HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացնում են Թեթեւ արդյունաբերության քոլեջի սաները...

Նարեկացի արվեստի միությունում Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի ուսանողներն այսօր ամփոփեցին տարին ցուցահանդեսի եւ զգեստների ցուցադրության միջոցով: Զգեստների ցուցադրությանը ուսանողները ներկայացրեցին ձեռքի աշխատանքներ ավանգարդ ոճում եւ ազգային տարազի մոտիվներով: Ալիսա Ազատյանը իր հավաքածուն ստեղծել է երիտասարդ հղի կանանց համար. «Հայաստանում հղի կանայք քայլում են մռայլ գույնի հագուստով, ես փորձել եմ ստեղծել վառ հավաքածու` օգտագործելով թիթեռների, մրգերի, ձկների պատկերներ ասեղնագործության ձեւով»: Էմմա Մարկոսյանը քոլեջի 4-րդ կուրսի ուսանողուհի է: Նա ներկայացավ հայկական տարազով, որը նույնպես ձեռքի աշխատանք է. «Մասնակցում եմ, որպեսզի հանդիսատեսի դատին ներկայացնեմ իմ աշխատանքը, ինձ համար շատ կարեւոր են արձագանքները»: Տաթեւիկ Մարտիրոսյանն էլ ներկայացավ տարազով. «Ձեռքի աշխատանք է` բատիկա բիազի վրա, նախշերը ներկել եմ սոխի կճեպով, սպասում եմ արձագանքների»: Հեղինեն 3-րդ կուրսի ուսանողուհի է, նա ցուցադրեց իր նոր հավաքածուն, որն անվանել է «ՎիվաՍել». «Շատ գոհ եմ այդ ընկերության մատուցած ծառայություններից եւ որակից, հավաքածուի միջոցով ցանկացել եմ արտահայտել իմ շնորհակալությունը որպես բաժանորդ»: Հավաքածուն ստեղծվել է երեք ամսում: Գեղանկարիչ Դոնարա Մաթոսյանը գոհ է ուսանողների աշխատանքից. «Շատ օրիգինալ հագուստներ են ստեղծել, անհատական մոտեցում են ցուցաբերել, ինչը ողջունելի է»: Ուսանողները ներկայացրեցին նկարներ գեղանկարչություն եւ գրաֆիկա ոճերում: Աղավնի Պետրոսյանի ներկայացրած շարքը մարդու մասին է. «Փորձել եմ ներկայացնել մարդու էությունը, կան նկարներ, որոնք շատերի համար անհասկանալի են, օրինակ` «Ժամանակի ստվերը», որը ներկայացնում է մարդուն գլոբալ ժամանակի մեջ, նաեւ նրա կյանքի տեւողությունը»: Լիլիթ եւ Ալիսա Ազատյանները քույրեր են, սակայն աշխատում են տարբեր ոճերում. «Լիլիթի մոտ շատ լավ են ստացվում վիտրաժները, հետաքրքիր մտածողություն ունի, իսկ Ալիսան ներկայացնում է գրաֆիկական աշխատանքներ: Երկուսն էլ որոնումների մեջ են, սակայն առաջընթաց կա: Նկարներում արտահայտված են նրանց պատկերացումները»,- ասում է աղջիկների հայրը` գեղանկարիչ Աշոտ Ազատյանը: Ալիսան ասում է, որ նկարները ստեղծվել են հոգեկան տարբեր վիճակներում, սակայն գերակշռում է տխրությունը. «Կան նաեւ աշխատանքներ, որոնք ուրախ տրամադրությամբ եմ արել, սակայն տխուր են ստացվել»: Լիլիթն էլ փորձել է ինքնանկար անել. «Շատ եմ սիրում հատկապես այդ գործը, փորձել եմ ինքս ինձ նկարել, բայց ընթացքում փոփոխության ենթարկվեց նկարը»: Ուսանողների աշխատանքներից գոհ էին նաեւ հավաքվածները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter