ Մոսկովյան-Վարդ Եդիգարյան հակամարտությանը լավատեղյակ են ոչ միայն թաղեցիները` Գյումրու Շերամի փողոցի բնակիչները, այլեւ ոստիկանության աշխատակիցները: Կռվախնձոր դարձած տան համար ամեն մի հասարակ բանից անպատվության ու հայհոյանքի վերածվող վեճերն այս անգամ երկու տեգրակնոջ հասցրել էին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան:

Գյումրու Շերամ փողոցի 3-րդ շարքի 4-րդ տան բնակչուհի Հասմիկ Մոսկովյանը 12.11.2010 թ. ոստիկանության Գյումրու բաժանմունքում հայտարարություն էր տվել այն մասին, որ 24.10.2010 թ. ժամը 22-ի սահմաններում ամուսնու եղբոր աղջիկը` Մանուշակ Եդիգարյանը, նրա ամուսինը` Լեւուշ Զատիկյանը, մոտ 10-15 րոպե իր հասցեին կատարել են խուլիգանական հայհոյանքներ, սպառնացել սպանել, եթե տանից չհեռանա:

Ընդամենը 4-րդ դասարանի կրթությամբ, մեկ զավակի մայր, 24-ամյա Մանուշակ Եդիգարյանը դատական նիստին ներկայացել էր մոր եւ ամուսնու ուղեկցությամբ: Հուլիսի 8-ի դատական նիստը բացելուց եւ կողմերին իրենց իրավունքները ծանուցելուց հետո դատավոր Հարություն Մովսեսյանը դիմեց ամբաստանյալին. «Քանի որ դուք փաստաբան չունեք, իմ պարտքն է ձեզ տեղյակ պահելու, որ ձեր կատարած արարքից հետո ԱԺ-ն համաներում է հայտարարել, որը տարածվում է նաեւ ձեր արարքի վրա: Քանի որ դուք հրաժարվում եք պաշտպանի ծառայություններից, ես պարտավոր եմ տեղյակ պահելու այս մասին,- բացատրեց դատավորը,- եթե դուք դիմում ներկայացնեք, մենք այն կկիրառենք եւ գործը կկարճենք»:

Լավ չհասկանալով, թե ինչ է նշանակում «համաներում» եւ «գործը կարճել» արտահայտությունները՝ Մանուշակ Եդիգարյանն առանց երկար բարակ մտածելու պահանջեց, որպեսզի դատավարությունն ընթանա իր հունով, որպեսզի անպայման դատական պրոցեսին ներկա լինի տուժողի քույրը, եւ որ նրանք պարտադիր պատժվեն: Նիստը նախագահող դատավորը ստիպված էր 15 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի ամբաստանյալ կողմը կարողանա խորհրդակցել ամուսնու հետ եւ հստակ կողմնորոշում ունենա մինչեւ հայտարարություն անելը:

«Աղջկաս տարիքին ես, բա մեղք չես, որ դատվածություն լինի կենսագրությանդ մեջ: Ախր քեզ ենք դատում էհ~, ոչ թե Հասմիկ Մոսկովյանին»,-նկատեց դատավորը ընդմիջում գնալուց առաջ:

«Ես օր մեղավոր չեմ, ես ինչի՞ դիմում գրեմ, թող ինքը գրե,- մատնացույց անելով տուժող Հասմիկ Մոսկովյանին` բորբոքված պատասխանեց ամբաստանյալը,- թող դատն էղնի, սաղն էլ իմանան, օր մենք մեղավոր չենք»: Մանուշակի մայրը` Վարդ Եդիգարյանն էլ հայտարարեց, որ ինքը թղթերը վերցնելու է ուրիշ դատարան տանի. «բան չկա, թող հըլը տեսնինք ըստեղ ինչղ կեղնի, ես թղթերն ուրիշ տեղ կտանիմ, խոմ մենակ էս մե դատարանով չէ»:

Ընդմիջումից վերադառնալով եւ կրկին նույն հարցը ուղղելով ամբաստանյալին` դատավորը ստացավ դատավարությունն իր հունով տանելու ամբաստանյալի հստակ որոշումը: Վերջինիս չորրորդ դասարանի կրթությունը հերիքել էր հայհոյանքներ տալու համար, բայց այդպես էլ մինչեւ վերջ չէր կարողանում ըմբռնել, որ առաջադրված մեղադրանքն իրեն է վերաբերում: Քանի որ դատակոչված միակ վկան`80-ամյա Արփենիկ Պետրոսյանը, չէր ներկայացել հիվանդության պատճառով, ամբաստանյալն էր պնդում էր ապահովել վկայի ներկայությունը դատարանի դահլիճում, նիստն ընդմիջվեց մինչեւ հուլիսի 14-ը:

Հաջորդ դատական նիստն սկսվեց ամբաստանյալի հարցաքննությամբ: Մանուշակ Եդիգարյանը պատմեց, որ ամուսնու, մեկամյա որդու, մոր եւ 12-ամյա եղբոր հետ ապրում են Շերամի փողոցի 4 տանը: Նույն այդ տանն է բնակվում նաեւ հորեղբոր կինը` տուժող Հասմիկ Մոսկովյանը: Հորեղբոր կինն այնտեղ ապրում է մենակ, քանի որ հորեղբայրը` Աշոտ Եդիգարյանը, դատապարտված է, գտնվում է կալանավայրում: Տունը կիսված է երկու մասի փայտե բարակ միջնորմով, մուտքերն առանձին են եւ իրենք հիմնականում չեն շփվում, սակայն մշտական վեճերի մեջ են տան պատկանելիության հարցով:

«Էդ օրը՝ 2010 թ.-ի հոկտեմբերի 24-ին, էրեխուս ծնունդն էր, բայց մենք ծնունդ չենք էրել, ընդամենը բարձր ձենով շնորհավորել ենք, Հասմիկն էլ պատն էն կողմ իմացավ, գիտեր թե ծնունդ կենեինք, պատը զարկեց, թե «հըլը ըսոնց նայեք, մարդուս նստցրին, բանմ էլ կուրխնան, տեսեք ես ձեր քթեն ինչխ կբերեմ,- ամբաստանյալն աշխատում էր ամենայն մանրամասնությամբ ներկայացնել այդ օրվա դեպքերը,- ինքը ըսավ, թե ձեր գլխին գործ կջարդեմ, ու բեյնից գալածն ըսավ մեզի: Մենք ձեն չհանինք, ըսինք լավ, ջղայնացած է, կանցնի: Հետո ժամըմ անցավ, ես գնացի հայաթից պարանի վրայից շորերը հավաքելու, ինքը լուսամուտից տեսավ, ելավ դուրս ու ամենավերջի բառերով ընձի վիրավորեց, բայց ես էլի ձեն չհանեցի, մենակ ըսել եմ, թե ընձի հանգիստ թող»:

Ամբաստանյալը ժխտեց, թե եղբայրը քար է շպրտել տուժողի ուղղությամբ: Իր ամուսինը եւս որեւէ սպառնալիք չի տվել, ընդհակառակը տուժողի քույրը եկել, իր տան մեջ իրեն ահաբեկել է: Ամբաստանյալը պնդեց, որ տուժողի գործողություններում դիտավորություն կա, եւ նպատակն էլ այն է, որ իրենք հեռանան կռվախնձոր դարձած տնից: Տուժող Հասմիկ Մոսկովյանն էլ իր հերթին ներկայացրեց նույն պատմությունն արդեն իր տեսանկյունից: Ըստ ամբաստանյալի՝ 2010 թ.-ի հոկտեմբերի 24-ի երեկոյան ինքը բարձր խոսակցության ձայներ է լսել տան մյուս հատվածից, որտեղ բնակվում է Մանուշակ Եդիգարյանն ընտանիքով:

Տանից դուրս է եկել եւ ցանկացել է գնալ Արփենիկ Պետրոսյանի տուն: Դրսում տեսել է, որ Մանուշակ Եդիգարյանը եւ իր ամուսինը՝ Լեւուշ Զատիկյանը, կանգնած են: Վերջիններս, իրեն տեսնելով, հարձակվել են վրան՝ ասելով, որ ինքն այդտեղ չպետք է բնակվի, պետք է հեռանա, եւ սկսել են երկուսով սեռական բնույթի հայհոյանքներ տալ իր հասցեին, քաշքշել շորերից: Ինքը, ոչինչ չասելով, դուրս է պրծել նրանց ձեռքից եւ շտապել հարեւանուհու` Արփենիկ Պետրոսյանի տուն: Ա. Պետրոսյանը իրեն տուն թողնելուց հետո հետեւից եկած Մանուշին եւ Լեւուշին ներս չի թողել: Նրանք էլ մոտ 15 րոպե կանգնած են մնացել Արփենիկ Պետրոսյանի դռան մոտ, որի ընթացքում Մանուշակը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել՝ իրեն անվանելով «բոզ ու պոռնիկ», իսկ Լեւուշը միայն ասել է, թե «արի դուրս խոսենք»:

Տուժողի ցուցմունքի ընթացքում դահլիճում գտնվող ամբաստանյալի մայրը` Վարդ Եդիգարյանը, փորձում էր միջամտել «սուտ կխոսա, ընկեր դատավոր» արտահայտություններով, որին ի պատասխան՝ համբերությունից դուրս եկած տուժողը նկատեց, թե «դու սիրողիդ տունն էիր, դու ըդտեղ չես եղել, ինչ գիտես, օր սուտ կխոսամ»:

Վկա Արփենիկ Պետրոսյանի ցուցմունքով՝ երեկոյան, երբ ինքը պատրաստվել է քնելու, դրսից վիճաբանության ձայներ է լսել: Դուռը բացել եւ տեսել է հարեւան Հասմիկ Մոսկովյանին, ով ցանկացել է իր տուն մտնել: Ինքը նրան ներս է թողել, իսկ նրա հետեւից եկող Մանուշակին, ով եւս իր հարեւանն է, եւ նրա ամուսնուն ներս չի թողել: Մանուշակը շուրջ 10 րոպե հայհոյանքներ է տվել Հասմիկի հասցեին: Այդ ժամանակ եկել է Մանուշակ Եդիգարյանի մայրը՝ Վարդ Եդիգարյանը, եւ հարցրել, թե ինչու եք գնացել այդ մարդու դռան առաջ վիճաբանում: Մ. Եդիգարյանը եւ Լ. Զատիկյանը, լսելով Վ. Եդիգարյանին, հեռացել են իր տան մոտից: Դրանից հետո Հասմիկ Մոսկովյանն իրեն պատմել է, որ Մանուշակը եւ Լեւոնը հարձակվել են իր վրա եւ պահանջել հեռանալ՝ ասելով, որ այդ տանը բնակվելու իրավունք չունի:

Հուլիսի 29-ի դատական նիստում դատարանը վճռեց Մանուշակ Եդիգարյանին հանցավոր ճանաչել ՀՀ Քր. օր.-ի 258 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրան դատապարտել տուգանքի, սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի՝ 40.000 դրամի չափով: Նրա նկատմամբ կիրառել ՀՀ Ազգայի ժողովի 26.05.2011 թ.-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը եւ ազատել տուգանքի ձեւով նշանակված պատժի կրումից: 

Նկարում՝ Մանուշակ Եդիգարյան-Հասմիկ Մոսկովյան

Մեկնաբանություններ (2)

OLIK
tegor knik odzi bnik,heriqa eli sax irar mis en utumm
karen
Ինչպես կասեր լուսահոգի Վլադիմիր Նազարյանը-շլանգից ջուր խմող կանայք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter