Ի՞նչ սպասել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից
կամ՝ Ու՞մ ուսերին էր 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման բեռը
Ինչպես տեղեկացրել էինք, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը այսօր Փարիզում գումարվելիք նիստում կքննարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընթացիկ տարում ընդունած 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցը եւ բանաձեւի նախագիծը: Ի՞նչ սպասել կայանալիք նիստից. այսօր «Դե Ֆակտո» ակումբում փորձեցին կանխագուշակել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը եւ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:
Ա. Մինասյանը գտնում է, որ երկու բանաձեւերի ուղղությամբ կատարվել է աշխատանք, սակայն արդյունքները ՀՅԴ ներկայացուցիչը կատարյալ չի համարում. «Ակնկալում եմ կատարված աշխատանքի ճիշտ գնահատական, նաեւ հույս ունեմ, որ ճիշտ կընկալվի այն, ինչ արել ենք մինչ այսօր»:
Կոշտ գնահատականների առումով ԱԺ պատգամավորը մտավախություն չունի. «Եթե գնահատականը իրատեսական է, գնահատում է մեր իրականությունը, նշանակություն չունի՝ կոշտ է, թե փափուկ»:
ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ գնահատականները Հայաստանի համար «լավը չեն լինելու». «ՀՀ իշխանությունները չեն կատարել այն պարտականությունները, որոնք նախատեսված են բանաձեւերի շրջանակներում»: Վահագն Խաչատրյանը համոզված է նաեւ, որ գնահատականները, որոնք կտրվեն այսօր, ոչ մի ազդեցություն չեն ունենա մեր իրականության վրա:
Ա. Մինասյանն էլ հակառակն է պնդում. «Անդրադարձ կունենա՝ անկախ գնահատականից, քանի որ դրանով են պայմանավորված հետագա քայլերը, ուզում եմ հիշեցնել, որ բանաձեւերի պարտականությունների հիմնական բեռը իշխանությունների ուսերին է, բայց ընդդիմությանն էլ է ուղղություն տրված, որ նրանք մասնակցեն իրավիճակի շտկմանը»: Ա. Մինասյանը կարծում է, որ ընդդիմությունն էլ մարտի 1-ի գործի բացահայտումների համար բավարար քայլեր չի ձեռնարկել:
Սակայն Վ. Խաչատրյանը չգիտի, թե ինչ պիտի իրենք անեին, իսկ Ա. Մինասյանը հիշեցնում է. «Բանաձեւում գրված է, որ ակտիվորեն պետք է ներգրավվեիք հանձնաժողովների աշխատանքներում, փառք Աստծո, որ փաստահավաք խմբում կաք, բայց ժամանակավոր հանձնաժողովում Ձեր մասնակցությունը թույլ կտար, որպեսզի մեղադրանք ներկայացվեր պատշաճ տեղեկատվության հիման վրա»:
Վ. Խաչատրյանը գտնում է, որ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելը շատ փոքր մեղք է, որի պատճառով անհանգստանալ պետք չէ. «Բայց իշխանությունը ավելի մեծ մեղքի բաժին ունի` մարտի 1 է կազմակերպել»: Ա. Մինասյանն էլ խորհուրդ է տալիս առանց համապատասխան փաստերի չմեղադրել: Բավարար գնահատելով կատարվածը, այնուամենայնիվ, պատգամավորը երկու խնդիր է տեսնում. «Առաջինն այն է, որ սպանությունների բացահայտման աշխատանքները համապատասխան մակարդակի վրա չեն, իսկ երկրորդը` նախաքննական եւ դատական պրոցեսներում կան որոշ բացթողումներ գնահատականների տեսքով»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել