HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում էլ են ցանկանում բարձրացնել դատավորների աշխատավարձերը

ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում օրակարգային երկու տասնյակի հասնող հարցերի շարքում քննարկվեցին նաեւ ԼՂՀ վերահսկիչ պալատի եւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի գործունեության 2009թ. տարեկան ծրագրերը: Պատգամավոր Արթուր Թովմասյանը հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրեց Ղարաբաղում առկա այն անընդունելի երեւույթի վրա, ըստ որի` ցորենի գինը վերջին շրջանում նվազել է 30-ից ավելի տոկոսով, սակայն հացի գինը հանրապետությունում մնում է նույնը: Ի պատասխան` հանձնաժողովի նախագահը եւս, անընդունելի համարելով փաստը, հայտնել է, որ այժմ ոլորտում ուսումնասիրություններ են կատարվում` հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են հացաթխման 5 ընկերություններ: Արդյունքներն ամփոփելուց հետո կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Նիստում քննարկումներ ծավալվեցին նաեւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների աշխատավարձերի շուրջ: Պատգամավոր Արթուր Թովմասյանի կարծիքով` սխալ է, որ գլխավոր դատախազն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան երկրի նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը: Իսկ պատգամավոր Ռոմելա Դադայանի կարծիքով` 2009-ից սահմանվող նվազագույն աշխատավարձի 30 հազար դրամի չափի ֆոնին բավականին ճչուն է 250 հազար դրամի մասին խոսելը: Այսօրվա քննարկմանը ներկայացվեցին նաեւ "ԼՂՀ օրենսդիր, գործադիր, եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին" օրենքում փոփոխությունները եւ լրացումները, որոնք ենթադրում են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի պաշտոնային դրույքաչափը 187 հազար դրամի փոխարեն 220 հազար դրամի սահմանում: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ "Հայրենիք" խմբակցության եւ "Ազատ հայրենիք" կուսակցության կողմից առաջադրված եւ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Վալերի Հարությունյանի հրաժարականի մասին հարցը, սակայն, ինչպես նշեց խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, խմբակցությունում եւ կուսակցությունում հարցը քննարկվել է եւ որոշվել է հրաժարականը չընդունել: Ինչպես "Հետքի"-ի հետ զրույցում նշեց պատգամավոր Վալերի Հարությունյանը, որը հիմա հանդիսանում է նաեւ "ԱրցախՀԷԿ" ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, հրաժարական տալու պատճառը հիմնականում աշխատանքային ծանրաբեռնվածությունն էր, սակայն, եթե կուսակցությունը որոշել է, որ պետք է մնա, համաձայնվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter