HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որոշման ողջ պատասխանատվությունն ընկնում է ռեժիմի վրա»

Փարիզում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագծի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, թե «առաջին անգամ արձանագրված է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը»: Նախագծով առաջարկվել է կիրառել պատժամիջոց եւ զրկել հայաստանյան պատվիրակությանը Վեհաժողովում ձայնի իրավունքից, ինչի առիթով Կոնգրեսը հայտարարել է. 1. ԵԽԽՎ Մոնիտորինգի խմբի ընդունած բանաձեւը ուղղված է ոչ թե Հայաստանի ու նրա ժողովրդի, այլ Հայաստանում գործող ռեժիմի դեմ: Այս որոշման ողջ պատասխանատվությունն ընկնում է նույն ռեժիմի վրա, որն, արհամարելով ինչպես պետության կողմից ստանձնած պարտավորությունները, այնպես էլ ԵԽ, եվրոպական ու միջազգային այլ հեղինակավոր կառույցների բազմաթիվ հորդորներն ու պահանջները, ամիսներ շարունակ բանտերում է պահում տասնյակ քաղբանտարկյալների, կոպտորեն ոտնահարում է հավաքների, երթերի, ազատ խոսքի եւ Մարդու իրավունքների այլ կարեւորագույն նորմերը: 2. Հայաստանյան պատվիրակությանը ձայնից զրկելը տվյալ դեպքում վնաս չէ Հայաստանին ու նրա ժողովրդին, ինչպես պնդում են վարչախմբի պաշտոնյաները. ձայնից զրկվում է մի պատվիրակություն, որի գործունեությունը ԵԽԽՎ-ում մինչ այժմ ամբողջությամբ նպատակաուղղված է եղել ոչ թե Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, այլ գործող ավազակապետական ռեժիմի պաշտպանությանը, վերջինիս հակաժողովրդավարական գործունեությունը, գործած հանցանքները ու ապօրինությունները պարտակելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն: Այդ պատվիրակության հանցավոր անգործության պատճառով է, որ այս կառույցը աննպաստ բանաձեւ ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցով: 3. Իշխանության վարած նույն այդ հակաժողովրդավարական գործելակերպի հետեւանքով է, որ հետաձգվեց «Հազարամյակների մարտահրավերների» հերթական դրամական հատկացումը Հայաստանին: Ողջունելով ԵԽԽՎ-ի մոնիտորինգի խմբի վերջին որոշումը` որպես Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վերականգնմաը նպաստող քայլ, Հայ ազգային կոնգրեսը եւս մեկ անգամ պաշտոնապես կոչ է անում միջազգային կառույցներին` կիրառել միայն այնպիսի պատժամիջոցներ, որոնց թիրախը կլինի ոչ թե երկիրն ու ժողովուրդը, այլ հակաժողովրդական վարչախումբը, իսկ նպատակը` երկրում ժողովրդավարության ու օրինականության հաստատումը: 4. ԵԽԽՎ Մոնիտորինգի խմբի որոշումը Հայաստանում շուրջ մեկ տարի ծավալված Համաժողովրդական շարժման փայլուն հաղթանակն է. առաջին անգամ մեր տեսակետներն ու գնահատականները տեղ են գտնում միջազգային կարեւորագույն մի փաստաթղթում: Դա Համաժողովրդական շարժման - Հայ ազգային կոնգրեսի, որպես Հայաստանում լրջագույն քաղաքական ուժի ու գործոնի միջազգայնորեն ճանաչումն ու գնահատումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter