HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Շենը» 20 տարեկան է

Այսօր լրանում է «Շեն» հասարակական կազմակերպության հիմնադրման քսանամյակը: Հարցազրույց «Շեն» հ/կ-ի ներկայացուցիչ Էմիլ Աբրահամյանի եւ «Շենի» ֆրանսիական մասնաճյուղի ներկայացուցիչ Հրայր Հրաչյանի հետ:

-Ինչպե՞ս ծնվեց «Շենը»:

Էմիլ Աբրահամյան- Կազմակերպությունը ստեղծվեց 1988թ, որպեսզի ավելի կազմակերպված բնույթ տա, համախմբի ուսանողության շարժումը եւ նպատակային դարձնի այն: Կազմակերպությունը հիմնվեց Պոլիտեխնիկ ինստիտուտի 250 աշխատողների եւ ուսանողների նախաձեռնությամբ եւ ինստիտուտում տարածք տրամադրվեց գործունեություն ծավալելու համար: Նպատակներն էլ այն ժամանակ շատ կարեւոր էին ընդհանուր շարժման համար` գործել Ղարաբաղում, աջակցել ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանի Սպիտակաշեն եւ Քարինգ նախկինում լքված գյուղերի վերականգնմանը: Առաջին իրականացրած ծրագիրը 17 տունն էր, որ կառուցվեց Ստեփանակերտում Սումգայիթի փախստականների համար:

Հրայր Հրաչյան-Երկու տարի հետո չորս ուսանողներ Փարիզի մեջ հիմնեցան «Շենի» մասնաճյուղը` Շենֆրանս անունով: Մասնաճյուղը իրեն պարտականություն ընձեռեց բարոյապես եւ նյութապես օգնել մայր միությանը եւ լծվեցան գործի: Առաջին գործը, որ կատարեցինք 1990թ էթնիկական քարտեզին մը ստեղծումն է, ամեն գյուղ տպագրեցինք իր բնակչությամբ, որը օգտակար եղավ պատերազմի ժամանակ հետեւելուն մարզերին: Այդ թվականին ի վեր կանոնապես կկազմակերպվին նաեւ տոնավաճառներ Փարիզին մեջ, որին հասույթը կտրամադրվի Շեն Հայաստանի ծրագրերուն:

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:

Էմիլ Աբրահամյան- Մեր ծրագրերը ունեն հստակ նպատակներ` ուղղված մերձակա գյուղերի ծանր սոցիալական վիճակը բարելավելուն: Գյուղերը ընտրելու համար կազմակերպությունն ունի իր սահմանած չափանիշները, նաեւ ունենք մարզային պատասխանատուներ, ովքեր տեղեկացնում են ծանր սոցիալական վիճակում հայտնված գյուղերի մասին: Մարզային ներկայացուցիչներն էլ առաջարկում են ծրագրերը, որոնք հաստատվում են վարչության կողմից եւ իրականացվում: Մի քանի թիրախային ոլորտներ կան, դա ջրամատակարարման խնդիրն է, համայնքային կենտրոնների ստեղծումը, դպրոցների վերանորոգումը: Մեծ ուշադրության ենք արժանացնում սպորտի բնագավառը, ջանում ենք աշխատատեղեր բացել ` այսօր արդեն շուրջ 2000 մարդ «Շենի» ծրագրերի շնորհիվ մշտական աշխատանք ունի: Մշակում ենք հողատարածքներ, որպեսզի գյուղացին կարողանա գյուղատնտեսական աշխատանք ծավալել, այգիներ ենք տնկում` 100-ից ավելի ծիրանի եւ դեղձի այգի ենք տնկել: Հատկապես կարեւոր է Արարատյան դաշտավայրում այգիների հիմնումը, քանի որ նախկին այգիներն այլեւս պիտանի չեն, իսկ նոր այգիներին զուգահեռ ստեղծում ենք չորանոցներ, որպեսզի բարիքը այդտեղ չորացնենք եւ արտահանենք, ինչը եկամուտ է բերում գյուղացուն: 10 տարվա արդյունքը շուրջ 100 հա այգին է` 20 000 ծիրանի ծառով: «Շենի» մեկ այլ ծրագրի շրջանակներում բացվեց Հայաստանում առաջին օրգանական մթերքի խանութը: Օրգանական գյուղատնտեսության պրակտիկայում չեն կիրառվում սինթետիկ քիմիական միացություններ` պարարտանյութեր ու թունաքիմիկատներ: Խանութի բացման առաջնային նպատակն էր օժանդակել օրգանական մեթոդներ կիրառող ֆերմերին վաճառել իր արտադրանքը: Օրգանական եղանակով արտադրված չիրն ու կանաչեղենը արտահանվում եւ վաճառվում են շվեյցարական «Քլարո» ընկերության միջոցով: Ծրագրի շրջանակներում ստեղծված անկախ սերտիֆիկացնող մարմինը` «Էկոգլոբ» ՍՊԸ-ն գործում է միջազգային 65 ստանդարտների հիման վրա, իր բնույթով միակն է տարածաշրջանում: Ծրագրում ընդգրկված էին երեք խորհրդատուներ, ովքեր գյուղացիներին ներկայացնում էին օրգանական երկրագործության սկզբունքները, առավելություններն ու բարդությունները, գործնական խորհուրդներ էին տալիս արտադրության բոլոր փուլերում:

Հրայր Հրաչյան -Ծրագրերն իրականցնում ենք Արցախում եւ Ջավախքում: Վերջերս շինվեցավ Բերդաձորի կամուրջ մը, որը շատ օգտակար եղավ մարզերու համար: Անցանք հինգ գյուղերու վերաբնակեցման, որոնք կգտնվին Լաչինի շրջանում, որոնք անհետացած գյուղեր էին: Նաեւ գյուղական դպրոցներուն Արցախում ուղարկեցինք 400 համակարգիչ, կարեւորը Շուշիի մեջ վերանորոգումն է Պարսկական մզկիթի, որի նպատակն է մինչկրոնական կենտրոնի վերածել այդ մզկիթը: Ջավախքի մեջ մեր գործն իրականացավ Վահան Տերյանի Գանձակ գյուղում, վերանորոգեցինք հիվանդանոցը: Իսկ Հայաստանին մեջ որոշ օգնություն ցույց տվինք «Շենի» ծրագրերուն, երկու կարեւոր ծրագրեր իրականացուցինք մը`Եղնաջուր գյուղի ստեղծումն է` ամենահյուսիսային գյուղն է Հայաստանում, հոն կառուցեցինք 15 տուն եւ այժմ այդ տները բնակեցված են, կա դպրոց 8 աշակերտով, կարեւոր կառույց մը, որ կգործե ամառներեն, ճամբարն է: Երկրորդը` Արագածոտնի Ներքին Բազմաբերդի հիվանդանոցի առաջին հարկի վերանորոգումն է, նաեւ դեղորայք, կահկարասի տրամադրեցինք հիվանդանոցին: Մեր համատեղ ծրագրերից է բիոխանութի մը բացումը, ինչի մասին նշվեց: Դեկտեմբերի 6-ին եւ 7-ին Փարիզի Մխիթարյան վարժարանին մեջ կայացավ մեր 17-րդ տոնավաճառը, որին հասույթը կտրամադրվի Հայաստանի ծրագիրներուն: Տոնավաճառին ամեն տարի կներկայացվին ձեռային գործերը արվեստի գծով` խաչքարեր, ժանյակներ, հայերեն գրքեր ֆրանսերեն թարգմանությամբ, նաեւ չիր, անուշեղեն: Այս տարի 9500 թռուցիկ բաժանեցինք հայ ընտանիքներին եւ 2000 հոգի այցելեցին տոնավաճառին: Համատեղ էլ բացեցինք բիոխանութ մը:

-Որտեղից եք միջոցներ գտնում ծրագրերի իրագործման համար:

Էմիլ Աբրահամյան -Համապատասխան միջոցները ծրագրերը իրականացնելու համար հայթայթվում են տարբեր միջազգային կազմակերպություններից:

Հրայր Հրաչյան -Հիմնական հասույթն ամեն տարվա տոնավաճառից է, բայց կփորձենք կապեր ունենալ Ֆրանսիական իշխանությունների որոշ կառույցների հետ, օրինակ Փարիզի շրջանի խորհուրդը, որ մեզ դրամակցեց 10.000 եվրո, կամ Մարսելի շրջանի խորհուրդը, որ նույն ձեւով մեզ օգտակար եղավ: 1994-2007թ 1 մլն 50 000 եվրո ներմուծած ենք ծրագրերուն, որի 51 տոկոսը Հայաստանում:

Էմիլ Աբրահամյան - Հրայրը համեստություն է անում, բայց կան անհատներ, որոնք եւս օգնում են Շեն Հայաստանին, օրինակ Հրայրը իր միջոցներով Քարաբերդ գյուղի դպրոցի նորոգումը իրականացրեց:

-Ինչպիսի՞ դժվարություններ եք ունեցել:

-Էմիլ Աբրահամյան -Ամենաթարմ օրինակը «Շենի» կողմից հիմնադրված «Անիվ» հիմնադրամի ունեցած խմդիրներն են նախկին իշխանությունների հետ, որոնք շտկվեցին նոր իշխանությունների հետ: Հիմնադրամը ցածր տոկոսով վարկեր էր տրամադրում: «Անիվ» հիմնադրամին մեղադրանքներ ներկայցացվեցին Ֆինանսների նախարարության կողմից, փորձեցին մեղադրել, որ ազնիվ չենք գործում, ինչը հերքվեց դատախազության կողմից, այնուհետեւ խնդիրը տեղափոխվեց ֆինանանսական դաշտ, իբր մենք սնանկ ենք, չունենք միջոցներ: Նպատակը մեկն էր` վերացնել «Անիվը», սակայն նկատի չէին առել, որ «Անիվի» միջոցների պատասխանատվությունը միջազգային է:

Տարբեր կարգի դատավարական հարաբերություններից հետո, այս տարի գործն ավարտվեց հաջողությամբ: Արդյունքում ապացուցեցինք, որ սահմանադրական խախտում է եղել, վերանայվեց կիրառվող օրենքի մեկնաբանությունը, այսինքն սնանկ ճանաչելու խնդիրը արդեն կամայական մեկնաբանության ենթակա չէ, հաղթահարեցինք հարկային մեղադրանքները, կազմակերպությունը լիցենզավորված է եւ սպասում ենք, որ 1մլն դոլար սառեցված գումարը կառավարությունը տրամադրի «Անիվ» կազմակերպությանը:

-Հրայր Հրաչյան -Մեր ամենամեծ դժվարությունը տեղային արտադրանքը Ֆրանսիա ներմուծելն է, մեծ ծախսեր են պահանջում: Շեն Հայաստանին հաջողություններ եմ մաղթում եւ միշտ ներկա ենք զորավիգ կանգնելու այն գործուն, որ պիտի իրականացվի:

-Ինչպիսի նոր ծրագրեր են նախատեսված:

-Էմիլ Աբրահամյան -Արդեն տարեկան հաշվետու ժողովն ենք կազմակերպել եւ հաստատվել են 25 նոր ու բազբանույթ ծրագրեր ` համայնքի կենտրոնների եւ կամուրջների կառուցում, դպրոցների եւ հիվանդանոցների վերանորոգում: Ծրագրեր են, որոնք համապատասխանում են մեր ռազմավարությանը: Կարծում եմ` բոլոր շենականները այսօր պետք է տոնեն իրենց ոգու հաղթանակը, մեր աշխատանքների հաջողությունները պայմանավորված են այն սկզբնական լիցքով, որ դեռեւս շարժման, պայքարի տարիներում փոխանցվել է: Շենը ստեղծված է, որ ծառայի ժողովրդին:

Հ. Գ. Կազմակերպությունը Շեն անվանակոչեց կազմակերպության հիմնադիր անդամ Սամվել Ավետիսյանը: Նա հավաքներից մեկի ժամանակ հարցրել էր, թե որն է իրենց անելիքը եւ պատասխանել` «տնաշինությունը», այդպես էլ կազմակերպությունը կոչվեց շեն, որը, ի դեպ, ֆրանսերեն նշանակում է կաղնու ծառ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter