Մարի Յովանովիչ. «Մենք շարունակում ենք անհանգստանալ քաղաքական նկատառումներով կալանքի տակ հայտնված մարդկանցով»
Շիրակ օդակայանի սահմանային կառավարման տեղեկատվական համակարգի բացման արարողությանը մասնակցելու նպատակով երեկ` դեկտեմբերի 17-ին, Գյումրի էր ժամանել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Նրա պարզաբանմամբ` սահմանային անցակետերում ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրումը կպաշպանի Հայաստանը անցանկալի մարդկանցից` հանցագործներից, թմրանյութեր ներկրողներից, անկանոն միգրացիայից, մարդկանց թրաֆիկինգից:
Այս մասին, բնականաբար, առաջին օպերատիվ տեղեկությունները կստանան սահմանապահները` դրանք անմիջապես հասցնելով իրավապահ մարմիններին: Մեկ միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորել էին ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն, որը հատկացրել էր 476 հազար ԱՄՆ դոլար, ՀՀ կառավարությունը և համակարգը ստեղծող «Ավիաինֆոտել» ՓԲԸ կազմակերպության կողմից: Դեսպան Մարի Յովանովիչը, մասնակցելով այս իրադարձությանը, այնուհետ հանդիպելով Շիրակի մարզպետի ու որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս հրավիրեց ու պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցերի մեծ մասը քաղաքական էին. ինչպես է գնահատում դիվանագետը ՀՀ իշխանությունների կողմից Եվրախորհրդի պահանջների կատարումը, ինչ կոնկրետ քայլեր է կատարում ԱՄՆ-ն Հայաստանում դեմոկրատիա հաստատելու ուղղությամբ, կան, արդյոք, դեսպանատնից քաղաքական ապաստան խնդրողներ, կշարունակվի, արդյոք, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը:
«Ես կարող եմ Միացյալ Նահանգների տեսանկյունից ներկայացնել, Եվրոպայի կողմից ոչինչ չեմ կարող ասել: Բոլորիդ հայտնի է ԱՄՆ-ի դիրքորոշումը այս տարվա փետրվարին կայացած ընտրությունների վերաբերյալ, մենք շարունակում ենք անհանգստանալ այն մարդկանց հարցով, ովքեր քաղաքական նկատառումներով են հայտնվել կալանքի տակ, և հուսով ենք, որ այս խնդրին լուծում կգտնվի: Կարծում եմ` սա կարևոր հարց է Հայաստանի ներաքաղաքական զարգացման առումով, սա նաև մի խնդիր է, որն անդրադառնում է Հայաստանի վրա միջազգային ասպարեզում: Կան նաև մեզ մտահոգող մի շարք հարցեր. դրանցից մեկը մամուլի ազատության հարցն է: Մի հասարակության համար, որը ձգտում է ժողովրդավարության, խիստ կարևոր է մամուլի ազատությունը, որպեսզի մարդիկ լինեն տեղեկացված և առաջընթաց ունենան: Ե'վ հավաքների իրավունքը, լինի ցույցեր` օրինական ձևով, կամ էլ, ասենք, հյուրանոցի մի սենյակում հանդիպում-հավաք ունենալու հարցը, եթե կրկին արվում է օրինական ձևով»: «Ինչպես է մեկնաբանում Մարի Յովանովիչը ՀՀ կառավարության կողմից հերթական անգամ Հայ Ազգային կոնգրեսին դահլիճ չտրամադրելու որոշումը» հարցին տիկին դեսպանը պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում, իմ կարծիքով` հավաքների ազատությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից է և համահունչ ՀՀ Սահամանդրությանը: Հայաստանում ժողովրդավարություն հաստատելը ԱՄՆ-ի խնդիրը չէ, Հայասատանն ինքը պետք է այդ հարցերով զբաղվի, մենք ունենք ծրագրեր, որոնք օժանդակում են լրատվամիջոցներին, աջակցում ենք ժողովրդավարությանը, երկխոսությանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, երկկողմ հարաբերությունների մակարդակում մենք խորհրդակցություններ, քննարկումներ ենք ունենում Հայաստանի հանրապետության իշխանությունների հետ, բայց, ի վերջո, դա Հայաստանի և Հայաստանի բնակիչների խնդիրն է` կերտել այն ապագան, որում դուք ուզում եք ապրել»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահ ընտրվելուց հետո պաշտոնական Վաշինգտոնը չշնորհավորհեց նրան, կփոխվի, արդյոք, վերաբերմունքը Բարաք Օբամայի օրոք, դիվանագետը պատասխանեց. "Ես կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները այս պահին էլ ջերմ ու արդյունավետ են, եթե վերջին մի քանի ամիսները նայենք, սեպտեմբեր ամսին նախագահ Սարգսյանը այցելեց ԱՄՆ, հանդիպեց պետքարտուղարի հետ, հոկտեմբերին այցելեց Հայաստանի վարչապետը, ով մի շարք հանդիպումներ ունեցավ, նաև ԱՄՆ-ից մի շարք այցեր եղան Հայաստան, այստեղ ժամանեց պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Ես կարծում եմ, որ հարաբերությունները ջերմ են, արդյունավետ, բազմակողմ, մենք աշխատում ենք քաղաքական, տնտեսական, մարդասիրական և անվտանգության հարցերի շուրջ: Եվ ես ակնկալում եմ, որ այս ամենը կշարունակվի նաև նախագահ Օբամայի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո»:
Դեսպանը «Հազարամյակի մարտահրավերներ»ծրագիր հետ կապված էլ պարզաբանումներ տվեց. «Ես կուզենայի մի փոքր ավելի պարզաբանել իրավիճակը, որովհետև, կարծես թե, մի փոքր թյուրըմբռնում կա: Դեկտեմբերի 11-ին «Հազարամյակի մարտահրավերներ» խորհուրդը հանդիպում ունեցավ Վաշինգտոնում, և քննության առնվեցին այն բարեփոխումները, առաջընթացը, որ գրանցել է Հայաստանի Հանրապետությունը մարտից հետո: Խորհուրդը վերահաստատեց իր մտահոգությունները երկրում ժողովրդավարական կառավարման վերաբերյալ և ընդգծեց այն հարցը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ կմնա նշանակալի բարեփոխումներ կատարելու իր պարտավորությանը: Խորհուրդը նշեց, որ իր մարտյան հանդիպման ժամանակ Հայաստանի հետ ծրագրի համագործակցության հարցը վերստին քննության կառնվի: «Հազարամյակի մարտահրավերներ»կորպորացիան շարունակում է հետևել զարգացումներին, նաև շարունակում է աշխատանքների իրականացումը 236 միլիոն արժողությամբ այս համաձայնագրի շրջանակում: Այս պահի դրությամբ` շուրջ 25 միլիոն ամերիկյան դոլար է հատկացվել, և այդ աշխատանքի շրջանակում վերապատրաստում են սկսում 18 հազար ֆերմերներ, ուսուցանվում է ջրային ռեսուրսների լավ տնօրինումը, ճիշտ սերմերի օգտագործումը, այն ամբողջ գործընթացները, որոնք անհրաժեշտ են արտադրանքը մինչև շուկա հասցնելը»: Ի
դեպ, դեսպանը խուսափեց պատասխանել մեր այն հարցին, թե նախագահական ընտրություններից հետո կան, արդյոք, դեսպանատնից քաղաքական ապաստան խնդրողներ:
Մեկնաբանել