Ղարաբաղի արվեստագետները մտահոգված են ազգային մշակույթի պահպանմամբ
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության պալատում Ղարաբաղում գործող «ԳԱՄ ԱՐՏ» նկարիչների միջազգային միության կողմից նախաձեռնած կլոր սեղանի ժամանակ քննարկվում էին մշակույթի բնագավառի խնդիրները: Կլոր սեղանի մասնակիցները հիմնականում Ղարաբաղի մշակույթի գործիչներ էին:
Ինչպես նշեց կլոր սեղանը վարող հեռուստալրագրող եւ արձակագիր Համլետ Մարտիրոսյանը, հավաքվել են՝ խոսելու խնդիրներից եւ գտնելու մշակույթի մակարդակը բարձրացնելու եւ ոլորտի զարգացման ճանապարհներ: Արտահայտելով իր մտահոգությունը՝ արձակագիրը նշեց, որ իրեն հուզում է ոչ թե արվեստ ստեղծելու հարցը, այլ ստեղծածը սերունդներին փոխանցելը: Նա միաժամանակ նկատեց, որ նոր սերունդը բավականին հեռու է ազգային մշակույթից, իսկ «Արցախի նման փոքրիկ երկրներում մեր տեսակը պահպանելու համար պետք է ունենալ հստակ մշակույթի քաղաքականություն»: «Ազգայինի պահպանման ուղղությամբ պետք է շարժվել»,- ավելացրեց Հ. Մարտիրոսյանը:
Հարցերի շրջանակը լայն էր ու տարաբնույթ` սկսած դպրոցում գեղագիտական դասերի բացակայությունից մինչեւ պետության կողմից մշակութային խնդիրների նկատմամբ անտարբերություն: Մշակույթի գործիչներից մեկը կարծիք հայտնեց, որ աշխարհին ներկայանալու ամենալավ լեզուն մշակույթի լեզուն է, եւ պետք է այդ ուղղությամբ աշխատել: Իսկ նկարիչ Առնոլդ Մելիքսեթյանի կարծիքով՝ իրենց պետք է նախ հանրապետության ներսում ճանաչեն ու գնահատեն, այլապես դրսի ճանաչման մասին խոսք լինել չի կարող: «Իսկ ի՞նչ ունենք ցույց տալու: Ո՛չ պատկերասրահ ունենք, ո՛չ նորմալ թանգարաններ»,- նշում է նկարիչը եւ հիշեցնում, որ այդ ամենով պետք է զբաղվի կառավարությունը, այլ ոչ թե արվեստագետները: Նա նաեւ իր դժգոհությունն արտահայտեց Ստեփանակերտի թանգարանի մոտ կառուցված մեծ ու գեղեցիկ շենքերի մասին, որոնք, նրա կարծիքով, պետք է թանգարան լինեին:
Ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը ներկաներին տեղեկացրեց, որ գոյություն ուներ պատկերասրահի նախագիծ /ըստ նրա՝ պատկերասրահը պետք է կառուցվեր Ստեփանակերտի կենտրոնում գտնվող կամրջի հարեւանությամբ/, սակայն այդպես էլ չարվեց: Կար նաեւ թանգարանի վերակառուցման եւ ընդարձակման նախագիծ, սակայն այսօր թանգարանի փոխարեն կողքին 11 հարկանի շենք են ուզում կառուցել, որը, ըստ նրա, «ճարտարապետական տեսանկյունից խայտառակություն է»: «Մշակույթի քաղաքականությունը որոշում է այսօր նա, ով փող ունի եւ իրականում հեռու է մշակույթից: Սա է հիմնական դժբախտություններից մեկը»,- ավելացրեց ճարտարապետը:
Մշակույթի եւ երիտասարդության նախարար Լեռնիկ Հակոբյանի կարծիքով՝ վիճակն այնքան էլ վատ չէ, ինչքան ներկայացվում է: «Մշակութային խնդիրները միշտ էլ գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն, բայց շուտով դրանք էլ կլուծվեն»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ դեմ է այն կարծիքին, թե հանրապետությունում մշակույթ չկա:
Մասնակիցները խնդիրների քննարկումից բացի նաեւ առաջարկություններ արեցին, որոնց արդյունքները կերեւան հետո, իսկ որ նման հանդիպումների հաճախակի կազմակերպումը անհրաժեշտ է` դրա հետ համաձայն էին մասնակիցներից շատերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել