
Նարեկ Հարթունյանի պատասխանը Սեւակ Արծրունու փաստաբանին
Ծանոթացա «Սփյուռքահայ ներդրողներ. ինչպես թալանել Հարթունյան ընտանիքին» և «Տնօրենը ընկերության փողերով բնակարան է գնել, իսկ Սևակ Արծրունին` թիկնապահներ վարձել» վերնագրերով ս.թ. հուլիսի 14-ի և 22-ի հոդվածների կապակցությամբ փաստաբան Նիկոլայ Հակոբյանի կողմից 26.07.2011թ.-ին զետեղած վերոհիշյալ հոդվածների պատասխանին ու ապշեցի... Ամեն ինչ չափ ու սահման ունի, բանը բանից անցել է ու արդեն վաղուց: Ժամանակն է բացահայտել ճշմարտությունը...
Ակնհայտ է, որ Սևակ Արծրունին (Արզարունին), «թաքնվելով» փաստաբանի թիկունքում, սուտ հոդվածներ է տպում նրա անվան տակ: Իսկ փաստաբանն էլ, վերցնելով պատասխանատվությունն իր վրա, նրան թույլ է տալիս դա անել` սուտը փորձելով ներկայացնել իբրև ճշմարտություն: Նման երևույթները վարկաբեկում են փաստաբանի անունը:
Մյուս կողմից, չեմ բացառում, որ Ն.Հակոբյանն ընկել է Ս.Արծրունու կողմից «հյուսված» ծուղակի մեջ, որտեղ երկար տարիներ գտնվել եմ նաև ես: Միայն մի բան եմ խնդրում պարոն Հակոբյանին` լիարժեք ծանոթանալ նյութերին և հետո հայտարարություններ անել Ս.Արծրունու փոխարեն:
Ավելորդ համարելով` չեմ ցանկանում անդրադառնալ փաստաբանի կողմից հոդվածների պատասխանում բարձրացված բոլոր հարցերին, սակայն չեմ կարող չնշել որոշ պահերը, որոնք միտումնավոր կերպով խեղաթյուրվել են: Հարկ եղած դեպքում, մնացած հարցերի մասով նյութերը կներկայացվեն լրացուցիչ, այդ թվում` նաև համապատասխան մարմիններին:
Ինչու է Արծրունին փաստաբանի միջոցով հանդես գալիս... վախենու՞մ է, թե՞ խուսափում: Ի դեպ, «խուսափել» բառը փաստաբանի կողմից իմ նկատմամբ շատ է օգտագործվում, որն անտեղի է: Եթե խուսափող լինեի, ապա վաղուց կմեկնեի ԱՄՆ ու ինձ համար հանգիստ կապրեի:
Խուսափում
Խուսափողն իր փաստաբանի միջոցով է պատասխանում, խուսափողն Արտյոմ Մարտիրոսյանի ձեռքով է գործում ու նրան հարվածի տակ դնում, խուսափողն իր կողմից հափշտակած գույքն իր ազգականների ու ծանոթների անուններով է գրանցում, խուսափողի թիկնապահները նրա անունից մարդ են ծեծում, այս ցանկը երկար է...
Եվ վերջապես, խուսափողը մինչ օրս չի ներկայացրել իր պահանջը` հաշիվ, թիվ, որն, ի դեպ, պետք է մեզ ներկայացներ իր հրաժարականի հաջորդ օրը: Արդյո՞ք նրա համար, որ պահանջի հիմքերը կառուցված են չափազանցված ստերի հիման վրա, թե՞ նրա արդեն իսկ տարածը (Մաշտոցի փողոտայի 33ա-ի բազմաֆունկցիոնալ շենք (սեփականության վկայական թիվ 2671151), «Դավթաշեն» նախագիծ` կերպարանափոխված «Եռանավ» ՍՊԸ-ի (www.yeranav.am) և այլն) շատ ավելին է, քան այդ բավականին վիճելի պարտավորագրով իբրև թե իրեն հասանելիքը:
Ավելին, նույնիսկ դատարանը Ս.Արծրունու առանց հայցագնի հայցով արգելանք է դրել Հայաստանում մեր ընտանիքի ողջ ունեցվածքի վրա: Հիշատակելով 25%-ի մասին` փաստաբանը չի խորացել դրա էության մեջ: Պարտավորագիրը վերաբերում է մաքուր շահույթի 25%-ին, որը պետք է առաջանար «...մեր կողմից կատարված ներդրումներից ստացած շահերից` հանած ծախսերը, վնասները և նախօրոք ստացած գումարները...»:
Ս.Արծրունին որևէ ներդրում չի կատարել իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ, հետևապես հետագա խոսակցությունները 25%-ի մասին ավելորդ են և զուրկ իրավական ու բարոյական հիմքերից: Իսկ ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, որ Ս.Արծրունին անցած 6 տարիների ընթացքում մեր համար ապահովել է միլիոնավոր դոլարների շահ, ապա դա բացարաձակապես չի համապատասխանում իրականությանը:
Եթե անգամ Ս.Արծրունու կողմից մեր ընտանիքին մատուցվել է ինչ-որ «ծառայություններ», ապա ոչ անվարձահատույց: Մասնավորապես, նրա ամսական վարձատրությունը, իր իսկ որոշմամբ, կազմել է 720 հազար ՀՀ դրամ: Ավելին, մեր ընտանիքի կողմից նրան նվիրաբերվել է 175 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար` Զաքյան փողոցի 5-րդ շենքում բնակարան ձեռք բերելու համար` չհաշված վերանորոգման, կահավորման և այլ ծախսերը...
Իրականում, Ս.Արծրունու գործողությունների արդյունքում մեր ընտանիքը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում ոչ միայն շահույթ չի ստացել, այլ կրել է զգալի վնասներ (այս փաստը Ս.Արծրունին անձամբ հաստատել է իր իսկ ներկայացված հաշվետվություններում, որոնց հիմքով պահանջել է լրացուցիչ ներդրումներ` իբր թե իրավիճակը շտկելու նպատակով): Ավելին, մինչ օրս Ս.Արծրունու նախաձեռնությամբ տնօրեն Ա.Մարտիրոսյանի կողմից վերցված վարկերը տոկոսների հետ միասին փակվում են մեր «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի կողմից:
Իմ նախաձեռնությամբ հրավիրված անկախ աուդիտորական ստուգմամբ պարզվել է, որ 2009թ.-ի սեպտեմբերից մինչև 2010թ.-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ս.Արծրունին և նախկին տնօրեն Ա.Մարտիրոսյանը, հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ, միայն «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ից հափշտակել են շուրջ 120 մլն ՀՀ դրամ, որի կապակցությամբ մեր կողմից նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:
Եթե մեզ ժամանակին արժանահավատ հաշվետվություններ ներկայացված լինեին դրա մասին, ապա մենք հիմա ստիպված չէինք դիմի իրավապահ մարմիններին, այն էլ կատարված հանցագործության մասին հաղորդմամբ:
Վախ
Իսկ եթե վախենում է, ապա ինչու՞ էլ ավելի չի համալրում իր թիկնապահների ցանկը, որոնցից գոնե հինգին լավ եմ հիշում: Մասնավորապես, այն ճակատագրական օրը` 2010թ.-ի սեպտեմբերի 25-ին, երբ նրանք Ս.Արծրունու հետ ներխուժեցին մեր ընկերության տարածք, որտեղ Ս.Արծրունին ջարդ ու փշուր արեց հայրիկիս գրասենյակում տեղադրված մորս հիշատակի ամենասուրբ իրերը և ոչ միայն:
Այնուհետև, շարունակեց իր խուլիգանությունը` բղավելով և սպառնալով, որ ինձ կսպանի: Այո, այդ թիկնապահները ՀՀ ոստիկանության պետական պահպանության աշխատակիցներ էին և, համաձայն փաստաբանի պատասխանի, պետք է պահպանեին ընկերության գույքը և թույլ չտային նույնիսկ Ս.Արծրունուն վնասել այն, հաշվի առնելով, որ սեպտեմբեր ամիսը, ներառյալ իրենց աշխատավարձը, վճարվել է ընկերության կողմից:
Բայց, քանի որ պայմանագիրը կնքված էր Ս.Արծրունու և այդ վարչության միջև, որպես անձի անվտանգության և նրա ունեցվածքի պահպանության իրականացման վերաբերյալ` թերևս տղաները «որոշեցին» զերծ մնալ միջամտելուց...
Նրա այդ վայրագ արարքն էր, որ ինձ հանեց մոլորությունից: Ճակատագրական էր, թերևս, այդպես էլ պետք է լիներ, որ հետզհետե մարդիկ իմ միջոցով ճանաչեն իսկական Արծրունուն և ոչ նրան, ում ինքն է ներկայացնում` չդառնալով իր «կախարդանքի» և, հետևաբար, նաև չարաշահումների զոհը...
(շարունակելի)
Նարեկ Հարթունյան
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել