Նախագահ Սարգսյանն ընդունել է գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշենկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է գեղասահքի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Եվգենի Պլյուշենկոյին, ով Հայաստանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր անունը կրող «ձևավոր չմշկասահքի մարզադպրոցի» ստեղծման ընթացիկ աշխատանքներին և սահադաշտի նյութատեխնիկական բազային ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:
«Հայաստանում սպորտին վերաբերում են մեծ հարգանքով: Սպորտը ճանաչում է բերում ժողովուրդներին: Դա հատկապես այդպես է փոքր ժողովուրդների պարագայում»,- նշել է երկրի ղեկավարը: Նա շնորհակալություն է հայտնել Եվգենի Պլյուշենկոյին` մեր երկրում այդ մարզաձևի զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու համար` նշելով, որ չմշկասահքը Հայաստանում գնալով ընդլայնում է իր համակիրների շրջանակը, ինչին էապես նպաստել է Մարզահամերգային համալիրում ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող սահադաշտի բացումը:
Մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի վերջին: Նախագահ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում գեղասահքի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել