Վահագն Հարությունյան. «Ամեն ինչ պարզվելու է, չպարզված բան չի մնալու»
Այսօր գլխավոր դատախազությունում հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահագն Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ մինչեւ հիմա չեն հարցաքննվել նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, որոնք մարտի 1-2-ի դեպքերի հետ ունեցել են ուղղակի առնչություն:
«Դեռեւս շատ մարդիկ հարցաքննված չեն, եւ երբ նշվում է, որ գործի քննությունը շարունակվում է, ինքըստինքյան ենթադրում է նաեւ նոր մարդկանց հարցաքննություններ, հարցաքննվածների լրացուցիչ հարցաքննություններ` դրանից բխող բոլոր հետեւանքներով ու գործողություններով»,- մանրամասնեց Վ. Հարությունյանը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը, «եթե նրանից կոնկրետ հարցեր պարզաբանելու համար նույնիսկ այդ հարցն առաջանա, ապա, կարծում եմ, նախաքննական մարմինը կարող է հարցաքննել նաեւ նրան»:
«Եթե բազմաթիվ մարդիկ դեռ պետք է հարցաքննվեն, այդ դեպքում որքանո՞վ է ամբողջական եւ հիմնավորված «Յոթի գործով» նրկայացված մեղադրանքը: Չէ՞ որ այդ հարցաքննությունները կարող են ի հայտ բերել նոր հանգամանքներ»,- հարցրին լրագրողները: «Նախաքննությունը գտել է, որ հավաքված ապացույցները բավարար են այդ յոթ անձանց մասով գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար»,- նշեց ՀՔԾ ղեկավարը եւ մանրամասնեց, թե դա չի նշանակում, որ բացառվում է նախաքննության ընթացքում նոր հանգամանքների ի հայտ գալը. «Առհասարակ, ցանկացած այլ գործով նման հանգամանքը բացառելն ուղղակի հնարավոր չէ»: Իսկ թե երբ կզգացվի նախկին նախագահներին հարցաքննելու կարիքը, Վահագն Հարությունյանը չգիտի. «Կորող է մեկ տարի էլ անցնի, բայց դրա անհրաժեշտությունը չլինի»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել