Նախագահ Սերժ Սարգսյանը փոխգնդապետ Մարտիրոսյանին պարգեւատրել է Արիության մեդալով
Այսօր Հանրապետության նախագահը N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանին հանձնել է պետական բարձր պարգեւ` Արիության մեդալ: Շնորհակալություն հայտնելով ծառայության համար` Զինված ուժերի գերագույն հրամանատարն ասել է. "Ուրախ եմ ու հպարտ, որ մեր բանակում ավելանում է սպաների թիվը, ովքեր պատրաստ են անհրաժեշտ պահին արիության եւ խիզախության օրինակ ցույց տալ: Զինվորականի մասնագիտությունն այնպիսին է, որ նույնիսկ խաղաղ պայմաններում երբեմն կյանքը վտանգի է ենթարկում":
Երկրի ղեկավարը կրկնակի խրախուսելի է համարել, որ զինվորականը կյանքը վտանգում է իր ենթակայի` զինվորի կյանքը փրկելու համար: "Հրամանատարը այդպիսին պետք է լինի",- շեշտել է նա:
2008 թվականի դեկտեմբերի 12-ին զորամասի հրաձգարանում մարտական նռնակի նետման գործնական պարապմունքի ժամանակ վարժությունը կատարելիս կրտսեր սերժանտի ձեռքից նռնակը վայր է ընկել ու պայթել: Այդ պահին փոխգնդապետ Մարտիրոսյանը, դրսեւորելով անձնական արիություն, իր մարմնով ծածկել է զինվորին` փրկելով նրա կյանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել