HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկել է կասեցնել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները

Երեկ երեկոյան ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը Փաիզում գումարված նիստում քննարկելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընթացիկ տարում ընդունած 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցը` 10 կողմ ձայներով ընդունել է բանաձեւի նախագիծ, որը կքննարկվի ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստի ընթացքում: Բանաձեւի նախագծում արձանագրվել է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը եւ ՀՀ-ի պատվիրակության նկատմամբ պատժամիջոց է նախատեսվում` ՀՀ պատվիրակության լիազորությունների կասեցում, այն է` քվեարկության իրավունքից զրկելը: ՀՀ պատվիրակության լիազորությունների դադարեցման պատճառ կարող է հանդիսանալ Մարտի 1-ի մայր գործից անջատված "7-ի գործը": Մոնիտորինգի հանձնաժողովը դժգոհ է մնացել "7-ի գործով՚"անցկացված նախաքննության արդյունքներից, որտեղ ընդդիմության 7 ակտիվիստները մեղադրվում են պետական իշխանությունը յուրացնելու փորձ կատարելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջ. Պրեսկոտը եւ Ժ. Կոլոմբիեն ասել են, որ "7-ի գործը" մինչ օրս կամ պետք է կարճվեր, կամ այդ գործով անցնողների նկատմամբ համաներում կիրառվեր: Ինչպես Ազատություն ռադիոկայանին ասել է ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը, "զեկույցը բավական բացասական երանգներ ուներ" քրեական հետապնդումներին վերաբերող կետերի առումով` հավելելով, որ դրական են գնահատվել զանգվածային լրատվության, ընտրական բարեփոխումների, Փաստահավաք խմբի ստեղծման հետ կապված Հայաստանի քայլերը: "Հարցադրում արվեց քաղբանտարկյալների վերաբերյալ, որ Հայաստանում, հնարավոր է, առկա են քաղբանտարկյալներ: Սկզբունքորեն` հարցը լրացուցիչ վերլուծության կարիք է զգալու, եւ քանի որ սա մոնիտորինգի հանձնաժողովի վերջին նիստն էր հունվարյան նստաշրջանից առաջ, առաջարկությունը արվեց, սակայն համազեկուցողները այցելելու են Հայաստան հունվար ամսին, որպեսզի համապատասխան շտկումներ անեն այս որոշման մեջ",- նշել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Հայաստանի արտգործնախարարության ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրությունում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես մեկնաբանել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ընդունված` Հայաստանի համար "ոչ բարենպաստ"առաջարկությունները: "Կարծում եմ, որ հունվար ամսին, միգուցե, կլինեն այնպիսի զարգացումներ, որոնք հնարավորություն կտան այդ առաջարկը վերանայել եւ հաստատել, որ Հայաստանը իրականացրել է 1609 եւ 1620 բանաձեւերի առաջարկությունների մեծ մասը",- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter