HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի խորհրդաժողովը Վրաստանում չի անցկացվի

Այսօր Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից նրանք այդպես էլ չեն ստացել որեւէ պաշտոնական պատասխան եւ ՀԱԿ-ի խորհրդաժողովը կառավարության նիստերի դահլիճում անցկացնելու իրենց դիմումը համարում են մերժված: Լ. Զուրաբյանը այս մերժման մեջ այնուամնեայնիվ ինչ-որ լավ բան է տեսնում. «Դուք գիտեք, որ մենք դեկտեմբերի 3-ին դիմել էինք 19-ին խորհրդաժողովն անցկացնելու համար եւ չգիտես ինչու 7-ի գործի դատավարությունը նշանակվել էր հենց այդ օրը, ուստի դա մեզ համար պրոբլեմներ պիտի ստեղծեր ու հիմա գոնե մեկ պրոբլեմ լուծվեց: Մենք կկարողանանք լիովին կենտրոնանալ 19-ի դատավարության վրա»: Լ. Զուրաբյանը ընթերցեց «7-ի գործի» կամ մայր գործի վերաբերյալ ՀԱԿ-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Գործի մեղադրական եզրակացությունը կազմվել է քրեադատավարական նորմերի բազմաթիվ խախտումներով, հիմնավորապես զուրկ է ապացուցողական հիմքից եւ ըստ էության կեղծիքների վրա հիմնված դատարկ հայտարարություն է: Ներկայիս ռեժիմը փորձում է սեփական հանցագործությունները ` իշխանության յուրացում եւ զանգվածային անկարգությունների կազմակերպումը բարդել ընդդիմության գործիչների վրա, որոնց միակ մեղավորությունն այն է, որ նրանք շարժման այլ աջակիցների հետ միասին փորձել են բողոքի օրինական ակցիաների միջոցով կանխել անօրինակականությունները եւ վերականգել սահմանադրական կարգը Հայաստանում»: Ըստ ՀԱԿ-ի այս գործով որպես մեղադրյալ անցնում է ամբողջ համաժողովրդական շարժումը եւ իրենք կոչ են անում բոլոր նրանց, ում համար թանկ է ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքներն ու ազատությունները, այդ արժեքների հաստատման համար որպես մեղադրյալ ընդգկվել եւ ներկա լինել դատավարությանը: Ավարտելով հայտարարության ընթերցումը Լ. Զուրաբյանը ասաց, որ իշխանությունները դեռ չգիտեն թե ինչ են կազմակերպել եւ այդ դատավարությունը ջարդվելու է իրենց գլխին, քանի որ բացահայտվելու են մարտի մեկի իրական կազմակերպիչները: Անդրադառնալով խորհրդաժողովին` Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք անպայման անելու են այն դեկտեմբերի 21-ին,22-ին կամ 23-ին, քանի որ միշտ էլ կգտնվի փոքր դահլիճ, որը չի գտնվում իշխանությունների վերահսկողության տակ: Ըստ Լ. Զուրաբյանի` փոքր դահլիճում անելու դեպքում իրենց մնում է միայն տեսագրել բոլոր ելույթները DVD-ի վրա աննախադեպ տպաքանակով եւ բաժանել ժողովրդին: ՀԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով` իրենք զուգահեռ շարունակելու են փնտրել մեծ դահլիճ: Հետքի այն հարցին` արդյոք դա նշանակում է, որ իրենք բացառում են խորհրդաժողովի անցկացումը Վրաստանում, ՀԱԿ-ի ներկայացուցիչը ասաց. «Դա մեզ համար արդեն երկրորդական տարբերակ է դարձել, մենք բազմաթիվ գործոններ ենք կշռադատում` քաղաքական ազդեցությունը, ծախսերը, տեխնիկական խնդիրները, ի վերջո, նաեւ այն, որ իշխանությունները շատ մանրախնդիր են եւ պատրաստ են ցանկացած քայլի՝ անգամ սահմանները փակելուն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter