Եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ Շիրակի մարզի համայնքներում
Մարզպետը դժգոհ է համայնքապետերի աշխատանքից
Երեկ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի տարեվերջյան նիստը: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը վաղ առավոտյան հանդիպեց Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանի համայնքապետերի հետ, իսկ կեսօրին` Արթիկի ու Ախուրյանի: Նա նախևառաջ կշտամբեց Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանի գյուղապետերին, որոնք ոչ միան սեփական եկամուտների հավաքագրման առումով գրեթե աշխատանք չեն կատարել. 7միլիոն դրամից հազիվ 700 հազար են հավաքել, այլեւ կես ժամով ուշացել էին մարզխորհրդի նիստից: «Ձեր ուշացումները արդեն իսկ խոսում են աշխատանքի նկատմամբ ձեր ունեցած պատասխանատվության մասին, պարզապես զարմանում եմ, թե դուք ինչի համար եք ընտրվել»,- ասաց մարզպետը:
Նա գրեթե նույն խոսքերը կրկնեց Ամասիայի ու Արթիկի գյուղապետերի համար: Պարզվեց, որ նրանք էլ սեփական եկամուտների հավաքագրման առումով ցածր ցուցանիշ են արձանագրել: «Չկա համայնք, որը պարտքեր կուտակած չլինի, միայն Արթիկը, Փոքր Մանթաշն ու Վարդաքարը 22 միլիոն դրամի պարտք ունեն: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել, այլապես անիմաստ է նախորդ գյուղապետերին քննադատելը: Հարյուր հազարից ավելի պարտք ունեցողներին զգուշացնենք, որ դատական կարգով գումարը կգանձվի: 2009թ. առանց պարտքերի պետք է մուտք գործեք, յուրաքանչյուրը պետք է ներկայացնի դեբիտորական պարտքեր ունենալու է, թե` ոչ: Եվ հետո, մի ուռճացրեք հաստիքները, դրանք հաստատեք` ելնելով Ձեր բյուջեի հնարավորություններից: Բյուջեի նախագիծը կազմելիս էլ բարի եղեք ձեր համայնքի բնակիչների հետ քննարկել, հիմնավորեք եկամուտներն ու ծախսերը»,- ասաց Շիրակի մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը:
Շիրակի մարզպետն էլ հավելեց. «Ես բազմիցս ասել եմ` եթե համայնքի ղեկավարը իր տեղում է, ուրեմն սեփական եկամուտների հավաքագրումը նորմալ է, և բնակլիմայական պայմանները բնավ կապ չունեն: Օրինակ` Լանջիկը ամենացուրտ, ամենաբարձ լեռնային գոտում գտնվող համայնքն է, բայց եկամուտների հավաքագրման առումով առաջին տեղում է: Ի վերջո, գյուղապետերը պետք է հասկանան` պետք է հավաքագրեն, որ իրենք էլ ծախսեն: Այս առումով ամենավատը Արթիկն է, թեև քաղաքապետը նոր է ընտրված և, իհարկե, կկարողանա դուրս գալ այդ վիճակից: Ուզում եմ անդրադառնալ այն համայքների ղեկավարներին, որոնք հինգ-վեց հոգու հետ կռիվ տալով` անցան, սակայն գործ չեն անում, ես զարմանում եմ, թե ինչու են ուզում համայնքապետ աշխատել: Օրինակ` Շիրակը, Այգաբացը, Կարմրաքարը, Հովունին, Կապսը: Այն համայնքները, որոնք կհավաքագրեն սեփական եկամուտները, պետության աջակցությունից նրանք կօգտվեն, օրինակ` նրանց դպրոցները, ճանապարհները կվերանորոգենք, դոտացիան էլ պետք է սեփական եկամուտների հավաքագրմանը համաչափ տրամադրվի: Այս պահին չեմ ուզում անուններ տալ, բայց գյուղեր կատարած իմ այցի ժամանակ տեսա, թե ինչպես որոշ գյուղապետարաններում մի հատ աթոռ ու սեղան չկա, որ նստես, տեղեկանք ստանալու համար որոշ գյուղապետերի պետք է ման գաս, որ գտնես, աշխատանքի չեն գալիս` պատճառաբանելով, թե հիվանդ են, բայց բժշկի թուղթ չեն ներկայացնում ու չեկած օրերի համար էլ աշխատավարձ են ստանում: Ավագանու նիստերի արձանագրություններն էլ գրագետ ներկայացրեք, առանց տառասխալների, օրենքի պահանջներին համապատասխան: Եվ հետո` ուզում եմ խիստ նախազգուշացնել, որ սոցիալական ծառայություններին ճիշտ տեղեկություններ տրամադրեք, պիտի հիշեցնեմ, երբ կառավարությունը անցած տարի անդրադարձավ այս հարցին, բավականին թվով ընտանիքներ զրկվեցին այս նպաստից»:
Ի դեպ, մարզպետը գյուղապետերի հետ այնքան խիստ էր խոսում, որ նրանց հնարավորություն չէր տալիս գոնե արդարանալու: Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանն էլ, խոսելով համայնքապետարանների աշխատանքային ու կատարողական կարգապահության մասին, դարձյալ խստորեն քննադատեց գյուղապետերին: «Շատ գյուղապետարաններ չունեն աշխատանքային ներքին կարգ, ինչ է նշանակում` գյուղապետը տնից է տեղեկանք տալիս: Ավելին ասեմ, որոշ համայնքներ չունեն գյուղապետարաններ, չկան սեղան և աթոռներ: Անձամբ իմ հետ է պատահել, գնացել եմ գյուղերից մեկը, որտեղ հանդիպելու էի հին ու նոր ընտրված գյուղապետերի հետ, մի աթոռ չկար, որ իրենք նստեին, ես ոտքի վրա էլ կարող էի կանգնել: Էլ չեմ ասում, որ շատերը համայնքային ծառայող լինելով` չգիտեն իրենց պարտականությունները, ավագանու որոշումները կազմում են անգրագետ, տառասխալներով, երբ գնում ես ստուգման, հենց այդ ժամին կազմում, որոշում են դարձնում ու տասնյոթ օր հետո նոր միայն մարզպետին են ներկայացնում: Դուք չգիտեք, որ օրենքը յոթ օր է սահմանում: Մեր ստուգայցերի ժամանակ մեկ էլ աշխատանքային մատյանները տնից են բերում, կնիքն էլ են տներում պահում, համայնքապետը հասկացանք, որ կարող է տեղում չլինել, մի օր մարզպետարանում լինել կամ այլ տեղ, բա աշխատակազմը: Օգոստոսից սկսած` զգուշացնում ենք, որ մարզում կատաղություն հրվանդություն է տարածվել, բայց ոչ մի միջոցառում չեք ձեռնարկում: Զլանում եք նունիսկ գյուղապետարանի շենքերում ՀՀ կառավարության դրոշն ու նախագահի նկարը փակցնելուց»,- ասաց պաշտոնյան, որի վերջին բառերը մեծ աղմուկ առաջացրին դահլիճում: Մարզպետը գյուղապետերից մեկին նույնիսկ դիտողություն արեց.ՙ «Բայց ինչու էդքան ոգևորվեցիք»:
Չի բացառվում, որ մոտ օրերս մարզպետը անվստահություն հայտնի մի քանի համայնքապետերի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել