HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կռիվը Լևոն Տեր-Պետրոսյանն էր սարքել

«Ես չեմ ուզում ընկնել ծայրահեղության մեջ` իբր թե բանտերում հրեշտակներ են նստած, և նրանց անմեղ տեղը հանկարծ դատում են: Թող լինի այն, ինչ պետք է լինի, բայց արագ լինի»,-այսօր «Ուբաթ» ակումբում լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր, Դաշնակցության խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը:

Բանախոսը կարծում է, որ չի կարելի դատավարության իմաստը բարոյազրկել և մեղադրանքներ հնչեցնել դատարանին: Ալվարդ Պետրոսյանը համոզված է, որ մարտի 1-ի գործի ձգձգումը, հանձնախմբերը, ելույթները, մամուլի ասուլիսները որևէ կապ չունեն դատաիրավական գործընթացի հետ, որտեղ պիտի պարզվի, թե ինչ է կատարվել այդ օրը. «Ես բոլորովին սև ու սպիտակին չեմ հավատում, որ այն կողմում գազանի պես իշխանություններն են, որոնք միայն հրամայեցին բռնություններ, այս կողմում էլ թռչող հրեշտակներ էին»:

Աժ պատգամավորը գտնում է, որ ընդդիմության առաջնորդը չափազանց հանգիստ է վերաբերվում այս դատավարություններին, և դա օգտագործում է որպես չափազանց լուրջ հաղթաթուղթ: Ըստ պատգամավորի` դա այնքան էլ բարոյական չէ նրա կողմից. «Այս կողմում գոնե աթոռները պահպանելու տառապանք կա, իսկ իրենց կողմում ոչ մի տառապանք չեմ տեսնում»:

Ալվարդ Պետրոսյանը չգիտի, թե կոնկրետ ինչ պետք է ձեռնարկի Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց համոզված է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է փոխզիջման գնա, պետք է մշակի քայլեր, որովհետև այնտեղ մարդկային ճակատագրեր են: Ալվարդ Պետրոսյանը ուզում է հավատալ, որ այս երկրում դեռ դատարան կա, իսկ լրագրողների այն հարցին, թե բանտում «Յոթի գործով» անցնող իր գործընկերներին քաղբանտարկյալներ համարում է , թե ոչ, բանախոսը նկատեց, որ դա միայն դատարանը կորոշի, բայց խոստովանեց, որ Ալ. Արզումանյանին չի պատկերացնում որևէ մեկի գլուխը ջարդելիս:

«Եկեք սպասենք դատական պրոցեսի ավարտին»,-ասաց նա: Դաշնակցության խմբակցության անդամը նաև չի կարծում, որ այն, ինչ կատարվել է մարտի 1-ին, ոչ միայն քաղաքական գործողություններ էին, այլ կային նաև քրեական հանցագործություններ: «Կռիվը սարքել էր, բայց եթե իշխանությունները կարողացան իր` ոչ շնորհքով սարքած կռվից օգտվել, դա արդեն իրենց խնդիրն է»: Իսկ մարտի 1-ին «կռիվ սարքողը», ըստ բանախոսի, հենց Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter