Մահափորձի պատվերը գալիս է վերևներից
Աբովյան քաղաքի Հյուսիսային քրեական դատարանում այսօր տեղի է ունենալու քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ի գիշերը Պտղնիի իր տան մոտ մահափորձ է կատարվել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի դեմ, նրա ուղղությամբ կրակել են, և գնդակը դիպել է պատուհանի վանդակաձողին: 1983 թվականին ծնված Արշակ Հայկազի Աղաբաբյանը մեղադրվում է քաղաքագետի դեմ իրականացված մահափորձի մեջ:
Նախորդ նիստերի ընթացքում պարզվել է, որ մեղադրյալ Արշակ Աղաբաբյանը փորձել է կատարել Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությունը ու սպանել քաղաքագետին: Մեղադրյալը խոստովանել է, որ պատվերը ստացել է ոմն հայտնի դեմքի` ազգությամբ ադրբեջանցի Ախանի կողմից, որը և' Ադրբեջանի, և' Վրաստանի քաղաքացի է: Մեղադրյալը դատարանին պատմել է, որ Ախանը սպանության համար պետք է վճարեր գործը գլուխ բերող երկու անձանց, յուրաքանչյուրին` 10 000 ամերիկյան դոլար, սակայն Ախանն ասել է, որ պատվերը իրենը չէ, այլ ուրիշ պատվիրատուներ կան, որոնց անհրաժեշտ է, որ Լևոն Մելիք-Շահնազարյանը այլևս ԶԼՄ-ում ելույթներ չունենա: "Պատվերը գալիս է ոչ թե Ախանից, այլ ավելի վերևներից: Ես համարում եմ, որ եթե նախաձեռնությունը չի եկել առաջին դեմքերից, ապա Ախանը երբեք այդքան փող չէր տա իրեն անծանոթ մեկին սպանելու համար",- համոզված է Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Լևոն Մելիք-Շահնազարյանը հրաժարվել է դատապաշտպանից ու իր շահերը ինքն է պաշտպանում. "Այսօրվա նիստին ուզում եմ կարճ պատմել իմ կենսագրությունը և իմ գործունեությունը, իմ գործունեության վերջին 20 տարին միանշանակ կապված է հայկական շահերը պաշտպանելու հետ,-Հետքին ասաց քաղաքագետը` հավելելով,- Ադրբեջանը և Թուրքիան, վարելով նույն քաղաքականությունը, չեն փորձել երբեք գաղափարապես ապացուցել իրենց ճշմարտությունը և անցել են ուղղակի տեռորի, որի նպատակն է փոխել մեր հասարակության մտքերը, նպատակները և ցանկությունները: Տեռոր էր նաև Գուրգեն Մարգարյանի, Հրանտ Դինքի սպանությունը, այսինքն` այնտեղ, որտեղ իրենք զիջում են և չեն կարողանում իրենց դիրքերը պաշտպանել, փորձում են հարցերը լուծել այլ ձևով":
Ախանինի դեռևս չի հաջողվել ձերբակալել, այդ պատճառով գործից անջատվել է մաս, և հետաքննությունը շարունակվելու է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել