HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2009 թ. բյուջեն հակաճգնաժամայի՞ն է, թե՞ ոչ

Այսօր «Դե Ֆակտո» ակումբում այս հարցի շուրջ բանավիճում էին տնտեսագետներ Վահագն Խաչատրյանը (Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ) եւ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ խմբակցության անդամ):

Ա. Մինասյանը գտնում է, որ միայն պետական բյուջեն չէ, որ պետք է դիտարկել որպես ռազմավարական փաստաթուղթ. «Կառավարությունը հայտարարեց մի շարք առաջնահերթ գործողությունների մասին, որոնք միտված են ճգնաժամի բացասական հետեւանքները նվազեցնելու համար»:

Սակայն որպես տնտեսագետ Ա. Մինասյանը այդ գործողությունների մեջ անորոշություններ է տեսնում. «Մեր խմբակցության համար անորոշ է, թե աջակցության ծրագրերի շրջանակներում տրված 300 միլիոն դոլարին համարժեք դրամը, որ փորձում են ներգրավել տնտեսության մեջ` փոքր եւ միջին բիզնես, ո՞ր ուղղությամբ է կատարվելու եւ ի՞նչ արդյունքներ ենք ակնկալում»: Ա. Մինասյանը նաեւ հերքեց ՀԱԿ-ի այն հայտարարությունը, թե ԱԺ-ում տնտեսական ճգնաժամի մասին որևէ լուրջ քննարկում չի ծավալվել, և պետական բյուջեն ընդունվել է հունիս-հուլիսի քննարկումների հիման վրա. «Քննարկումներ եղել են ե´ւ լսումների, ե´ւ հանդիպումների ժամանակ»:

Ըստ Արծվիկ Մինասյանի` նման հայտարարությունների պատճառը տեղեկատվության չտիրապետելն է: Վահագն Խաչատրյանն էլ փորձեց համոզել, թե ինքը ծանոթ է քննարկումներին. «ԱԺ-ի կայքէջում եմ ծանոթացել»,- ասաց նա: Սակայն Ա. Մինասյանն ընդդիմացավ, թե կայքում հնարավոր չէ ամբողջական ինֆորմացիային ծանոթանալ: Վ. Խաչատրյանն էլ կարծում է, որ ինքը մեծ կորուստ չի ունեցել եւ շեշտում է, թե այն մարդկանցից չէ, որոնք ծանոթ չեն տեղեկատվությանը:

Վ. Խաչատրյանը նշում է, որ որեւիցէ քայլ չի ձեռնարկվել հարկային քաղաքականությունը փոխելու համար, նաեւ` «Չեք ուզում պաշտպանել փոքր եւ միջին բիզնեսը, այլ հլու-հնազանդ ձեռք եք բարձրացնում»: Տնտեսագետն առաջարկում է «փրկության ծրագիր» ներկայացնել, քանի որ ճգնաժամի առաջին փուլը չենք դիմագրավել. «Իշխանությունը կարծում էր, որ ճգնաժամի ցունամին Հայաստան չի հասնի, քանի որ Հայաստանի ֆինանսական համակարգը ինտեգրված չէ Համաշխարհային ֆինանսական համակարգին եւ Հայաստանի տնտեսությունը փոքր է, նաեւ հույս ունեին, որ եթե ոսկի չունենք, ապա վալուտային միջոցները կբավարարեն»:

Սակայն Վ. Խաչատրյանը փաստում է, որ ճգնաժամը ազդեց ոչ միայն ֆինանսական շուկայի, այլ նաեւ տնտեսության վրա. «Ես առաջարկում եմ ճգնաժամային պայմաններում հետաձգել վարչարարության հետ կապված խնդիրները, պետք է լուծել ներքին արտադրողի առջեւ ծառացած խնդիրները»: Ա. Մինասյանն էլ առաջարկներ ունի. «Պետք է իրականացվեն փոփոխություններ հայրենական արտադրության բնագավառում, ինչի վերաբերյալ առաջարկություններ ենք արել կառավարությանը»: Ա. Մինասյանը գտնում է, որ ամենակարեւորը թերեւս 2009թ կատարվելիք շինարարության ֆինանսավորումն էր, որպեսզի անշարժ գույքի շուկայում գների անկում չլինի, ինչը կառավարությունը չարեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter