Արցախցի մարզիկների նվաճումները երկրից դուրս
Այս տարվա ընթացքում արցախցի մարզիկների ելույթները բավականին հաջող են եղել Ղարաբաղից դուրս կազմակերպված մրցույթներում, որտեղ մրցանակային տեղեր գրաված մարզիկները շատ են, սակայն, ինչպես մեզ հայտնեցին ԼՂՀ սպորտի պետական կոմիտեում, առավել մեծ նվաճումների են հասել թվով 11 մարզիկներ:
Ղարաբաղցի շախմատիստ Հովիկ Հայրապետյանն այս տարի հաջող է հանդես եկել ՀՀ պատանիների մինչեւ 18 տարեկանների առաջնությունում, որտեղ գրավել է 2-րդ տեղը: Հովիկը նաեւ մասնակցել է Եվրոպայի պատանիների առաջնությանը եւ «Աէրոֆլոտ օփեն»միջազգային մրցաշարին, ինչպես նաեւ հանդիսանում է ԼՂՀ մեծահասակների չեմպիոն: Մեկ այլ շախմատիստ՝ Մանուել Պետրոսյանը, այս տարի առաջին տեղ է գրավել ՀՀ պատանիների մինչեւ 10 տարեկանների առաջնությունում: Փոքրիկ Մանուելը հանդես է եկել նաեւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում:
Եվրոպայի պատանիների առաջնության, Ասիական երկրների միջեւ մրցաշարի մասնակից սեղանի թենիսիստ Ռաֆիկ Հովհաննիսյանը ՀՀ կադետների անհատական առաջնությունում գրավել է երկրորդ տեղը, իսկ Իրանում 40-րդ համահայկական մարզական թիմային խաղերում գրավել է առաջին տեղը: Սեղանի թենիսիստ Աննա Ադամյանը առաջին տեղն է գրավել ՀՀ պատանիների առաջնությունում, ինչպես նաեւ` Իրանի 40-րդ համահայկական մարզական խաղերի մինչեւ 21 տարեկանների խմբում:
Իրանի 40-րդ համահայկական մարզական խաղերում թեթեւ ատլետիկայի մրցումներում հաջող է հանդես եկել նաեւ Աշոտ Հայրապետյանը, որը 1500մ եւ 5000մ վազքատարածություններում գրավել է առաջին տեղը: Նա լավագույն արդյունք է ցուցաբերել նաեւ ՀՀ առաջնությունում, Երեւան քաղաքի բաց առաջնությունում: Աշոտը նաեւ Եվրոպայի գավաթի խաղարկության մասնակից է:
Ղարաբաղից դուրս անցկացվող մրցումներում լավագույն նվաճումների հասած ամենահայտնի մարզիկներից մեկն է սամբիստ, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Դանիելյանը, որն այս տարի անցկացված աշխարհի առաջին չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը, որին արժանացել է նաեւ ՌԴ նախագահի գավաթի միջազգային մրցաշարում: Եվրոպայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը, Հարավային Կորեայում անցկացված սամբո ընբշամարտի համաշխարհային մրցաշարում`երրորդ տեղը:
Սամբիստ, Եվրոպայի առաջնության մասնակից Արմեն Ադամյանն առաջին տեղ է գրավել ՀՀ պատանիների առաջնության ընտրական մրցափուլում, Գառնիկ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում, Աշտարակ քաղաքի հիմնադրմանը նվիրված պատանիների եւ երիտասարդների առաջնությունում, ինչպես նաեւ ՀՀ վաստակավոր մարզիչ Վ.Ալեխանյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարում:
Կիոկուշին-կան-կարատե դո-յի մարզաձեւում Դավիթ Կարապետյանն այս տարի 2-րդ տեղ է գրավել Գերմանիայում անցկացված համաշխարհային ֆեդերացիայի բաց առաջնությունում:
Ուշուիստներ Դավիթ Գրիգորյանը եւ Համիկ Քոչարյանը նույնպես լավ արդյունքներ են ունեցել. Դավիթը առաջին տեղ է գրավել ՀՀ ավանդական ուշու-ի բաց առաջնությունում եւ ՀՀ <Ջին-կուն-դո> մարտարվեստների բաց առաջնությունում: Համիկը հաջող է հանդես եկել Թբիլիսիում անցկացված ուշուի միջազգային առաջնությունում` գրավելով առաջին տեղը, ինչպես նաեւ ՀՀ ԱՄԿ առյուծների մարտարվեստի ուշուի բաց առաջնությունում:
Արցախցի մարզիկ Անդրեյ Աղասարյանն էլ Կիպրոսում անցկացված թաեքվոնդոյի Եվրոպայի միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել