HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյան.«Մենք շատ ենք կարեւորում Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցություններին, եւ առանց դրա մենք չենք կարող որեւէ լուծման գալ»:

Այսօր Արցախի պետհամալսարանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ համալսարանի ուսանողության եւ դասախոսական կազմի հետ հանդիպումից հետո նախարարը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Մեկնաբանելով երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպումը, նա նշել է, որ դա առաջին հանդիպումը չէր Ղարաբաղի նախագահի հետ եւ ամեն առիթ օգտագործում են այդ հանդիպումների ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը քննարկելու համար: Նման առիթներից մեկն էլ Հելսինկիից հետո եղավ երեկվա հանդիպումը, որի ընթացքում, ըստ Էդվարդ Նալբանդյանի, «շատ հետաքրքիր եւ օգտակար զրույց կայացավ, ինչը մտադիր են ինտենսիվ ձեւով շարունակել»: Նա միաժամանակ հավաստեց, որ ամեն առիթ պետք է օգտագործի` նորից ու նորից Ղարաբաղ գալու համար: Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարությունների, սահմանային միջադեպերի եւ դիպուկահարների պատերազմի մասին հարցին ի պատասխան նախարարը մեջբերեց ԵԱՀԿ անդամ 56 արտգործնախարարների հայտարարությունը, որտեղ նշված է, որ միայն խաղաղ ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով պետք է լուծվի Ղարաբաղի հիմնախնդիրը եւ որ չկա այլ ճանապարհ, քան` դիվանագիտականը: «Մայնդորֆի հռչակագրում էլ էր ասվում, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ, քաղաքական ճանապարհով, եւ այդ հռչակագրի տակ դրված էր նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագորությունը, բայց չգիտես ինչու նա ներկայացրեց, որ դա չի նշանակում, որ Ադրբեջանը պարտավորություն է վերցրել ուժի չկիրառման մասին: Որեւէ մի երկիր այդպիսի մեկնաբանություն չի կարող ընդունել եւ դրա արդյունքը հենց այն հայտարարությունն է, որը արեցին 56 երկրները Հելսինկիում»,-շեշտել է նախարարը: Իսկ Ղարաբաղի եւ Հայաստանի` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների տարբերության եւ երկու երկրների նախագահների իրարից տարբերվող հայտարարությունների մասին հարցին նախարարը պատասխանել է.«Ամբողջ հարգանքով վերաբերվելով բոլոր հայտարարություններին, որոնք արել է Ղարաբաղի հանրապետության նախագահը, մենք շատ ենք կարեւորում Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցություններին, եւ առանց դրա մենք չենք կարող որեւէ լուծման գալ»: Նա միաժամանակ ընդգծեց, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ եւ իրականացմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter