Վահագն Չախալյանի նկատմամբ եւս մեկ քրեական գործ
Դեկտեմբերի 24-ին նշանակված է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագնի ու նրա ընտանիքի անդամների` Արմեն եւ Ռուբեն Չախալյանների դատական նիստը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի նիստը հետաձգվել էր Բորժոմի դատախազության կողմից հարուցված մի անհայտ քրեական գործի պատճառով, որը դեռ դատարան չէր հասել, եւ մինչ օրս էլ գործի մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ: Չախալյանների ընտանիքի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը փաստեց, որ Բորժոմիի գործի հետ մեկտեղ վերջերս Վահագն Չախալյանի նկատմամբ եւս մեկ քրեական գործ է հարուցվել Ախալքալաքի դատախազության կողմից 2006թ. ինչ-որ դեպքերի հետ կապված`կրկին խուլիգանության հոդվածով: Այս գործի նյութերը նույնպես մինչ այժմ դատարանում չեն եղել` հայտնվելով գործի մեջ մոտ 5 ամիս անց:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վրացական իշխանությունները ամեն գնով ուզում են դատապարտել Վահագն Չախալյանին բանտարկության, եւ քանի որ մինչ այժմ առաջադրված մեղադրանքները ակնհայտորեն քաղաքական աստառ ունեին, մասնավոապես` 2006թ. ՏԻՄ ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպման մեղադրանքը, ապա, տեսնելով գործի նկատմամբ միջազգային կառույցների կողմից աճող հետաքրքրությունը, վրացական իշխանությունները փորձում են Վահագն Չախալյանին ներկայացնել եւ դատել զուտ որպես մի սովորական «խուլիգան»: Հապճեպ նոր գործեր են «թխվում», հարցաքննություններ իրականացնում, Վահագնի ընկերներին ստիպում են ցուցմունք տալ, որ ներկա են գտնվել նրա կողմից ոստիկանության դեմ հրահրված ինչ-որ կռիվների»,-տեղեկացրեց Չախալյանների փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Փաստաբանի կարծիքով, «վրացական իշխանությունները արհեսականորեն ձգձգում են դատավարության անցկացումը: Հավանաբար նշանակված օրն էլ դատավարությունը նորից հերթական անգամ կհետաձգվի, քանի որ ո’չ այս հանելուկային Բորժոմի գործն է դեռ ներգրավված Վահագն Չախալյանի գործում, ոչ էլ հայտնի է, թե երբ է այդ գործը վերջապես հասնելու դատարան: Արդեն երրորդ շաբաթն է` դեռ չի հասել, իսկ հասնելուց հետո էլ դատարանը պարտավոր է ժամանակ հատկացնել, որպեսզի փաստաբանները հնարավորություն ստանան ծանոթանալու այդ նոր գործերի նյութերին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել