HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմիտասի 5ա շենքի բնակիչները դիմեցին նաեւ ՀՀ վարչական դատարան

Այսօր Կոմիտասի 5ա շենքի 26 բնակիչներ կոլեկտիվ հայտով դիմել են ՀՀ վարչական դատարան` Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 25.11.2005թ. թիվ 2616-Ա որոշումը և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի 28.07.2010թ. N 01/50-15303-396 շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ այդ որոշումներով պարսկահայ Քեշիշ Աբրամին պատկանող «Լիբեր» ՍՊԸ-ին նախ առանց աճուրդի մասամբ սեփականության, մասամբ էլ վարձակալության հիմունքներով օտարվել էր Կոմիտասի 5 հասցեում գտնվող 1000 քմ հողատարածքն ու էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանը, ապա առանց պատշաճ ծավալներով փորձաքննություն անցկացնելու Երեւանի քաղաքապետարանի կողմից շինթույլտվություն էր տրվել` հինգհարկանի չորս բնակելի շենքերի արանքում գտնվող այդ փոքր հողակտորի վրա 14 հարկանի բազմաբնակարան շենք եւ էլեկտրատրանսպորտի քարշի նոր ենթակայան կառուցելու համար:

Այդ «հիմքով» «Լիբերը» սկսել էր ծառահատումներ եւ հատել տասնյակից ավելի ծառեր, մինչեւ որ նրա ապօրինի գործողությունների կասեցման պահանջով քաղաքացիները դիմել էին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն էլ որպես հայցի ապահովման միջոց կիրառել էր շինարարական աշխատանքների կասեցումը եւ այժմ քննում է այս գործը:

Ընդ որում, հակառակ «Լիբերի» կողմից նախապես բնակիչներին ուղղված հավաստիացումների, թե գործող քարշի ենթակայանի` յուղային հիմքով աշխատող հին սարքավորումները փոխարինվելու են նոր` չորային հիմքով աշխատողներով, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի պարտավորեցմամբ «Լիբերի» կողմից բնակիչներին տրամադրված փաստաթղթերից պարզ է դարձել, որ այս ընկերության ներկայացուցիչները պարզապես ստել են եւ Կոմիտասի 5ա շենքի անմիջական հարեւանությամբ գետնի տակ կառուցվելիք նոր ենթակայանի շենքում, անվտանգության բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ ծրագրված է տեղադրել նույն յուղային սարքավորումները:

Կոմիտասի 5-ի գործը այն եզակի դեպքերից է, երբ բնակիչները համատեղ ուժերով փորձում են պաշտպանել իրենց օրինական շահերը իրավական` դատական ճանապարհով: Արդյո՞ք Հայաստանի պայմաններում հնարավոր է, որ դա նրանց կհաջողվի:

Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter