Վահագն Հարությունյան. «Կրկին կլինեն գործեր, որոնք կուղարկվեն դատարան»
Հատուկ քննչական ծառայությունում մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված քննությունը դեռ շարունակվում է: «Իբրեւ վկաներ հարցաքննվել են 2500-ից ավելի քաղաքացիներ, ոստիկանության 500-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ: Տուժող են ճանաչվել շուրջ 250 անձինք, կատարվել են մի քանի հարյուր զննումներ, առգրավումներ, խուզարկություններ, քննչական փորձարարություններ եւ առերեսումներ: Նշանակվել են 500-ից ավելի տարատեսակ փորձաքննություններ»: Այս տվյալները գլխավոր դատախազությունում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաղորդեց ՀՔԾ պետ Վահագն Հարությունյանը: Թեեւ հիշյալ իրադարձություններից անցել է ավելի քան ինն ամիս, Վ. Հարությունյանը նշում է, թե բավականին անելիքներ դեռ առջեւում են. «Մասնավորապես եւ առաջին հերթին տվյալ օրերին ինչպես ոստիկանական ամբողջ համակարգի գործունեությանը, այնպես էլ անհատ անձանց գործողություններին եւ դրանց իրավաչափությանը գնահատական տալուն»,- ասում է ՀՔԾ ղեկավարը:
Նրա խոսքերով` տարվում եւ տարվելու են աշխատանքներ կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու ուղղությամբ, «քանի որ առ այս պահը դեռեւս չեն բացահայտվել եւ իրավական գնահատական չի տրվել բոլոր կազմակերպիչների գործողությունների մասով, այդ թվում` նաեւ կատարողների մասով: Այդ ուղղությամբ քննությունը կտարվի եւ տարվում է` ի հայտ բերելու ինչպես նրանց անձը, այնպես էլ արարքը հիմնավորող ապացույցների առկայության դեպքում կրկին կլինեն գործեր, որոնք կուղարկվեն դատարան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել