«Անթույլատրելի է մարդկանց դատել քաղաքական շարժառիթներով»
Այսպես է ԵԽԽՎ պաշտոնական կայքը վերնագրել երեկ Փարիզում Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւը ներկայացնող տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ 10 կողմ ձայներով Հանձնաժողովը ընդունել է բանաձեւի նախագիծ, որով առաջարկում է ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստում դնել ՀՀ-ի պատվիրակության ութ անդամներին քվեարկության իրավունքից զրկելու հարցը:
Համազեկուցողներ Ջ Պրեսկոտը եւ Ժ Կոլոմբիեն Հայաստան կժամանեն 2009-ի հունվարին` ԵԽԽՎ հունվարի 26-ի նիստի առաջին օրը Հանձնաժողովին զեկուցելու, թե ինչ առաջընթաց է գրանցվել քաղաքական նկատառումներով ձերբակալված անձանց ազատ արձակման ուղղությամբ: «Իր նախորդ երկու բանաձեւերով արդեն ԵԽԽՎ-ն բազմիցս պահանջել էր 2008-ի հետընտրական բռնությունների դադարեցում, հատկապես անկախ, թափանցիկ եւ հավաստի հետաքննության անցկացում, եւ ակնհայտորեն արհեստական եւ քաղաքականապես մոտիվացված մեղադրանքներով ձերբակալված մարդկանզ ազատում»:
Ընդունած բանաձեւի նախագծում ողջունելով նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը` Փաստահավաք խումբ ստեղծելու, Հանձնաժողովը նախազգուշացրել է, որ խմբի նկատմամբ վստահությունը կախված կլինի նրա աշխատաձեւից:
«Չնայած դրական զարգացումներին որոշ ոլորտներում, նկատի ունենալով սահմանափակ առաջընթացը ձերբակալված անձանց ազատման հարցում` կարող է կասեցվել հայկական պատվիրակության քվեարկության իրավունքը, եթե իրավիճակը այս առումով չշտկվի»,- ասված է բանաձեւի նախագծում:
Խորհրդարանական վեհաժողովը որոշում կկայացնի հունվարի 29-ին` հունվարյան նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել