Կոռուպցիան նավազեցնելու համար պետք է պայքարել հասարակության հարմարվողականության դեմ
«Պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպված քննարկման մասնակիցները ամփոփեցին իրենց մեկօրյա աշխատանքի արդյունքները:
Կոռուպցիոն ռիսկերը համայնքային մակարդակում նվազեցնելու համար աշխատանքային առաջին խումբը ներկայացրեց առաջարկներ, որոնք ամփոփեց խմբի համակարգող Սառա Պետրոսյանը («Հետաքննող լրագրողներ հ/կ»): Ս. Պետրոսյանը նշում է, որ ՏԻՄ-երը 12 տարի է, ինչ ձեւավորվել են, բայց բարեփոխումներ այդ ոլորտում չեն իրականացվել. «Մինչեւ այսօր ՏԻՄ-երը դիտվել են մի օղակ, որոնք պետք է ընտրություններ կազմակերպեն, ինչը օրենսդրությամբ արգելվում է: Բնակչությունը այսպիսով չի կարողանում լուծել իր խնդիրները եւ բախման մեջ է մտնում ՏԻՄ-երի հետ»: Որպեսզի քաղաքացին խուսափի այս խնդիրներից, խումբն առաջարկում է կիրառելի դարձնել օրենքները, հանրությանը տեղյակ պահել իրենց իրավունքների մասին. «Բնակչությունը տեղյակ չէ, թե ինչ լիազորություններ ունի համայնքապետը, տեղյակ չէ համայնքային բյուջեին»: Առաջարկվեց կայացնել ավագանու ինստիտուտը, հստակեցնել համայնքապետի պարտականությունները եւ իրավունքները, ապահովել բնակչություն-ՏԻՄ կապը. «Այս նպատակով կարելի է օգտագործել մարզային լրատվամիջոցները, բնակչության համար մատչելի հաշվետվություններ հրապարակել, մամուլի ասուլիսներ կազմակերպել, ինչը թույլ կտա ՏԻՄ-ին բնակչության համար ներկայանալ ոչ միայն որպես տեղեկանք տվող»: Առաջարկվեց նաեւ վերացնել մարզպետարանը՝ որպես կառույց, որը թույլ կտա ՏԻՄ-երին ինքնուրույն զարգանալ: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման խոչընդոտները վերացնելու համար աշխատանքային երկրորդ խումբը ներկայացրեց մի քանի առաջարկներ: Նախ` ձեւավորել բաց աշխատելու մշակույթ, քանի որ հատկապես մարզերում այդ մշակույթը բացարձակապես բացակայում է: «Պաշտոնյաները չեն հասկանում, որ բաց աշխատելու դեպքում իրենք կշահեն»,- ասաց Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շ. Դոյդոյանը: Այնուհետեւ խումբը կարեւորեց հանրային պահանջարկի ձեւավորումը. եթե շատ մարդիկ անհանգստացնեն պետական մարմիններին, ապա տեղեկատվությունը պարբերաբար կհրապարակվի: Երրորդ առաջարկն է՝ անհատական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, ովքեր խախտում են տեղեկատվություն ստանալու իրավունքը: Չորրորդ առաջարկը ուսուցումներն են. «Օրենքը կիրառողին պետք է բացատրել օրենքով սահմանված իր պարտականությունները, իսկ օրենքը օգտագործողներին` օրենքի օգտագործման կարեւորությունը, որպեսզի օգտագործեն իրենց իրավունքները»: Ըստ Շ. Դոյդոյանի` այս իրավունքը բանալի է մյուս բոլոր իրավունքները պաշտպանելու համար. «Ունեցար ինֆորմացիա` կարող ես օգտվել քո իրավունքներից: Այսինքն՝ պետք է գովազդվի այս իրավունքը, որպեսզի մարդը տեղեկացված լինի»: Երրորդ խումբը մատնանշեց ելքեր դատաիրավական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Խումբն առաջարկեց կատարել մշտական վերահսկողություն, ապահովել դատական ակտերի մատչելիությունը, նաեւ վերահսկել արդարադատության խորհրդի գործունեությունը: ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ թյուր կարծիք կա, թե դատաիրավական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հնարավոր է հասնել` բարձրացնելով դատավորների աշխատավարձը, ինչը քննարկվեց ԱԺ-ում եւ ընդունվեց: Աշխատանքային չորրորդ խումբը քննարկեց «Կոռուպցիայի մշակույթը Հայաստանում» թեման եւ առաջարկեց պայքարել հասարակության հարմարվողականության դեմ: Խումբն առաջարկեց աշխատել մարդկանց հետ, տեղեկացնել նրանց, գովազդել դրական օրինակները: Աշխատանքային հինգերորդ խումբը ներկայացրեց առաջարկներ «Մարդու իրավունքները եւ կոռուպցիան» խնդրի շրջանակներում: Աշխատանքները համակարգող Արթուր Սաքունցը ներկայացրեց խմբի առաջարկները: Սկզբունքային առաջարկ է, ըստ խմբի, ապահովել իրազեկության նվազագույն մակարդակը, այնուհետեւ իրականացնել մշտական մոնիտորինգ, որի հիման վրա կառաջարկվեն համապատասխան ելքեր: Խումբն առաջարկեց բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում, քանի որ դասագրքերը, ըստ մասնակիցների, մատչելի չեն, նաեւ` չի բավարարում դասավանդման մեթոդիկան:
Մասնակիցները կարեւորեցին համագործակցությունը ԱԺ պատգամավորների եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: 6-րդ խմբի աշխատանքները համակարգող Ամալյա Կոստանյանը նույնպես ամփոփեց առաջարկները. «Մեր խումբը երեք առաջարկ ներկայացրեց` իրազեկում, կրթություն, ուժերի մոբիլիզացում:
Դպրոցներում պետք է հանդիպել, կիսվել դրական փորձով: Պետք է քաղաքացիներին ցույց տալ շահերը պաշտպանելու մեխանիզմները, պետք է մոբիլիզացնել քաղաքացիների ուժերը, քանի որ այսօր շատերը վախենում են փողոց դուրս գալ կամ նամակի տակ ստորագրել»: «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Գեւորգ Տեր-Գաբրիելյանը գտնում է, որ աշխատանքային խմբերում ծավալված քննարկումները թույլ տվեցին «չափել կոռուպցիայի ջերմաստիճանը»: Նա կարեւորեց, որ հավաքվածները անհնարին են համարում կոռուպցիայի հետ համակերպվելու գաղափարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել