Գյումրիում բացվեց հակակոռուպցիոն կենտրոն
Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում բացվեց հակակոռուպցիոն կենտրոն` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Այն նպատակ ունի շիրակցիներին անվճար տրամադրել իրավաբանական խորհրդատվություններ, բնակիչների բողոքները հասցնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ դատարանում պաշտպանել քաղաքացիների ոտնահարված իրավուքները:
«Ծրագիրը ենթադրում է լրջագույն համագործակցություն իշխանությունների բոլոր շերտերի եւ տեսակների հետ: Այն շատ նման է իրավաբանի ընդունարանի, ինչը, կարծում եմ, լավ բան է,- ասում է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: - Այստեղ որևէ մեկից գումար չի գանձվի: Հարկ եղած դեպքում վարձվելու ենք փաստաբաններ, լինելու է թեժ հեռախոսագիծ եւ փակ արկղ` անստորագիր նամակների ու բողոքների համար»:
Լեւոն Բարսեղյանը նշում է նաեւ, թե ծրագրի շրջանակներում «բացահայտվելու են գործող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներում առկա հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»:
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանի խոսքերով` նորաբաց կենտրոնը կփոխարինի օմբուդսմենի ներկայացուցչությանը, «որի անհրաժշտությունը թեև կա, բայց այդպես էլ չի բացվում` գյումրեցիների համար ստեղծելով մայրաքաղաք հասնելու արհեստական խոչընդոտներ»:
«Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հովտանյանի փոխանցմամբ` նման կենտրոններ գործելու են նաև Հայաստանի մյուս մարզերում. «Կենտրոնը կարևոր է նրանով, որ խախտվում է այն սովորույթը, թե ամեն ինչ կենտրոնացվելու է Երևանում: Հայաստանը, դժբախտաբար, մտնում է այն երկրների ցանկը, որտեղ կա համակարգային կոռուպցիա: Այդպիսի երկրներում, որպես կանոն, կոռուպցիոն շատ հզոր դրսևորումներ է ունենում մայրաքաղաքներից դուրս: Ըստ մասնագետների` Հայաստանում առկա համակարգային կոռուպցիան մեծ վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը` վանելով արտերկրյա ներդրողներին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել