HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուֆենկյան հիմնադրամի շնորհիվ 2009-ի մայիսին կբացվի Շուշիի թանգարանը

ԼՂՀ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Ղարաբաղում աշխատանքներ է իրականացնում 2004 թվականից: Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են տարբեր ուղղություններով` մշակույթ, կրթություն, առողջապահություն, վերաբնակեցում եւ այլն:

ԼՂՀ ԹԲՀ-ի փոխտնօրեն Արմեն Սարգսյանի խոսքերով` մշակույթի բնագավառում ամենակարեւոր ծրագրերից մեկը Շուշիի թանգարանի վերանորոգումն է եւ նոր ցուցադրության կազմակերպումը: Երկրորդ հարկի վերանորոգումն ավարտված է, ավարտված է նաեւ հիմնական ցուցանմուշների ցուցադրման պլանը: Կառավարությունն էլ իր հերթին օժանդակել է ջեռուցման ապահովման հարցում: 2009թ. նախատեսվում է վերանորոգել նաեւ առաջին հարկը եւ մայիսի 9-ին կազմակերպել թանգարանի բացումը:

Արմեն Սարգսյանը մատնանշեց մշակույթի բնագավառում տաղանդավոր երեխաների աջակցության ծրագիրը, որի շրջանակներում տարեկան միջինը 70 երեխա ոչ թե սոցիալական օգնություն են ստանում, այլ հատկացված գումարները ուղղվում են երեխայի տաղանդի զարգացմանը` այդ նպատակով կազմակերպելով լրացուցիչ պարապմունքներ`վարձատրելով ուսուցիչներին, գնելով երաժշտական գործիքներ, օգնելով նրանց տարբեր փառատոների, իսկ սպորտի բնագավառում` մարզիկներին տարբեր մրցումների կամ ուսումնամարզական հավաքներին մասնակցելու համար: Ծրագրում ընդգրկված են ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ տարբեր շրջանների տաղանդավոր երեխաններ: «Հիմնականում ուշադրություն է դարձվում դասական արվեստի եւ ազգային ժողովրդական արվեստի զարգացմանը>,-մեր զրույցի ժամանակ նշեց հիմնադրամի փոխտնօրենը: Նրա հավաստմամբ` արդեն սկսված է նաեւ 2009թ. մանկական ժողգործիքների համույթի ստեղծման գործընթացը:

Կարեւոր էր նաեւ ԹԲՀ-ի կողմից պատմական Տիգրանակերտի իջեւանատան վերանորոգումը: «Մեր կարծիքով` Տիգրանակերտի ընդհանուր գոտին շատ մեծ ուշադրության է արժանի, եւ որպես առաջին քայլ` իջեւանատունն ենք վերանորոգել»,- ավելացրեց Արմեն Սարգսյանը: Շարունակելով թեման, նա տեղեկացրեց, որ 2009-ին նախատեսվում է մասնակի վերանորոգել Քաշաթաղի շրջանի Հակ գյուղի 1675թ. օծված պատմական եկեղեցին, գյուղ, որը հայաթափվել է 1918 թվականին::

ԹԲՀ-ը նաեւ մեծ գործնեություն է ծավալում ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, քանի որ այն վերաբնակեցվող շրջան է եւ կանգնած է բազմաթիվ խնդիրների առջեւ:

Կրթության բնագավառում հիմնադրամը ուշադրությունը սեւեռել է հիմնականում այս շրջանին: Դպրոցների համար գնվել է դասական եւ ծրագրային գրականություն` դրանով իսկ հիմք դնելով դպրոցական գրադարանների ստեղծմանը: ԹԲՀ-ի կողմից շրջանի հարավային թեւի բնակավայրերում կազմակերպվել են նաեւ համակարգչային դասընթացներ` ընդգրկելով աշակերտներին, ուսուցիչներին ու երիտասարդներին, որոնց տրամադրվել են համապատասխան վկայականներ:

Այս ծրագրի տրամաբանական շարունակությունն էր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետ միասնական ջանքերով շրջանի Իշխանաձոր եւ Միջնավան համայնքներում ինտերնետ կենտրոնների բացումը:

ԼՂՀ-ում ԹԲՀ-ն ծրագրեր է իրականացնում նաեւ առողջապահության բնագավառում. Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կառուցվել է բուժկետ, որը շրջակա գյուղերի համար բուժկենտրոն է դարձել: «Հետագայում մեր ծրագրերին միացել է նաեւ «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպությունը, որի արդյունքում ստեղծվել է ատամնաբուժարան, իսկ բրիտանական «Բյոսլինգ» կազմակերպության հետ համագործակցելով` կազմակերպվել է շրջանի բժիշկների եւ բուժքույրերի վերապատրաստումը: «2009թ. ծրագրերում նախատեսված է ստեղծել նաեւ մոբիլ կլինիկա` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ գյուղերը շրջկենտրոնից կտրված են»,- շեշտեց հիմնադրամի փոխտնօրենը:

ԹԲՀ-ն կարեւորում է նաեւ վերաբնակեցվող գյուղերում գյուղացիների համար աշխատատեղերի ստեղծման ծրագիրը, որի շրջանակներում Քաշաթաղի հարավային շրջանի Այգեհովիտ եւ Ուռեկան գյուղերում 38 հա խաղողայգիներ են հիմնվել: Խաղողայգիներում մշտապես աշխատում է 28 հոգի, իսկ խաղողաքաղի ժամանակ աշխատանքներում ընդգրկվում են շուրջ 50 գյուղացիներ: «Բացի այդ, մենք փորձում ենք գյուղացիներին սովորեցնել խաղողայգու մշակումը, ինչի արդյունքում, եթե տարիներ անց գյուղացիները տիրապետեն խաղողայգիների մշակման գործընթացին, ունենան ֆինանսական հնարավորություններ` այդ խաղողայգիները մշակելու համար, հիմնադրամը ծրագրում է խաղողայգիները նվիրել գյուղացիներին»,- ասաց Ա. Սարգսյանը: Հարավային թեւում հացահատիկային կուլտուրաների զարգացման համար ստեղծվել է նաեւ տեխնիկական բազա` գյուղատնտեսական անհրաժեշտ տեխնիկայով, ինչպես նաեւ կառուցվել է ալրաղաց, որոնք սպասարկում են գյուղացիներին մատչելի գներով:

Մեր զրուցակցի հավաստմամբ` խաղողայգիներից, տեխնիկական բազայից եւ ալրաղացից ստացվող բոլոր եկամուտներն ուղղվում են դարձյալ բարեգործական նպատակների համար:

Հիմնադրամի մեկ այլ ծրագրով իրականացվում է բնակիչների տների վերանորոգում, որն այս տարի իրականացվել է Այգեհովիտ գյուղում: «Հաշվի առնելով, որ առայժմ պետությունը բավարար ֆինանսական միջոցներ չունի, որ միանգամից արմատական վերափոխում կատարի վերաբնակիչներին նորակառույց տներով ապահովելու գործում, մենք սկսել ենք այն սենյակների վերանորոգման աշխատանքները, որտեղ ապրում են բնակիչները: Եթե բնակիչները նախաձեռնություն են ցուցաբերում այլ սենյակներ եւս վերանորոգելու կամ կառուցելու ուղղությամբ, մենք դարձյալ միանում ենք գործընթացին` տրամադրելով նրանց համապատասխան շինանյութեր: Տների վերանորոգման նախապատվությունը տրվում է միայնակ մայրերին, բազմազավակ ընտանիքներին, նոր ամուսնացած զույգերին: Մեր կարծիքով` դրանով յուրովի խթան է ստեղծվում բնակիչների կենցաղային պայմանները բարելավելու գործընթացում: 2009 թ. նախատեսվում է վերոհիշյալ ծրագրի շրջանակներում ընդգրկել նաեւ այլ գյուղերի մի շարք բնակիչների տների վերանորոգումը: Ծրագրի շրջանակներում այս տարի նման 9 բնակարան է վերանորոգվել, իսկ հաջորդ տարի նախատեսվում է վերանորոգվող բնակելի տների քանակը ավելացնել:

Հիմնադրամի ամենամեծ ծրագրերից էր նաեւ Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղի հիմնումը: Այստեղ կառուցված են 18 ժամանակակից 3-սենյականոց տներ, որոնցից յուրաքանչյուրը ունի 2000 մ2 բակ եւ գոմ: Գյուղում կառուցվել է գյուղապետարան եւ դահլիճ, ինչպես նաեւ դպրոց` Հայ կրթական կենտրոնի աջակցությամբ:

Ըստ Արմեն Սարգսյանի` հիմնադրամի կարեւոր ծրագրերից էր Քաշաթաղում կոնֆերանսի կազմակերպումը, որը «յուրովի քայլ էր վերաբնակեցման ուղղությամբ»: «Կոնֆերանսի արդյունքները աստիճանաբար երեւում են, բայց խոստումներից դեռ բոլորը չէ, որ առայժմ իրականություն են դարձել: Բնական է, եւ' տնտեսական ճգնաժամը, եւ' քաղաքական տարբեր գործընթացներ իրենց խանգարիչ ազդեցությունն ունեցան, բայց մենք շարունակում ենք պարբերաբար կապ պահպանել բարերարների հետ: Մի քանի ծրագրեր իրականացվել են` հիմնականում նախադպրոցական ոլորտի կադրերի վերապատրաստման ուղղությամբ: Արդեն սկսվել են Այգեհովիտում գինու գործարանի կառուցման ուսումնասիրման աշխատանքները: Նախատեսվող ծրագրերից է նաեւ Առաջամուղում բիզնես ծրագրի շրջանակներում 5 հեկտար նռան այգու հիմնումը»,- շարունակում է Ա.Սարգսյանը:

«Ինչքանով է սերտ հիմնադրամի կապը կառավարության հետ» հարցին ի պատասխան` նա նշեց, որ չկա մի բնագավառ, որ կառավարության համապատասխան մարմինների հետ ծրագրերը չքննարկվեն եւ այնուհետեւ իրականացվեն: «Իսկ ընդհանուր առմամբ որեւէ խնդիր չունենք կառավարության հետ, ավելին` իշխանությունները միշտ ընդառաջում եւ օժանդակում են ծրագրերի իրականացման հարցում»,- եզրափակեց փոխտնօրենը:

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter