HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիս Մայիլյան. «Լեռնային Ղարաբաղի դերի ակտիվացումը կթուլացնի ճնշումները Հայաստանի իշխանությունների վրա»

«Ադրբեջանը պետք է ճանաչի ոչ թե Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այլ ինքնորոշման արդյունքում ստեղծված պետությունը, բայց քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան, մենք չպետք է մեր ճակատագիրը կապենք Մինսկի խմբի բանակցությունների հետ, որտեղ Ադրբեջանը լիիրավ կողմ է և իր համաձայնությունը պետք է տա»,- այսօր ԶԼՄ-ի Կովկասյան ինստիտուտում հրավիրված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը: Ըստ նրա` եկել է ժամանակը, որ հայկական երկու պետությունների իշխանությունները սկսեն զուգահեռ Լեռնային Ղարաբաղի ճանաչման ուղղությունը՝ առանց Ադրբեջանի մասնակցության, ինչպես ցեղասպանության ճանաչման գործընթացն է տեղի ունենում առանց Թուրքիայի մասնակցության: Ըստ Մասիսի Մայիլյանի` եթե այստեղ սկսվի նման դիվանագիտական գործընթաց, ապա դա խթան կհանդիսանա, որ Մինսկի խումբը սկսի ավելի արդյունավետ աշխատել: Մասիս Մայիլյանի մեկնաբանությամբ՝ իր առաջարկած տարբերակը վերջնական լուծման չի բերելու հակամարտությունը, բայց ըստ նրա` այսպես հնարավոր է ուժեղացնել անվտանգությունը, իսկ անվտանգությունը սերտորեն կապված է պետականության գոյության հետ. «Եթե խոսում ենք միայն անվտանգության մասին, ապա կարելի է ժողովրդին հանել այնտեղից ու նրանց անվտանգությունը ապահովել, բայց մենք խոսում ենք այն մասին, որ մեր ժողովուրդը պետք է ունենա լիարժեք անվտանգության հնարավորություն, որը պետք է ապահովվի պետականության ապահովման հետ»: Մասիս Մայիլյանը գտնում է, որ պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղի դերի ակտիվացման ուղղությամբ, որը վերջին 10 տարիների ընթացքում նվազել է: Ըստ այդմ՝ Ղարաբաղը պետք է նախաձեռնող դառնա ոչ միայն կոնֆլիկտի շրջանակներում, այլ պետք է նաև այլ հնարավորություններ օգտագործի և դառնա միջազգային հանրության գործընկեր. «Այս դեպքում Ղարաբաղը ոչ թե ստիպված կլինի թակել Մինսկի խմբի դուռը, այլ ուղղակի հրավիրված կլինի բանակցությունների, քանի որ այդ դեպքում հնարավոր չի լինի որևէ հարց լուծել առանց Ղարաբաղի»: Մասիս Մայիլյանի համոզմամբ` Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պայմանավորվեն՝ ով ինչ դեր ունի, այսինքն՝ պետք է տեղի ունենա իրավասությունների սահմանազատում. «Եթե պայմանավորվում ենք, որ սահմանների հարցը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների իրավասությունների ներքո գտնվող հարցեր են, և Հայաստանը չպետք է քննարկի այդ հարցը միջնորդների հետ, ապա նրանք ստիպված կլինեն այդ հարցերի շուրջ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ»: Մայիլյանը ասաց նաև, որ Լեռնային Ղարաբաղի դերի բարձրացմամբ կթուլանա միջազգային ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա: Ի տարբերություն Մասիս Մայիլյանի, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իրկանդարյանը չի հասկանում, թե ինչու՞ հիմա պիտի Լեռնային Ղարաբաղը մասնակցություն ունենա բանակցություններում: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը անհրաժեշտ կլիներ, եթե բանակցություններում կոնկրետ խնդիրներ լուծվեին, բայց, ըստ քաղաքագետի, հազիվ մի քանի քայլ է կատարվել կոնֆլիկտի սառեցված վիճակից. «Հենց որ իրական բանակցային գործընթաց սկսվի, այսինքն՝ կողմերը պատրաստ լինեն իրական կոմպրոմիսի, հենց այդ ժամանակ էլ Ղարաբաղի դերը պահանջված կլինի բանակցությունների սեղանի շուրջ, ընդ որում՝ հենց Ադրբեջանի կողմից»: Իսկանդարյանը չի գտնում, որ բանակցությունները այնպիսին են, որ Լեռնային Ղարաբաղը ցանկանա քաղաքական հեռանկարի առումով մասնակցություն ունենալ դրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter