Պատկերացրու քո ապագան
Այսպես է կոչվում ծրագիրը, որը Բրիթիշ Քաունսիլի «Ապրենք միասին» ծրագրի մասն է կազմում: Ծրագիրը հնարավորություն է տալիս էթնիկ խմբերի ներկայացուցիչներին եւ փախստականներին 1-2 րոպեանոց վիզուալ պատմություններ պատրաստել իրենց հուզող, հետաքրքրող հարցերի, խնդիրների, նույնիսկ իրերի մասին: Հայաստանում էթնիկ խմբերի 17 ներկայացուցիչ այսօր Նարեկացի արվեստի միությունում ներկայացրեցին իրենց վիզուալ պատմությունները:
Քրդական համայնքը ներկայացնող Ռուսլանը ներկայացրեց ֆիլմ քրդական դրոշի մասին. «Մի անգամ ՄԱԿ-ից դրոշների պաստառ նվեր ստացա եւ բալիկս հարցրեց, թե որտեղ է քրդական դրոշը, ես էլ չկարողացա պատասխանել: Այս դեպքն է ներկայացված իմ ֆիլմում»:Ռուսլանը հույս ունի, որ դրոշը մի անգամ ՄԱԿ-ի անդամ դրոշների պաստառում կգտնի իր տեղը:
Ուկրաինական համայնքի ներկայացուցիչ Արմինե Վարդանյանի ֆիլմը պատմում է մեկ օրվա մասին. «Մեկ օր, որի ընթացքում ոչինչ չի ստացվում: Ֆիլմում ներկայացրել եմ այդ ամենը տեսաշարի տեսքով, օրինակ սուրճը թափվում է շորերին, կրունկի հետ է պրոբլեմ ունենում հերոսը, հեռախոսի մարտկոցն է նստած»:
Անահիտ Ավագյանի «Ձեռք» ֆիլմը պատմում է իր մասին. «Քանի որ ես հայ-հնդկական սինթեզ եմ, ուստի ֆիլմը օրիգինալ է ստացվել: Ֆիլմում շեշտը դրել եմ մշակույթի եւ իմ միջավայրի վրա»: Հասմիկ Հարությունյանն էլ իր ֆիլմում` «Իմ կուռքը», ներկայացրել է ոչ թե Լեհական համայնքի խնդիրները, այլ պատմել է կուռքի հետ հանդիպման մասին. «Ֆիլմը իրական դեպքերի վրա է հիմնված: Ժամանակին իմ կուռքը «Օտպետիյե մոշեյնիկի» խմբի մենակատարն էր, հանդիպել եմ նրա հետ եւ նկարները, տպավորություններս ու հետեւանքները ներկայացրել ֆիլմում»: Ծրագրի համակարգող Լիլիթ Քալանթարյանը ասում է, որ ծրագրի գաղափարը հանդուրժողականությունն է, որի վառ օրինակը դարձան դասընթացները. «Ֆիլմերը, եթե դիտարկենք տեխնիկական առումով, զիջում են, սակայն ստացվել են հետաքրքիր պատմություններ` բնորոշ տվյալ ազգին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել