«Յոթի գործով» դատավարությունը սկսվել է
Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Յոթի գործի» դատավարությունը, որի շրջանակներում «Սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար մեղադրվում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, ՀՀՇ անդամ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը:«Հետքի» թղթակիցը փոխանցում է, որ դատարանի շենքը խիստ հսկողության տակ են պահում ոստիկաններն ու կարմիր բերետավորները, իսկ հավաքված մի քանի հարյուր մարդի վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան», «Լեւո´ն, նախագահ»: Դռնբաց դատական նիստին ներկա են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը: Դատարանում են նաեւ մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը եւ մի քանի պատգամավորներ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նիստը սկսելուց առաջ, առաջարկել է 1 րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը, ինչի պատճառով դահլիճում մեծ աղմուկ է բարձրացել, իսկ Մյասնիկ Մալխասյանը հայտարարել է, թե դա ուղղակի սադրանք է:
Աղմուկի պատճառով հայտարարված 10 րոպե ընդմիջումից հետո դատավոր Մարտիրոսյանը հայտարարել է, թե չի թույլատրվում նիստը տեսաձայնագրել 30 րոպեից ավելի: Փաստաբան Հովիկ Արսենյանն այս որոշումը համարել է անհիմն, քանի որ նախօրոք դատավարության բոլոր կողմերն իրենց համաձայնությունը տվել էին տեսաձայնագրման համար: Հ. Արսենյանի առարկությունն ընդունվել է, եւ օպերատորներին թույլատրվել է ձայնագրել ամբողջ նիստը:
Այնուհետեւ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդել է, որպեսզի դատավորը հայտարարի ինքնաբացարկ, քանի որ մինչ դատաքննությունը դատարանը հետաձգել էր փաստաբանի մատնանշած վկաներին հարցաքննելու միջնորդությունը եւ խախտել կողմերի հավասար պայմաններ ունենելու իրավունքը: Միաժամանակ Շանթ Հարությունյանը միջնորդել է, որպեսզի իր գործը «Յոթի գործից» առանձնացվի եւ քննվի անջատ, որովհետեւ իր նկատմամբ իրականացվում է զուտ քաղաքական հետապնդում:
Դատավոր Մարտիրոսյանը հայտարարել է մեկժամյա ընդմիջում` ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար: Նա նշել է, որ Շ. Հարությունյանի միջնորդությունը կքննարկվի դրանից հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել