Բյուջեի նախագիծը քննարկվում է նաեւ Ազգային ժողովից դուրս
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում եղրափակվեցին 2009թ. պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումները:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը նշեց այն կարծիքը, որ բյուջեի նախագծում կան որոշ տողեր, որոնք բացված տեսքով չեն ներկայացված: Ի պատասխան, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը խոստացավ շտկել բացը:
Դեկտեմբերի 18-20-ը պատգամավորները, մշտական հանձնաժողովները, խմբակցություններն իրենց առաջարկությունները գրավոր կներկայացնեն ԼՂՀ կառավարությանը: Ամսի 24-ին նախատեսվում է նախագծի առաջին ընթերցումը, իսկ 29-ին` քննարկումը եւ ընդունումը:
Ազգային ժողովում երկրի ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագծի քննարկմանը զուգահեռ Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի դահլիճում հանդիպում տեղի ունեցավ բուժաշխատողների, որոնց հիմնական մասը բուժքույրեր էին, եւ առողջապահության նախարարի ու Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, առողջապահության նախկին նախարար Զոյա Լազարյանի հետ, որը նախաձեռնել էր ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան: Ինչպես գրում է «Ազատ Արցախ» թերթը, ֆեդերացիայի ղեկավար Արա Ղահրամանյանի խոսքերով, հանդիպման առիթը ֆեդերացիայի հասցեով ստացված նամակ-բողոքներն են: Բուժաշխատողները դժգոհում են, որ առանց այդ էլ որոշակի տարբերություն կա բժշկի եւ միջին ու կրտսեր բուժանձնակազմի աշխատավարձերի միջեւ, եւ եթե աշխատավարձերը բարձրացնելիս նաեւ տոկոսային տարբերակում կա, ապա մեծ տարբերություն է առաջանում:
Հիշեցնենք, որ բյուջեի նախագծով նախատեսվում է բժիշկների աշխատավարձը բարձրացնել 50 տոկոսով, իսկ միջին բուժանձնակազմինը` 20 տոկոսով:
Հարցին անդրադարձել է նաեւ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը` Արցախի հանրային հեռուստատեսությանը կիրակի օրը տված հարցազրույցում: Նրա կարծիքով, բժիշկների աշխատավարձը շատ ավելի բարձր պիտի լինի հենց այն պատճառով, որ նրանք բուժհիմնարկների գլխավոր դերակատարներն են, իսկ բուժաշխատողների աշխատավարձի բարձրացումը շարունակական բնույթ կկրի եւ 2010 թվականից կընտրվի ավելի օպտիմալ տարբերակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել