Ալվարդ Պետրոսյան. «Փոթի նավահանգստի համար վիզ ծռել պետք չի»
Գնահատելով հայ-վրացական հարաբերությունները և վերջերս Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունները, ԱԺ պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության անդամ, գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը նշեց, որ հայերս չափազանց երեսպաշտորեն ենք վերաբերում մեզ հետ մյուսների վերաբերմունքին: «Մենք անվերջ քծնախառն սիրո բացատրություններ ենք շռայլում մեր եղբայր ժողովուրդների նկատմամբ, բայց կարծում եմ, որ դա ճիշտ չէ. պետք է բնավորություն ցույց տալ»,-Հետքի հարցին ի պատասխան` ասաց ԱԺ պատգամավորը:
Ալվարդ Պետրոսյանը համոզված է, որ ինչքանով վրացիներն են պետք հայերին դեպի ծով իրենց ընդամենը մի ճանապարհով, հարյուր անգամ հայերն են անհրաժեշտ եղել և դեռ էլի կլինեն վրացիներին, քանի որ Վրաստանի առաջ Հայաստանը միշտ վահանի դեր է կատարել, երբ եկել են բյուզանդացիները, արաբները, պարսիկները և այլք:
«Հայաստանը պատի նման կանգնած է եղել նրանց առջև հոգևոր-մշակութային արժեքներով: Մենք պետք է մեծատոհմիկի դիրքորոշում ունենանք, ոչ թե անընդհատ վիզներս ծռենք Փոթի նավահանգստի համար: Խեղճերին ոչ ոք չի խղճում»,-ասում է Դաշնակցություն խմբակցության անդամը: Աժ պատգամավորը հաստատում է, որ իշխանությունները այս ամենը լավ գիտեն, բայց պետք է ճշգրտել մեր մերձավոր բարեկամների հետ հարաբերվելու դիվանագիտությունը ու քաղաքականությունը: «Իսլամական Իրանում պահպանվում են մեր պատմամշակութային հուշարձանները, իսկ մեր անվերջանալի ձոների մեջ խեղդված բարեկամները ինչպես են վերաբերվում մեր հուշարձաններին: Իրանը կարիք չունի ուրիշի պատմությունը իրացնելու, նա իրենը ունի»,- հավելեց Ալվարդ Պետրոսյանը: Իսկ այն, որ հայերը անվերջ վրացիներին սեր են բացատրում, ըստ Ալվարդ Պետրոսյանի` եկել է ստալինյան բռնապետությունից և մեզ հասած կեղծ հոգեբանության արդյունքն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել