Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը
Արդեն որերորդ անգամ, ճիշտն ասած` հաշիվը կորցրել եմ, Դուք, պարոն դատավոր, կոպտորեն խախտում եք չկատարած հանցանքի մեջ հանիրավի ամբաստանվողիս քրեադատավարական ու սահմանադրական իրավունքները, անտեսում ու մերժում եք իմ ու իմ պաշտպանների գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության շահերից բխող բոլոր միջնորդությունները, առանց որևէ լուրջ պատճառաբանության ու հիմնավորման:
Դուք այդպես էլ չանսացիք, դեռևս առաջին նիստերում, Ձեզ ուղղված իմ դիմումներին ու պահանջներին` լինել անաչառ ու անկողմանակալ, գործի ելքով չշահագրգռված օբյեկտիվ արբիտրի դեր ստանձնել մեղադրանքի ու պաշտպանության կողմերի միջև: Ձեզանից ակնկալվում էր, Ձեր իսկ երդմամբ, դատավորի պատմուճանը կամավոր ստանձնած պաշտոնյայի անմիջական պարտականությունների պատշաճ կատարում և ոչ ավելին:
Եվ քանի որ Դուք չքողարկվող հեգնանքով եք վերաբերվում "Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին" Եվրոպական կոնվենցիայի դրույթների ու նաև Եվրոպական դատարանի նախադեպային վճիռների, իմ ու իմ պաշտպանների ցանկացած հիշատակմանն ու վկայակոչմանը, իսկ գործող քրեադատավարական օրենսդրության դրույթները, ուղղակի չտեսնելու եք տալիս կամ լավագույն դեպքում մեկնաբանում ըստ նպատակահարմարության, պարտադրված եմ ևս մեկ անգամ Ձեզ հիշեցնել մեր հիմնական օրենքի ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթները, թաքուն հույս փայփայելով, թե այս անգամ գուցե ականջալուր կլինեք եթե ոչ Ջհանգիրյանի, ապա ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Մեր հիմնական օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է` "յուրաքանչյուր ոք ունի իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք" (խնդրին չվերաբերվող մասերը չեմ վկայակոչել):
Մինչդեռ այս դատավարությունում մենք առավել շատ պայքարում ենք ոչ այնքան մեղադրանքի կողմի, որքան մեր համար Սահմանադրությամբ երաշխավորված "անաչառ ու անկողմնակալ" դատարանի դեմ:
Պարոն Վարդանյան, Դուք մոռացել եք, որ առնվազն քրեական դատական վարույթը, լիարժեք մրցակցային է և Դուք, որպես ՀՀ երրորդ Հանրապետության դատարան, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վեր եք դասված կողմերի դատավարական շահերից ու խնդիրներից: Ձեր իմացած մեղադրական ինկվիզիցիոն դատարանն ու դատավարությունը անփառունակ Վիշինսկու ու Մուղդուսու հետ վաղուց մոռացության գիրկն են անցել:
Ուստի, գուցե վերջին դիմումն եմ անում Ձեզ, ևս մի ճիգ գործադրեք, ևս մի փորձ ձեռնարկեք, Ձեր մեջ համարձակություն ու ուժ գտեք, ի վերջո, սահմանազատվեք մեղադրանքի կողմից: Նման դատավարությամբ հերթական անգամ մի թաղեք հայկական արդարադատությունը: Ձեր` դատավորի, ՀՀ քաղաքացու, ծնողի ու պապիկի պատիվն ու արժանապատվությունը մի փոխարինեք ապահով ծերության սին պատրանքներով:
Շնորհակալություն:
15.12.2008թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել