ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մարկ Պերին դը Բրիշամբոն այսօր Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսը: Հանդիպման առանցքում Ղարաբաղյան հիմնախնդրի կագավորման, տարածաշրջանային խնդիրներին եւ Հայաստանում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցեր էին:
Պարոն Բրիշամբոն կարեւոր համարեց, որ բարդ միջազգային իրավիճակի պայմաններում առկա է Ղարաբաղյան հակամարտության շուրջ դրական տրամադրվածություն, ինչը հնարավորություն է ստեղծում ապահովել ընդգրկուն եւ համապարփակ խաղաղ կարգավորում` մադրիդյան սկզբունքներին համապատասխան:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, եւ խնդրի լուծումը տեսնում է ազգերի ինքնորոշման իրավունքի տեսանկյունից, ինչը միջազգային ասպարեզում նույնպես առաջնային է դառնում:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները գնահատեց որպես առաջընթաց՝ այս համատեքստում կարեւորելով մոսկովյան համաձայնագիրը եւ հելսինկյան հայտարարությունը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը կարեւորեց ընթացող բանակցությունները` նշելով, որ խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Նրա խոսքով` բանակցությունները ցույց տվեցին, որ Հայաստանը դրսեւորում է փոխզիջումների, խաղաղ լուծումների իր տրամադրվածությունը, իսկ բանակցող մյուս կողմը` Ադրբեջանը միաժամանակ տարածում է ապատեղեկատվություն, խոսում է ուժի դիրքերից հիմնախնդիրը լուծելու մասին եւ իր հասարակությանը խոստանում, որ հարցը լուծվելու է առանց փոխզիջման:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ Ղարաբաղի` որպես անկախ պետության կայացումը փաստ է: Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան հիմնախնդիրրը միակն է, որ ունի ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական լուծում: Ղարաբաղում հաջողվել է ստեղծել ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք ամբողջությամբ վերահսկում են ուժային կառույցներին: Ղարաբաղի ժողովուրդը ստեղծել է ամենաժողովրդավարական երկիրը տարածաշրջանում: «Ժառանգության» համոզմամբ՝ Ղարաբաղը նույնպես պետք է մասնակցի բանակցային գործընթացին եւ որոշի իր հետագա ճակատագիրը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անընդհատ շահարկվող փախստականների խնդրին` պարոն Մարտիրոսյանը նշեց, որ, ի տարբերություն հայ փախստականների, ադրբեջանցի փախստականները հնարավորություն են ունեցել Հայաստանում վաճառել իրենց ունեցվածքը եւ բնակարանները: Եվ այն 450 հազար բնակարանները, որ թողել են հայերը, Ադրբեջանի իշխանությունները կարող էին տրամադրել ադրբեջանցի փախստականներին, այլ ոչ թե ճամբարներ կառուցել նրանց համար:
Պարոն Բրիշամբոն նշեց, որ վերջին զարգացումները բարենպաստ հնարավորություն են ստեղծում հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու համար՝ բարձր գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերն այս ուղղությամբ: Նրա համոզմամբ՝ հարցի խաղաղ կարգավորումը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական զարգացման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել