HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել են Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքներից որոշ տվյալներ

Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ Հատուկ քննչական ծառայությունն առայժմ չի հրապարակում այդ օրերին գրանցված մահվան 10 դեպքերի եւ շուրջ 250 անձանց պատճառված մարմնական վնասվածքների պարզաբանված հանգամանքներն ամբողջությամբ, «սակայն, հաշվի առնելով հասարակական հնչեղությունը, հրապարակվում են մահացած անձանց պատճառված մարմնական վնասվածքի տեսակի եւ վայրի մասին նախաքննության մինչ այժմ ունեցած տվյալները»,- հաղորդում է գլխավոր դատախազության մամլո գրասենյակը: Ըստ այդմ` Դավիթ Պետրոսյան՝ ծնված 1975թ. Համաձայն դատաբժշկական փորձաքննության՝ նրա դիակի վրա հայտնաբերվել է հրազենային, գնդակային մուտքի անցք՝ կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը: Վիրահատության ընթացքում Դ.Պետրոսյանի մարմնից հանվել է 9մմ տրամաչափի մեկ գնդակ: Համաձայն դատաձգաբանական փորձաքննության` գնդակը գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս՝ կրակված գնդակ է, որի վրայի կրակման հետքերը բնորոշ են «ՊՄ» ատրճանակից կրակված հետքերի: Գնդակի վրայի քերծվածքային դեֆորմացիան արդյունք է որևէ պինդ մարմնի հետ բախման, հնարավոր է՝ հետցատկ կամ որևէ արգելքի միջով անցնելու: Վիրավորվել է՝ Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ: Գրիգոր Գևորգյան՝ ծնված 1980թ. Համաձայն դատաբժշկի եզրակացության՝ նրա դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի անցք՝ քթի մեջքին, ելքի անցք՝ ձախ ճակատա-գագաթային շրջանում: Մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումը: Վիրավորվել է ՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկին հարակից կամարի մոտ տեղակայված կոշիկի վերանորոգման կետի դիմաց: Տիգրան Խաչատրյան՝ ծնված 1985թ. Համաձայն դատաբժշկական փորձաքննության` Տիգրան Խաչատրյանի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային բաց-բութ վնասվածք: Մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետևանք է ստացած գանգուղեղային բաց վնասվածքի: Դիահերձման ժամանակ Տ. Խաչատրյանի գանգից հանվել է մետաղի կտոր: Համաձայն դատաձգաբանական փորձաքննության` նրա դիակից հանված մետաղյա կտորը գործարանային արտադրության «Չերյոմուխա - 7» տեսակի կրակված փամփուշտի գազային նռնակ է: Գազային նռնակի պլաստմասսե խցանները, հավանաբար, անջատվել են որևէ պինդ մարմնի հետ բախման կամ որևէ արգելքի միջով անցնելու հետևանքով: Վիրավորվել է Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի կամարի մոտ: Արմեն Ֆարմանյան՝ ծնված 1974թ. Համաձայն դատաբժշկի եզրակացության` նրա դիակի վրա հայտնաբերվել է գլխի ձախ կեսի կողմնա-քունքային շրջանի սալջարդ վերք՝ ոսկրա-հյուսվածքային դեֆեկտով: Մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է գլխի ձախ կեսի կողմնա-քունքային շրջանի սալջարդ վերքով: Դիահերձման ժամանակ գանգից հանվել են օտար մարմիններ: Համաձայն դատաձգաբանական փորձաքննության` Ա.Ֆարմանյանի դիակից հանված պլաստմասսե և մետաղյա մեկական կտորները գործարանային արտադրության «Չերյոմուխա - 7» տեսակի կրակված փամփուշտի գազային նռնակ է՝ առանձնացած մեկ խցանով: Խցանի վրայի կրակման հետքերը բնորոշ են հատուկ միջոց հանդիսացող «ԿՍ-23» կարաբիններին: Խցանի գլխային մասի դեֆորմացիան և պատռվածքները կարող էին առաջանալ որևէ պինդ մարմնի հետ բախման կամ որևէ արգելքի միջով անցնելու հետևանքով: Վիրավորվել է Պարոնյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց: Գոռ Քլոյան՝ ծնված 1979 թ. Համաձայն դատաբժշկի եզրակացության` Գ.Քլոյանի դիակի վրա հայտնաբերվել է ձախ աճուկաենթազստային շրջանի ջնջխված բեկորային վերք: Մահը վրա է հասել ձախ աճուկաենթազստային շրջանի ջնջխված բեկորային վնասվածքով պայմանավորված արյան սուր կորստից: Համաձայն դատաձգաբանական փորձաքննության` նրա դիակից հանված առարկան գործարանային արտադրության «Չերյոմուխա - 7» տեսակի կրակված փամփուշտի կոնտեյներ՝ գազային նռնակ է՝ իր պլաստմասսե խցաններով: Խցանների վրայի կրակման հետքերը բնորոշ են հատուկ միջոց հանդիսացող «ԿՍ-23» կարաբիններին: Խցանի վրայի դեֆորմացիան և պատռվածքները կարող էին առաջանալ որևէ պինդ մարմնի հետ բախման կամ որևէ արգելքի միջով անցնելու հետևանքով : Վիրավորվել է Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ, առանց գիտակցության գալու, մահացել է: Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան՝ ծնված 1961 թ. Համաձայն դատաբժշկի եզրակացության` Հ. Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային գնդակային կույր վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին: Մահը վրա է հասել կրծքավանդակի հրազենային գնդակային կույր վիրավորումից առաջացած սուր ներքին արյունահոսությունից: Դիահերձման ժամանակ նրա մարմնից հանվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ: Համաձայն դատաձգաբանական փորձաքննության՝ Հ.Հովհաննիսյանի դիակից հանված գնդակը գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի մարտական փամփուշտի մաս՝ կրակված գնդակ է: Այս տեսակի փամփուշտները նախատեսված են «ԱԿ-74» ինքնաձիգների և դրանց մոդիֆիկացիաների համար: Գնդակն իր վրայի կրակման հետքերով բնորոշ է 5.45 մմ տրամաչափի «ԱԿ-74» ինքնաձիգներից և դրանց մոդիֆիկացիաներից կրակված գնդակներին: Վիրավորվել է ՝ Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա ու ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել: Զաքար Սարիբեկի Հովհաննիսյան՝ ծնված 1977թ. Համաձայն դատաբժշկի եզրակացության՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք՝ որովայնի առաջային մակերեսին: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը: Դիահերձման ժամանակ նրա մարմնից հանվել է 9մմ տրամաչափի 1 գնդակ, որը, համաձայն դատաձգաբանական փորձաքննության, գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս՝ կրակված գնդակ է: Դրա վրայի կրակման հետքերը բնորոշ են «ՊՄ» ատրճանակից կրակված հետքերի: Վիրավորվել է Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ: Սամվել Հարությունյան՝ ծնված 1979թ. Համաձայն դատաբժշկի եզրակացության` նրա դիակի վրա հայտնաբերվել է գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածք: Մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից, որը պայմանավորված է եղել գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածքով, վերջինիս հետևանքով զարգացած թարախային մենինգիտով, երկկողմանի թարախային թոքաբորբով: Վիրավորվել է Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է 11.04.2008թ՝ առանց գիտակցության գալու: Համլետ Թադեւոսյան՝ ծնված 1977թ., ՀՀ ՈԶ թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Համաձայն դատաբժշկի եզրակացության՝ նրա դիակի վրա հայտնաբերվել են ձախից վերին եւ ստորին կոպի, որովայնի, շեքի, փոշտի, ամորձիների, առնանդամի, զույգ բազուկների, ձախ նախաբազկի, զույգ ազդրերի, սրունքների, աջ ոտնաթաթի առաջին մատի եղնգային ֆալանգի բազմաթիվ պայթյունային, բեկորային վիրավորումներ՝ փափուկ հյուսվածքների եւ անոթների վնասում, աջ ոտնաթաթի առաջին մատի եղնգային ֆալանգի կոտրվածք, հետորովայնամզային հեմատոմա, արտաքին առատ արյունահոսություն։ Նշված բոլոր վնասվածքները առաջացել են կենդանության օրոք, պայթյունի հետեւանքով առաջացած բեկորների ազդեցությամբ եւ անմիջական պատճառական կապ ունեն նրա մահվան հետ: Ըստ դատաձգաբանական փորձաքննության` Հ. Թադևոսյանի զույգ սրունքներից հայտնաբերված 3 մետաղական բեկորները և կիսաճտքավոր աջ կոշիկի վրայից հայտնաբերված մեկ մետաղական բեկորը բեկորացվել են պայթյունի հետևանքով, դրանցից մեկը հավանաբար գործարանային արտադրության «Ֆ-1», « ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տեսակի նռնակներ պայթեցնելու համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչի միացման ականոցի վերին հատվածի բեկոր է։ Հ. Թադեւոսյանի հագուստների վրայի վնասվածքները բեկորային բնույթի են՝ առաջացած բեկորացման ենթակա ամուր պատյան ունեցող պայթուցիկ սարքի պայթյունից, որը պայթել է Հ. Թադեւոսյանի ոտքերի մոտ։ Վիրավորվել է Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 17 շենքի դիմաց ու տեղափոխվել Երևանի 3-րդ կլինիկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Տիգրան Աբգարյան՝ ծնված 1989թ., ոստիկանության ներքին զորքերի թիվ N զորամասի զինծառայող Համաձայն դատաբժշկի եզրակացության՝ նրա դիակի վրա հայտնաբերվել է 6-րդ ողի մարմնի անցքավոր կոտրվածք, պարանոցային 5-6-7-րդ ողերի բեկորային կոտրվածքներ, ողնուղեղի ջնջխում եւ ամբողջականության գրեթե լրիվ խախտում։ Մահը վրա է հասել ողնուղեղի կարեւորագույն կենսական ֆունկցիաների խանգարումից՝ պարանոցի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ստանալու հետեւանքով։ Ելնելով հրազենային վերքերի տեղակայումից՝ մուտքի անցք՝ պարանոցի աջ կեսի առաջին մակերեսին եւ ելքի անցք՝ պարանոցի աջ կեսի հետին մակերեսին կարելի է եզրակացնել, որ կրակոցը կատարվել է մարմնի երկայնական առանցքի նկատմամբ՝ առաջից հետ, քիչ ձախից աջ ուղղությամբ։ Վիրավորվել է Լեո փողոցի «Սվին» որսորդական խանութի մոտ, մահացել է Երեւանի Միքաելյան հիվանդանոցում, 11.04.08թ.՝ առանց գիտակցության գալու: «Բժշկական հաստատությունների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ստացած հրազենային վնասվածքներով բժշկական օգնության դիմել է 16 քաղաքացի: Նրանցից 5-ը առաջին օգնությունը ստանալուց հետո հեռացել են՝ իրենց ինքնության եւ բնակության վայրի վերաբերյալ տրամադրելով սխալ տվյալներ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեքը հայտնաբերվել են, մնացած 2-ի ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ոստիկանության շուրջ 4 տասնյակ աշխատակից եւ զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պայթուցիկ սարքերի բեկորներից: Բացի այդ՝ պայթուցիկ սարքերի բեկորներից վնասվել են ոստիկանական 1 սաղավարտ, 7 զրահաբաճկոն եւ 3 ծնկակալ, տրոտիլ պայթուցիկ նյութ պարունակող պայթուցիկ սարքավորման՝ բեկորային նռնակի պայթյունի հետեւանքով առաջացած բեկորներից վնասվել է ոստիկանության 25 զինծառայողների համազգեստ։ Դեպքի վայրից հայտնաբերված բոլոր գնդակներն ու պարկուճները, ինչպես նաեւ մարմնական վնասվածքներ ստացած անձանց վրայից հանված գնդակները, բեկորները ենթարկվել են դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննության: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակներ կրակվել են ՀՀ ՈԶ N զորամասի սպաների կողմից: Հարցաքննություններով հնարավորինս պարզվել են հատուկ միջոցներ կիրառած անձանց տեղաշարժը, նրանց կողմից արձակված կրակոցների քանակը, դեպքի վայրի այն հատվածները, որտեղից արձակվել են կրակոցները ու դրանց ուղղությունները: Նշված հանգամանքները համադրվում են մահացած անձանց վիրավորվելու վայրերի և մահվան հանգամանքների հետ»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter