Ավարտական ու միասնական քննությունները կանցկացվեն բոլոր առարկաների գծով
Այս տարի ավարտական և միասնական քննությունները կազմակերպվելու են միասնական ընթացակարգով բոլոր առարկաների գծով: Բացառություն են կազմում միայն բանավոր և մի քանի այլ` առանձնահատուկ բնույթ ունեցող առարկաների քննությունները: Այս մասին այսօր հայտարարեց Կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը:
Անցյալ տարվա միասնական քննակարգով անցկացվող առարկաներին ավելացել են «Քիմիան», «Ֆիզիկան», «Կենսաբանությունը», «Աշխարհագրությունը», «Հայոց պատմությունը» և «Ընդհանուր պատմությունը»: Թեսթերը կազմված են լինելու Ա և Բ մակարդակներից: Ա մակարդակը նախատեսված է դպրոցի ավարտական քննության համար, իսկ բուհական քննությանը մասնակցելու համար դիմորդը պարտավոր է կատարել Ա և Բ մակարդակների առաջադրանքները:
Այս տարի հանրաապետական դպրոցներում կան ավելի քան 47 հազար շրջանավարտներ: Արդեն շրջանառության մեջ են և դպրոցներին բաժանված են ավարտական ուղեցույցները: Փոխնախարարը տեղեկացրեց, որ ուղեցույցները շրջանավարտներին բաժանվում են անվճար:
Թվարկելով այս տարվա նորամուծությունները` փոխնախարարն ասաց, որ ԿԳ նախարարի հրամանով դեկտեմբերի 17,18,19-ին Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից 10 ավագ դպրոցներում, ինչպես նաև Վաղարշապատի բոլոր դպրոցներում կանցկացվի ընթացիկ գիտելիքի գնահատում: Այս անգամ, սակայն, ընթացիկ գնահատումն անցկացվելու է բոլոր դպրոցներում ինտերնետի միոցով: Հայտարարված ժամին թեսթը կտեղադրվի ԳԹԿ կայքում: «Սա նորույթ է, բայց ես հույս ունեմ, որ մոտակա մի քանի տարիներին սա կդառնա մեր ընթացիկ աշխատանքի ուղղություններից մեկը, և կկարողանանք այս պրոցեսը ներդնել ամբողջ հանրապետությունում»,-նշեց փոխնախարարը:
Գիտելիքի ընթացիկ գնահատումը կազմակերպվելու է 8-րդ և 10-րդ դասարաններում: Գարնանը կգնահատվեն նաև ավարտական` 9-րդ և 11-րդ դասարանի աշակերտների գիտելիքները: «Սրանով մենք կլրացնենք այն բացը, որ առաջանում էր աշակերտների համար: Նրանք գալիս էին հուլիս ամսին միասնական քննությունը հանձնելու առանց որևէ անգամ թեսթային առաջադրանքի հետ առնչվելու: Այս տարի առնվազն երկու անգամ այդ հնարավորությունը կստեղծվի»,-հավելեց Բագրատ Եսայանը:
Փոխնախարարը նաև նշեց, որ նախանցյալ և անցյալ տարիների քննությունները ցույց են տվել, որ «անգնահատելի են դրական փոփոխությունները այս համակարգում, այնքան շատ են ու այնքան էական, որ բանավիճելու տեղ չկա, չնայած դեռ կան թերություններ», որի վերացման ուղղությամբ աշխատում է ԿԳ նախարարությունը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանն ավելացրեց, որ ակտիվորեն սկսվել են վերապատրաստման դասընթացները: Որոշ դպրոցներ դիմել են ԳԹԿ-ին ուսուցիչներ վերապատրաստելու և աշակերտների համար փորձնական քննություններ անցկացնելու համար: Այդպիսի գործընթացները ԳԹԿ-ն կազմակերպում է անվճար, և արդեն մի քանի դպրոցներ դիմել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել