Միասնության մեծ օրը
Այսպես է կոչվում նոր երգն ու տեսահոլովակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Նարեկացի արվեստի միությունում: Երգը VO.X երաժշտական խմբի նախաձեռնությունն է, իսկ այն կատարել են VO.X-ը եւ ընկերները` Նորո, Մարի, Վահրամ Պետրոսյան, Անուշիկ Ալավերդյան, Արմեն Սարգսյան, Մարիաննա Հովհաննիսյան, Արեւիկ Ալավերդյան, Էրիկ Կարապետյան, Աստղիկ Սաֆարյան, Գոռ Մուջյան, Լիլիթ Հովհաննիսյան, Վարդան Բադալյան, Արսեն Գրիգորյան: VO.X-ը ներկայացնում են Գայանե եւ Արամ Ռիյանները, Արամը երգի հեղինակն է, նաեւ` տեսահոլովակի ռեժիսորը:
Երգը կոչ է Ամանորի նախաշեմին, որը առաջարկում է հպարտ սրտերին խոնարհվել, միմյանց նայել Աստծո աչքերով, դառնալ մեկ տուն եւ ընտանիք, քանդել դառնության պարիսպները: Կատարողները վստահ են, որ "մեզ կփրկի սերը, որը խաղաղության երաշխիքն է", միայն այդ սերը պետք է ապացուցվի ոչ թե խոսքով, այլ բարի գործերով: Երգը խնդրանք է փրկել Ամանորը:
Վահրամ Պետրոսյանը գոհ է երգից, սակայն դժգոհ է տեսահոլովակում իր տեսքից. "Տեսահոլովակը շատ լավ է ստացվել, անհատական է եւ ոճային":
Երգիչ Հայկոն մասնակցեց երգի եւ տեսահոլովակի շնորհանդեսին եւ մեզ հետ կիսեց տպավորությունները. "Ամենակարեւորն այն է, որ նոր սերնդի կատարողները, ովքեր երգեցին այս երգը, այս պահին մթնոլորտ են ստեղծել, որը տիրում էր 90-ականներին: Այդ ժամանակ մենք էլ չէինք մտածում փող աշխատելու մասին, այլ սրտանց հավաքվում էինք: Այսօր դահլիճում այդ մթնոլորտն է": Իսկ երգը Հայկոն "ստացված է համարում". "Երգը ստացվել է, քանի որ մարդիկ գործ են արել առանց կոմերցիոն շահերի, սա ամանորյա նվեր է մարդկանց համար":
Երգը կատարողներից Էրիկը գտնում է, որ այն բարի լիցքեր է հաղորդում. "Հույս ունեմ, որ լսելով երգը` մարդիկ կթեւակոխեն մյուս տարի բարությամբ լիցքավորված":
Կատարողներից Լիլիթ Հովհաննիսյանն էլ կարծում է, որ տեսահոլովակի բարությունը VO.X ընտանեկան նախաձեռնության անդամների ` Գայանեի եւ Արամի բարության արտացոլանքն է. "Իմ բոլոր սպասելիքները արդարացան":
VO.X երաժշտական խմբի մենակատար Արամ Ռիյանը բացատրեց կատարողների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ լինելու փաստը. "Մեր նպատակն է նոր սերնդի ներկայացուցիչներով վերակենդանացնել թե' Ամանորը, թե' արվեստը, թե' մշակույթը":
Ա. Ռիյանը չի վախենում, որ երգը սեզոնային կդառնա. "Երգը բարի է, եւ եթե նույնիսկ սեզոնային դառնա, ես ուրախ կլինեմ, որ մարդկանց գոնե այդ օրը բարին կմատուցի":
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել